Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարատը 3 անգամ դուրս է եկել շրջափակումից, զոհվել հրամանատարին օգնելիս․ Ռուբենն անմահացել է ընկերների կյանքը փրկելիս»

Հոկտեմբեր 02,2021 19:07

Նուբարաշենի խճուղում գտնվող թաղամասերից մեկում այսօր բացվեց 2020թ․-ի պատերազմում հերոսացած 8 հայորդիների՝ Ռուբեն Համբարձումյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Գրիգոր Հարությունյանի, Մարատ Մանուկյանի, Նարեկ Գեւորգյանի, Կարեն Բաբայանի, Հայկ Վարդանյանի, Դավիթ Վիրաբյանի հիշատակին նվիրված հուշարձանը։

Մարատ Մանուկյանը հետախույզ էր․ 2020թ․-ի մարտական գործողություններին մասնակցել է Ջրականում եւ Հադրութում․ երեք անգամ շրջափակումից կարողացել է դուրս գալ։ Զոհվել է մարտական առաջադրանք կատարելիս՝ հրամանատարական կազմին ցուցաբերած օգնության ժամանակ։ «Չեմ զրուցել այդ ընթացքում իր հետ։ Մարմինս դող էր ընկնում, չէի կարողանում։ Հայրիկին էր միայն զանգում։ Միայն ասել եմ՝ «մեռնեմ ձայնիդ»․․․օրերով լուր չենք ունեցել, պատերազմի օրերին դա սահմանափակ էր»,-լրագրողների հետ զրույցում պատմեց Մարատ Մանուկյանի մայրը՝ Սվետլանա Մանուկյանը։

Նրա խոսքով՝ հոկտեմբերին տեղեկացրել են, որ Մարատը վիրավոր է․ հասել են Խնձորեսկ եւ իմացել, որ նրա հրամանատարը հուղարկավորվել է․ «Այդտեղ խուճապի մատնվեցի։ Մտածեցի, որ ինչ-որ բան Մարատի հետ էլ այն չի․․․Մարատը հեռախոսով պատմում էր, որ ամեն ինչ լավ է, որ չանհանգստանանք։ Երբ մի անգամ բարձրախոսով խոսում էինք, հարցրինք՝ դուր եկա՞վ այն ամենը, ինչն աղջիկները նամակներով ուղարկում են զինվորներին։ Ասաց՝ այո։ Մի անգամ չասաց՝ «հասեք ինձ փրկեք»․․․հոկտեմբերի 15-ին նրա հոգեհանգիստն էր։ Կուզեի՝ ոչ մի տեղ ոչ մի հուշաքար չլիներ․․․մեր սերնդի հետ չպետք է նման բան լիներ, ոչ մի մայր չպետք է արցունք թափեր»։

Ռուբեն Համբարձումյանն էլ մի անգամ չէ, որ ծառայության ընթացքում աչքի էր ընկել․ վիրավորվել է հոկտեմբերին եւ կարճ ժամանակ անց պահանջել, որ վերադառնա ծառայության։

«Մենք տեղյակ չէինք այդ մասին։ Զոհվեց հոկտեմբերի 22-ին՝ փրկելով ընկերների կյանքը։ Վիրավոր վիճակում նրանց դուրս է  բերել մարտի դաշտից եւ շարունակել։ Ճշգրտությամբ թիրախներ է խոցել։ Զոհվել է ավիառումբի հարվածից՝ մնալով հողի տակ»,-պատմեց Ռուբեն Համբարձումյանի մայրը՝ Աննա Համբարձումյանը։ «Ընկերները շատ են պատմել Ռուբենի հերոսություններից։ Ցավոք, այդ ամենն ավարտվեց նրա զոհվելով»,-հավելեց մայրը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031