ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում դրվագներ է հրապարակել Վիլնյուսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանից։
«Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը պաշտպանելը մեր առաջնահերթություններից է, սակայն մենք պետք է իմանանք, որ քայլում ենք ականապատ դաշտով, որում պետք է չափազանց զգույշ եւ շրջահայաց լինենք: Այդ դաշտը միշտ էլ ականապատ է եղել, այլ բան, որ ականների խտությունն ավելանում է, ու դա հենց տեսանք նախորդ տարվա աշնանը։ Ցավոք, պատերազմը մեզ համար ունեցավ դժվար, նույնիսկ աղետալի ընթացք, բայց նաեւ Հայաստանը, հայությունը, Արցախի ժողովուրդը ցույց են տալիս բացառիկ դիմակայունություն եւ դա շատ կարեւոր է:
Մեզ պետք է ուժերի գերլարում՝ մեր առաջ դրված խնդիրները լուծելու համար, եւ դրա գագաթանակետը ես ձևակերպում եմ որպես խաղաղ զարգացման դարաշրջան բացելու անհրաժեշտություն ու հրամայական»: