Հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվեց գիտության փառատոն։ Երեխաները զբոսնում էին ապագայի աշխարհ Atom-city-ում։
Փառատոնի ժամանակ անցկացվեցին հետաքրքիր գիտական փորձեր և հետաքրքրաշարժ ուղևորություններ ժամանակակից տեխնոլոգիաների և տիեզերքի աշխարհ։ Տեղադրվել էին տարբեր տաղավարներ՝ հոսանքի ստեղծման, ռոբոտների ստեղծման, քիմիական և կենսաբանական փորձերի համար։ Այս միջոցառման նպատակը երեխաների՝ գիտական փորձերի հեշտ ընկալումն էր։ Երեխաները ամեն տաղավարին մոտենալուց և խաղեր խաղալուց հետո ստանում էին խաղանիշեր։
Այնուհետև մոտենում էին նվերների տաղավարին և ըստ խաղանիշերի քանակի ստանում նվերներ՝ գրիչ, նոթատետր, լիցքավորիչ և այլ իրեր։ Նաև հնարավորություն ունեին նամակ գրել իրենք իրենց, գցել փոստարկղ և այդ նամակը կարդալ ապագայում՝ հաջորդ փառատոնին։ Համալսարանի դիմաց կանգնած էր տիեզերագնացի հագուստով մարդ, ում հետ բոլոր երեխաները լուսանկարվում էին։
Տաղավարներից մեկում «Այբ» կրթական հիմնադրամից երկու պատանիներ օծանելիքի սրվակը սկզբում ներկեցին կարմիր գույնով, այնուհետև ինչ-որ նյութ լցրին սրվակի մեջ։ Վերցրին երկու թուղթ, որից մեկը մշակեցին այդ նյութով, իսկ մյուսը՝ ոչ։ Մշակված թուղթը պահեցին կրակի վրա և այն չայրվեց։ Այնուհետև իմացանք՝ այդ նյութը կարելի է օգտագործել թանկարժեք գրքերի և գումարների վրա։
Այդ տաղավարի դիմաց ռոբոտաշինության տաղավարն էր։ Սեղանի վրա փակցված էր տիեզերքի նկար, որի վրա «Mind center»-ի ուսանողներից մեկը կատարում էր ռոբոտներով փորձ։ Հետագայում պարզեցինք՝ յուրաքանչյուր ռոբոտ ուներ իր անունը։ Նրանք ծրագրավորված էին և կատարում էին հատուկ գործողություններ։
Գիտության փառատոնի ընթացքում կայացան նաև վիկտորինաներ և ինտելեկտուալ խաղեր։
Լիանա ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ