Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Ադրբեջանի ղեկավարության մոտ նահանջող կոշտություն է նկատում

Հոկտեմբեր 03,2021 22:14

«Ես վստահ եմ, որ բոլոր պարագաներում, վերջում մեզ համար լինելու է շատ թե քիչ ընդունելի տարբերակ»,- «Հանրապետականներ. շարունակական բարեփոխումներ» թեմայով համաժողովի «Հետպատերազմյան Հայաստան. Ի՞նչ քայլեր ձեռնարկել» պանելային քննարկման հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ է լինելու սրա վերջը:

Նախագահը հավելել է՝ երբ ասում ենք, որ մենք պատերազմ չենք ուզում, դա չի նշանակում, որ երբ գան մեզ մորթելու, խնդրելու ենք՝ մի մասին մորթել, մյուս մասին խնայել: Ըստ Սերժ Սարգսյանի, երբ դու պաշտպանվում ես, դա պատերազմ չէ, այլ այդպիսով կտրում ես քո ժողովրդի վրա բարձրացրած ձեռքը: Նա վստահ է, որ եթե նման անհրաժեշտություն լինի, բոլորն էլ ոտքի կկանգնեն, բայց ցանկալի չի համարում եւ չի էլ կարծում, որ այդպես կլինի: Սերժ Սարգսյանը չի կարծում, որ հաջորդ պատերազմի հավանականությունը մեծ է, այն էլ մոտ ապագայում: Միաժամանակ, ներկայիս զարգացումներն էլ, ըստ պաշտոնաթող նախագահի, խաղաղության նման չեն, բայց այդ խնդիրները մեզ չպետք է վախեցնեն, մենք պայքարելու ենք, եւ եթե պայքարի այլ ճանապարհ չլինի՝ պայքարի այլ ձեւեր ենք օգտագործելու:

Ավելի ուշ Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին. «Մինսկի խումբն, իհարկե, գործում է, համենայնդեպս նրա չեղարկման մասին որեւէ որոշում չի եղել: Միանշանակ համոզված եմ, որ այո, Մինսկի խմբի շրջանակներում կվերսկսվեն բանակցությունները եւ դրա համար հիմք է հանդիսանում Ադրբեջանի ղեկավարության նահանջող կոշտությունը: Հիշում ենք` համանախագահները եկել էին, Ալիեւը կոպիտ իրենց ասեց` է, եկել եք, ընդունել եմ, բայց ինձ համար մեկ է, գաք, չգաք… մոտավորապես էս կոնտեքստում, կամաց-կամաց սկսեց խոսել, հիմա էլ ասում է, որ ինքը պատրաստ է հանդիպումների, անպայման կլինի: Բայց դա երաշխիք չի, որ Մինսկի խումբը  կլուծի մեր հարցը, եթե մենք իներտ լինենք, եթե մենք պահանջատեր չլինենք, եթե մենք չկարողանանք եւս մեկ անգամ մարդկանց համոզել, որ անհնար է Ղարաբաղի հայերի գոյությունը Ադրբեջանի կազմում»:

Ըստ Սերժ Սարգսյանի, իր ասածի ապացուցման պրոցեսն անընդհատ պետք է լինի, սակայն իշխանությունների բազմաթիվ հայտարարություններ, որոնք ուղղակի ջուր են լցրել թշնամու ջրաղացին, ազդում են դրա վրա. «Եվ գերիների հետ վարվելու մասին, իբր ադրբեջանական տարածքների մասին եւ այլն … մի տեսակ այսպես հրաժարվելը Արցախի Հանրապետությունից»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031