Եվ այսպես, ղափամա պատրաստելու ամենալավ ժամանակն է, և ոչ միայն այն պատճառով, որ շուկաներում ու մրգի խանութներում ամենուր մեզ են ժպտում աշնան արևի քաղցրության մասին պատմող կլորիկ, տռզած դդումները, այլ քանի որ ղափաման դդմից սերմերը «գողանալու» ամենահամեղ առիթն է, իսկ եթե հատուկ առիթ չեք փնտրում, ապա դդմի սերմերը կարելի է գնել խանութից՝ կարևորը թարմ լինեն ու հոգ չէ, թե տարվա որ եղանակն է, քանի որ այդ փոքրիկ կորիզների համար ծախսված գումարը նշանակալի ներդրում է առողջության համար։
Դդմի սերմերը սննդարար նյութերի գանձատուփ են, և այս խոսքերն ամենևին էլ վերամբարձ չեն հնչում, քանի որ այդ փոքրիկ հատիկներում պարունակվում են այնքան սննդանյութեր, որ երբեմն զարմանալի է թվում, թե ինչպես են դրանք այդտեղ տեղավորվում։
Դդմի սերմերը հարուստ են ամենատարբեր հանքանյութերով՝ մագնեզիումից մինչև պղինձ, սպիտակուցներով, բուսական միացություններով՝ ֆիտոստերոլներով ու հակաօքսիդանտներով, մեծ քանակությամբ բջջանյութով և այլ արժեքավոր սննդանյութերով։
Դդմի սերմերի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ դրանք շատ փոքր ծավալ ունեն ու թեթև են, և շատ հարմար տարբերակ են, օրինակ, «ոտքի վրա» քաղցը հագեցնելու և օրգանիզմը սննդանյութերով հարստացնելու համար, երբ չկա նորմալ սնունդ ընդունելու ժամանակ կամ հնարավորություն։
Կարդացեք նաև
Մեկ քառորդ բաժակ դդմի սերմերը մագնեզիումի օրական նորմայի գրեթե կեսն են պարունակում։ Ինչպես հայտնի է, մագնեզիումը մասնակցում է օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող այնպիսի գործընթացներում, ինչպիսիք են մեր օրգանիզմն էներգիայով ապահովող միացության՝ ադենոզինեռֆոսֆատի արտադրությանը, ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի սինթեզը, սիրտանոթային համակարգի աշխատանքը, ոսկորների ու ատամների ձևավորումը, աղիների կանոնավոր աշխատանքը։ Մագնեզիումը դրական է ազդում զարկերակային ճնշման վրա՝ օգնելով կանխարգելել սրտի հանկարծակի կանգը, կաթվածը։
Դդմի սերմերը ցինկի հարուստ աղբյուր են (30 գ դդմի սերմերը պարունակում են 2 մգ ցինկ)։ Ցինկն օրգանիզմի համար կարևոր նշանակություն ունի, քանի որ հոգում է իմունիտետի առողջության մասին, մասնակցում բջիջների աճի ու բաժանման գործընթացներին, պատասխանատու է համի, հոտի զգացողության, աչքերի ու մաշկի վիճակի, ինսուլինի կարգավորման, տղամարդկանց սեռական գործառույթի համար։
Հնուց ի վեր դդմի սերմերը օգտագործվել են տղամարդկանց առողջությունը խթանելու համար։ Ցինկի բարձր պարունակության շնորհիվ այս հանքանյութը շատ կարևոր է շագանակագեղձի առողջության համար, ի դեպ ցինկը տղամարդկանց օրգանիզմում մեծ քանակով կենտրոնացված է հենց շագանակագեղձում։
Ցինկի անբավարարության նշան է գրիպով ու հարբուխով հաճախակի հիվանդանալը, քրոնիկական հոգնածությունը, դեպրեսիան, ակնեն, նորածինների ցածր քաշը, երեխաների մոտ սովորելու հետ կապված խնդիրները։
Հում ընդեղենն ու դդմի սերմերը բուսական ծագում ունեցող օմեգա-3 ճարպաթթուների հիանալի աղբյուր են։
Հետազոտությունները ցույց են տվել, որ դդմի սերմերն օգնում են կարգավորել ինսուլինի արտադրությունը և թեթևացնել դիաբետի հետ կապված բարդացումները՝ օքսիդացման սթրեսը նվազեցնելու ունակության շնորհիվ։
Դդմի սերմերի յուղը հարուստ է բնական ֆիտոէստրոգեններով, որոնք օգնում են բարձրացնել օրգանիզմում լավ խոլեսթերինի մակարդակը, իջեցնել զարկերակային ճնշումը։ Հետազոտությունները փաստում են, որ դդմի սերմերի յուղը կարող է օգտակար լինել դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց համար, քանի որ նպաստում է դաշտանադադարի շրջանին բնորոշ ախտանշանների՝ գլխացավերի, հոդացավերի թեթևացմանը և այլն։
Դդմի սերմերը տրիպտոֆանի հարուստ աղբյուր են։ Այս ամինաթթուն օրգանիզմում վերածվում է սերոտոնինի, որն էլ իր հերթին վերածվում է մելատոնինի՝ «քնի հորմոնի»։ Ահա թե ինչու է խորհուրդ տրվում քնելուց մի քանի ժամ առաջ դդմի սերմեր ուտել այն մարդկանց, որոնք ունեն անքնության հետ կապված խնդիրներ։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ