«Կարծում եմ՝ օրենսդրությունը թույլ է տալիս կարգապահական վարույթներ հարուցել։ Այդ օրենսդրությունը հիմա փոխվել է նաեւ մեր քաղաքական թիմի ջանքերով։ Քաղաքացին ինքը կարող է բողոքը հղել ԲԴԽ-ին։ Նախագահը չի ստորագրել, այն գնացել է ՍԴ, որի որոշմանն էլ սպասում ենք»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով մի շարք դատավորների՝ երեկ հնչեցրած գնահատականներին, որ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հայտարարություններում մատնանշվածը միջամտություն է իրենց անկախությանը՝ ասաց նախարար Կարեն Անդրեասյանը։
Հիշեցնենք՝ նա նշել էր, որ իր պաշտոնավարման օրոք ականատես կլինենք «վեթինգի» առաջին դրսեւորումներին, եւ որ ինքն ավելի շատ կարգապահական վարույթներ է հարուցելու դատավորների հանդեպ։ Անդրեասյանը շեշտեց․ «Հենց մեր թիմն ամեն ինչ արել է, որպեսզի դատավորներն անհանգստություն չունենան, թե գործադիր իշխանությունը միջամտում է։ Քաղաքացիներն ուղիղ կարող են գնալ ԲԴԽ»։ Նա կրկին հորդորեց սպասել ՍԴ-ի որոշմանը․ «Եթե ՍԴ-ն որոշի, որ չէ, պետք է հին ձեւով աշխատել, այսինքն՝ նախարարությունը պետք է այդ բողոքներն անի, ուրեմն, կարծում եմ, դատավորների անհանգստությունն անհիմն է․․․Սա վարչարարության հարց է, ոչ թե քաղաքական հետապնդման։ Չեզոք քաղաքացիական ծառայողների ենք ներգրավում։ Իրավաբան մասնագետները տեսնելու են՝ եթե քաղաքացին կամ փաստաբանը դիմում է, ապա խախտում կա թե ոչ, եւ դիմումը կտարվի ԲԴԽ։ Ես շատացրել եմ այդ մասնագետների թիվը, որովհետեւ բողոքները շատ են, չենք հասցնում»։
Ինչ վերաբերվում է դատավորների նկատառմանը, որ այդպես էլ չհասկացան, թե «վեթինգն» ինչ է, նախարարը նշեց․ «Չի բացառվում, որ վեթինգի նոր մշակված մեխանիզմ կներդրվի։ Նախորդ նախարար Ռուստամ Բադասյանն ասել էր, որ սահմանադրության հետ կապված որոշակի մտահոգություններ կան։ Դա վերջնական ու փակված էջ չէ, որովհետեւ հիմա էլ միջազգային գործընկերների, տեղական փորձագետների հետ աշխատում եմ, որպեսզի տեսնենք՝ կա՞ մի կտոր, որը կարող ենք առանձնացնել, օրինակ՝ բարեվարքության ստուգումը, որը հարցեր է առաջացնում։ Կամ, ըստ ՄԻԵԴ-ի՝ սխալ որոշումներ կայացրած դատավորների հանդեպ կարգապահական մեխանիզմները որպես վեթինգ դիտարկելը։ Այստեղ մասնագիտական նրբություններ կան»։
Կարեն Անդրեասյանը շեշտեց, որ իր համար սիրելի եւ ոչ սիրելի դատավորներ չկան․ «Որոշներն իրենց արշինով են չափում։ Իրենց թվում է, որ եթե իրենց ժամանակ եղել են սիրելի եւ ոչ սիրելի դատավորներ, ուրեմն իմ ժամանակ էլ են լինելու։ Շատ էլ ուզեմ, անգամ ամենավատ դատավորին չեմ կարող միանձնյա հեռացնել համակարգից։ Դրա համար մեխանիզմներ կան։ Խոստանում եմ, որ ոչ մի լավ դատավոր չի տուժելու»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ