Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիտի ունենանք էնպիսի իշխանություն, որ չվախենա Վլադիմիր Պուտինի տրամադրությունը գցի». Տիգրան Ուրիխանյան

Հոկտեմբեր 02,2021 17:33

«Երեք ամսից մի փոքր ավել առաջ տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Ընտրողներին հիմա երևի տեղին է հարց տալ՝ լա՞վ եք, ի՞նչ կա, պատվաստվե՞լ եք, թուրքի հարցը լուծվե՞ց, սահմաններից դուրս եկա՞ն, Ռուսաստանը կատարե՞ց իր պարտավորությունները, շարունակո՞ւմ է ապահովել մեր անվտանգությունը, խաղա՞ղ եք, ամեն ինչ նորմա՞լ է, բենզինի գինը ոչի՞նչ, մի քիչ թանկացավ, հետո մի քիչ էլ թանկացավ, որ դեղերը 40-50 տոկոսով են թանկացել, որ օր օրի ցնցվում եք կադրային քաղաքականությունից, որոշումներից, որ 3-5-10 օր չեք կարողանում պլանավորել ձեր կյանքը, լա՞վ է, որ խորհրդարանում ձևավորել եք իշխանություն ու նախկին իշխանություն, լա՞վ եք, ո՞նց ա, որ անհամբեր սպասում էիք առաջին երեք ամսվա ընթացքում անմիջապես թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պիտի սկսեր լուծել մարդկանց սոցիալական խնդիրները»,- «Ալյանս» կուսակցության համագումարում այսօր այսպես սկսեց իր խոսքը կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը։

Այսօր տեղի ունեցած համագումարում «Ալյանս»-ին միացավ նաեւ գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ համագործակցում էր ՀԴԿ-ի հետ, իսկ Տիգրան Ուրիխանյանը՝ Ռուսաստանում բնակվող մեծահարուստ հայ Արա Աբրահամյանի հետ, սակայն ընտրություններից հետո երկուսն էլ իրեն նախկին դաշնակիցներից հեռացել։

«Օրինակ՝ մի հատ օրենք բերեին, որով թոշակառուների թոշակը մի երկու անգամ մի հարյուր տոկոսով պիտի բարձրացնեին. սպասում ենք, ոնց որ չի արվում, սպասում ենք գոնե ընդդիմությունը բերի՝ էլի չի բերում։

ԱԺ վերջին շշալցված նետահրաձգային նիստերը նայելիս հիշեցի մի բան. իշխանական պատգամավորներից մեկը մի օր ինձ ասաց՝ էն որ բարեկիրթ կեցվածքով բերում ես ստաժը վերանայելու և թոշակները 30 տոկոսով բարձրացնելու նախագիծ ու մենք ստիպված դեմ ենք քվեարկում, մեզ ավելի ես վարկաբեկում, քան եթե էն թույն ընդդիմադիրների նման հայհոյես»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տիգրան Ուրիխանյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպմանը, ձեռքսեղմումին եւ այդ առիթով ստացած քննադատություններին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ փողոց են դուրս գալու եւ ՀՀ կառավարման համակարգից պետք է «վռնդվեն բոլոր նրանք, ովքեր թալանել են ու թալանում են, հետո էլ՝ երկիր են հանձնում»: Ասաց նաեւ, որ գնալու են փոփոխությունների ճանապարհով եւ ձեւավորելու են այնպիսի իշխանություն, որը ռազմավարական գործընկերոջից պահանջում է պայմանագրային պարտավորությունների կատարում: Մարդկանց էլ հորդորեց թմբիրից դուրս գալ, քանի որ, իր գնահատմամբ, կատարվում է մի բան, որից ետ դարձ չի լինելու: Տիգրան Ուրիխանյանի կոչն ուղղված է իրական ընդդիմությանը, ոչ թե նրանց, ովքեր «փողոց են զանիտ անում, որ ժողովուրդը փողոց դուրս չգա»:

«Կա՞ մարդ, ով ուզում է ունենալ այնպիսի ընկեր, ով միշտ կենթարկվի իրեն ճորտի նման ու կվախենա գլուխը բարձրացնի։ Չկա։ Մենք կստեղծենք այնպիսի իշխանություն, որը կկառուցի փոխշահավետության հիման վրա հարաբերություններ, պետք եղած ժամանակ նաև կսպասարկի ընկերոջ շահերը։ Մենք այսօր, ունենալով աշխարհի ամենաուժեղ զինված բանակով անվտանգության համակարգ, որը Ռուսաստանինն է, բայց թուրքը մի 200 հոգով կարողանում ա մտնել մեր տարածք։ Ինչո՞ւ։ Կարողա՞ ասեք, որ դիմել եք, չեն արել։ Դիմելու ձևը սենց ա՝ կրակում ես թուրքի վրա ու տեղեկացնում ես, որ կրակում ես և եթե Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունը, ապա այդ անվտանգության համակարգը փլուզվում է։ Աշխարհում մնում է մի ՆԱՏՕ։ Իսկ էդպիսի բան, հասկանում եք, տեղի ունենալ չի կարող։ Ես արտախորհրդարանական ուժերին էլ եմ ասել, որ պիտի ունենանք էնպիսի իշխանություն, որ չվախենա Վլադիմիր Պուտինի տրամադրությունը գցի, բայց միաժամանակ անկեղծ լինի, չփակի բանակցությունները, որ միակ ճանապարհը պատերազմը մնա։ Ժողովուրդը սա չի հասկանում, պետք է սա տալ ժողովրդի ձեռքը ու օգնել, որ դուրս գա թմբիրից ու հավաքվի իրար գլուխ, որովհետև էդ թմբիրից հետդարձի ճանապարհ չի լինելու։ Պետք է բոլորին փոխել՝ թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը։ Ասում եմ բոլորին՝ մենք այլևս խորհրդարանում չենք, մենք այլևս ազատ ենք՝ հագցնելու էնպես, որ հագնվեք ու ճանապարհվեք։

«Ալյանս» կուսակցության այսօրվա համագումարի ժամանակ կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ ընտրվեց Տիգրան Արզաքանցյանը, կուսակցության նախագահ՝ Տիգրան Ուրիխանյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031