Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզել եմ հենց 40 ասել, որպեսզի բարձրացնեմ դատարանների հեղինակությունը»․ նախարարը՝ 40 դատավորի ցուցակի մասին

Հոկտեմբեր 02,2021 16:26

«Երբ խոսում էի 40 դատավորի մասին, խոսում էի իմ նախկին փորձից՝ որպես փաստաբան եւ ՄԻՊ, հիշելով, թե ինձ հետ գաղտնի զրույցներում քաղաքացիներն ումից էին բողոքում կոռուպցիայի եւ քաղաքականացվածության մասին․․․ տարիներ շարունակ հետեւել եմ դատական համակարգին։ Շատերը լքել են։ Օրինակ՝ եթե նայեք, թե ովքեր են որոշումներ կայացրել մարտի 1-ի գործերով․․․ ՄԻԵԴ-ն էլ է գտել, որ քաղաքական որոշումներ են եղել, քաղբանտարկյալներ են եղել։ Այդ որոշումները կայացրած դատավորների մեծ մասն այսօր արդեն դատական համակարգում չէ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե կոռումպացված 40 դատավորի ցուցակ ունեն՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

«Իմ խղճի հարցն է, ուստի հետեւել եմ այս գործընթացին եւ ուզեցել եմ տեսնել՝ այդ սարսափելի համակարգը, որը եղել է, ի՞նչ է դրանից մնացել։ Իմ տեղեկություններով, իմ մոտավոր հաշվարկով փորձել եմ հնչեցնել 40 թիվը 280-ից։ Ուզել եմ հենց 40 ասել, որպեսզի բարձրացնեմ դատարանների հեղինակությունը»,-այսպես բացատրեց նախարարը։

Նրա խոսքով․ «Ցավոք, նախկինում եղած հանգամանքներից մարդկանց մոտ նաեւ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ դատական համակարգի մեծամասնությունը վատն է։ Ես ինքս էլ շատ եմ քննադատել, եւ հիմա ինձ մի քիչ մեղավոր եմ զգում, որովհետեւ 240 ազնիվ դատավորի կողքին եթե կան թեկուզ 40 անազնիվը, ճիշտ չէ, երբ ընդհանրական ասում ենք, թե  դատական համակարգը կոռումպացված է ու դրանով վարկաբեկում լավ դատավորներին։ Իմ թիվ հնչեցնելը ոչ թե թիրախավորման մասին էր, այլ ցույց տալու համար, որ փոքր տոկոսն է կասկածելի։ Այո, սուբյեկտիվ է։ Եթե ես անուններ հնչեցնեի, եւ այդ անուններով շարունակվեր որեւէ հետապնդում, դա կլիներ վտանգավոր։ Ես դատավորների անուններ չեմ տալիս, որովհետեւ չեմ ուզում, որ իմ ենթակա իրավաբանները հանկարծ թիրախավորեն որեւէ մեկին։ Ասել եմ, որ խախտման տրամաբանությամբ դիտարկեն քաղաքացիների եւ փաստաբանների բողոքները, ոչ թե ըստ դատավորի անվան»։

Որոշ դատավորներ երեկ լրագրողների հետ զրույցներում քննադատել  էին Անդրեասյանի՝ դատավորների ցուցակի մասին հայտարարությունը, մասնավորապես՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը։  Այս առիթով Կարեն Անդրեասյանն ասաց․ «Մխիթար Պապոյանն իմ համակուրսեցին է։ Ես նրան համարում եմ շատ լավ դատավոր։ Եթե այդ ցուցակում մարդու անուն հնչեցնելիս լինեի, ես իր անունը երբեք չէի հնչեցնի»։

Ինչ վերաբերում է Պապոյանի նկատառմանը, որ իրեն գաղտնալսել են, եւ իր սահմանադրական իրավունքը խախտածները պատասխան են տալու, նախարարը նշեց․ «Թե ով եւ ինչ է գաղտնալսել, նախարարը դրա հետ անելիք չունի։ Ես անգամ այդ գործի նյութերին ծանոթ չեմ եւ ի պաշտոնե պարտավոր չեմ ծանոթ լինել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031