Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անապատ-2» ՀԷԿ-ի գործադիր տնօրեն Եգոր Փարսյանը «Շանթ դաշինք» կուսակցության ցուցակով առաջադրվել է Տաթեւում

Հոկտեմբեր 02,2021 18:25

Հոկտեմբերի 17-ին Տաթեւ համայնքի ավագանու համամասնական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը։ Ցուցակում 18 թեկնածու է, ցուցակը գլխավորում է  պահեստազորի սպա Սամվել Լալայանը։

4-րդ հորիզոնականում «Անապատ-2» ՀԷԿ-ի գործադիր տնօրեն Եգոր Փարսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ չնայած համայնքի բնակավայրերում ապրողները ճանաչում են իրենց թեկնածուներին, բայց նախընտրական ակտիվ քարոզարշավ են սկսել՝ հանդիպելով  ընտրողների հետ։

«Կապ չունի, որ ապրում ենք նույն համայնքում, գիտենք հարցերը, դժգոհությունները, բայց հանդիպումները օգնում են համայնքային նոր խնդիրներ բացահայտել»,-ասում է Եգոր Փարսյանը։ Վերջինս համոզված է՝ տնօրեն լինելը չի խանգարի ավագանու անդամի գործառույթներին։  «Խանգարելը չգիտեմ, բայց  ներդրումային ծրագրերի մասով գուցե եւ օգտակար լինի համատեղելը»,-նշում է «Շանթ դաշինքի» թեկնածուն։

Կոմբայնավարից է սկսել աշխատանքային գործունեությունը՝ հասնելով իր սեփական բիզնեսին։ Մասնակցել է արցախյան բոլոր պատերազմներին, վերջին՝ 44-օրյա պատերազմին իր երեք որդիների հետ է մասնակցել։ Մեր այն դիտարկմանը, թե պաշտոնաթող սպան կկարողանա համայնք ղեկավարել, չէ՞ որ պատերազմի դաշտն ուրիշ է, այնտեղ ուրիշ կանոններ են։

«Չգիտեմ, որտեղից այդ թյուր կարծիքը, առաջին մարդը չես, որ այդպես ես մտածում։ Պատերազմի բովով անցածներս ավելի շատ գիտենք ինչ է պետք համայնքին։ Կամ ով է ասել պատերազմն ավարտվե՞լ է։ Մեր կարգախոսն է ՝ միասին դեպի անվտանգ եւ համերաշխ համայնք։ Նույնիսկ նախընտրական ծրագրում անվտանգության որոշ դրույթներ ենք ներառել»,-ասում է Փարսյանը։ Կես կատակ – կես լուրջ ասում է՝  «Սամվելը  կռված, ես՝ կռված, գյուղում ապրած, մեծացած, էլ ում պիտի ընտրեն, եթե ոչ «Շանթ դաշինքին»։

Տաթեւում արշալույսները խաղաղ չեն։ Նախկին համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված, համայնքի նոր պաշտոնակատարը աշխատանքից ազատել է նախկին համայնքապետի մտերիմներին։ «Մենք կկարողանանք հարթել միջհամայնքային լարվածությունները, բա ինչի՞ համար եմ առաջադրվել»,-ասում է  Եգոր Փարսյանը։

Շինուհայրում, որտեղ ապրում է Եգոր Փարսյանը, նրան  բնութագրում եմ որպես աշխատավոր, բոլորին հասնող մարդ։ «Մեր շենի խաղաղության աղավնին է, որտեղ միջադեպ է լինում, հասնում է։ Նորմալ ընտանիք, տղերքը բոլորին էլ գյուղին նվիրված»,-ասում է Տաթեւ համայնքի բնակիչ  Օնիկ Կարապետյանը։ Վերջինս չգիտեր, որ Եգոր Փարսյանը «ուզում է գյուղապետ ընտրվել»։ Բացատրեցինք նոր ընտրակարգը, որ էլ գյուղապետ չեն ընտրելու, այլ ավագանի, որը համայնքապետի հետ կառավարելու է գյուղը։ «Չգիտեմ, ով ում է կառավարելու, բայց որ Եգորին չընտրենք , ուրիշ ո՞ւմ պիտի ընտրենք»,-ասում է մեր զրուցակիցը։ «Շանթ դաշինք» կուսակցության մասին չի լսել։ «Դե որ ասում ես Եգորն ու Սամվելը էդ կուսակցությունից են, ուրեմն արդեն լավ է»,-ասում է Օնիկ Կարապետյանը։

Ի դեպ, «Շանթ դաշինքի» հետ  Տաթեւ համայնքում ուժերը  չափելու են «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները։ Իշխող ուժի ցուցակը գլխավորում է համայնքապետի պաշտոնակատար Արթուր Մաթեւոսյանը, իսկ Մանե Թանդիլյանի կուսակցության ցուցակը՝ ոչ մի տեղ չաշխատող Մարատ Գերասիմյանը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարները՝ Եգոր Փարսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031