ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, Արմավիրի քաղաքապետի, հանրապետական գործադիր մարմինների մարզային կառուցների ղեկավարների, Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուների հետ այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Արմավիրի ուսումնական զորամաս, ներկա գտնվել զորամասի նախկին հրամանատար, Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված խաչքարի բացմանն ու լսարանի անվանակոչմանը:
Ողջունելով հիշատակի միջոցառման մասնակիցներին և մեծ պատիվ համարելով օրվա կապակցությամբ զորամասում իր գտնվելը՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ պատահական չէ խաչքարի տեղակայման վայրը, քանի որ Արմավիրի մարզն ու ուսումնական զորամասը անչափ հարազատ են եղել Վահագն Ասատրյանի համար:
«Զորամաս գալու ճանապարհին ինձ մոտ տպավորություն էր, որ ճանաչել եմ Վահագնին: Սակայն այդ հնարավորությունը չեմ ունեցել: Իմ տպավորությունները գեներացվել են զորամաս կատարած այցերի ընթացքում հրամանատարական կազմի հետ ունեցած քննարկումների ժամանակ, երբ ներկայացվել է հրամանատարի ուրույն դերը զորամասի կայացման ու հզորացման գործում:
Կարդացեք նաև
Տարիներ շարունակ նա այս վայրում կրթել ու իր օրինակով դաստիարակել է Հայոց հող ու ջրին արժանի զինվորներ, ովքեր այնուհետև իրենց ծառայությունը շարունակել են հանրապետության տարբեր զորմասերում:
Իր բարի համբավն ու փառքը չի սահմանափակվում այս զորամասի պատերի ներսում կամ Արմավիրի մարզում, այլ շարունակվում է Զինված ուժերում հայրենանվեր ծառայությամբ և Արցախյան 44-օրյա պատերազմում մեծ դերակատարմամբ: Նա մինչև չարաբաստիկ պահը, պատերազմի ողջ ընթացքում մասնակցել է կարևորագույն մարտական գործողությունների՝ հավատարիմ մնալով սպայի կոչմանն ու հայրական սիրով կանգնած լինելով բոլոր զինվորների կողքին»,- իր խոսքում նշել է մարզպետը՝ խոնարհում հայտնելով անվանի հրամանատարի հիշատակին:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Արմավիրի ուսումնական զորամասի նախկին հրամանատար Վահագն Ասատրյանի հիշատակը հավերժացնող խաչքարի օծումը կատարել է Արմավիրի թեմակալ առաջնորդը, իսկ նրա անվամբ անվանակոչված լսարանի դռները բացել են որդիները:
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ