ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, երեկ մեզ հետ զրույցում անդրադառնալով Դավիթ Տոնոյանի ձերբակալության թեմային, ասել էր, թե չի բացառում, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին եւս իրավապահներն անդրադառնան, բայց ո՛չ այս գործի շրջանակներում։ Առիթն օգտագործելով՝ Տիրան Խաչատրյանին հարցեր ուղղեցինք նաեւ Օնիկ Գասպարյանի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի, հետո՝ վարչական դատարան դիմելու եւ այլ թեմաներով։
Պարոն Խաչատրյանը կեսից մեր հարցերն ընկալեց որպես իրեն կամ գեներալիտետին ուղղված մեղադրանք եւ բորբոքվեց՝ տեղ-տեղ անցնելով կոռեկտության սահմանները։ Ռազմական ուղի անցած գեներալի նմանօրինակ պահվածքին փորձեցինք ըմբռնումով մոտենալ՝ դա վերագրելով ավելի շատ պատերազմից հետո առաջացած հուզական ֆոնին ու գուցե նաեւ անզորությանը, որ գեներալի ուսադիրներ կրելով հանդերձ՝ չեն կարողացել պատերազմի նմանօրինակ ելքը կանխել։
– Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում մեր գեներալիտետի վարքը, պահվածքը պատերազմից հետո, այդ թվում՝ Օնիկ Գասպարյանի հայտարարությունն ու իրեն աշխատանքից ազատելուց հետո վարչական դատարան դիմելը։ Նորմա՞լ է այդ ամենը։
– Այո՝ որոշակի վերապահումներով։ Դուք ընդհանուր հարց եք տալիս։ Կոնկրետ գեներալի մասին, ինչ-որ մեկին վերաբերող հարց կա՞։
Կարդացեք նաև
– Կոնկրետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը նոյեմբերի 9-ից հետո՝ Հայրենիքի փրկության շարժման օրերին, երբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր պահանջում, բայց հետո պարզվեց, որ այդ հրաժարականը «պետք է պահանջի» վարչական դատարանում։ Եվ դա շատ քննադատվեց, քանի որ ԳՇ պետից ակնկալիքներն այլ էին։
– Դուք ճիշտ չեք ներկայացնում, հրաժարականը պահանջվել է, իսկ վարչական դատարան Օնիկ Գասպարյանը բոլորովին այլ հարցերով է դիմել։
– Այո, պաշտոնից ազատման հարցով է դիմել, պարզապես ստացվեց, որ մարդիկ նրանից սպասում էին, որ նա, պատկերավոր ասած` «տանկը խոդ տար ու գնար կառավարության շենք՝ Փաշինյանին հեռացնելու»։
– Մարդիկ գուցե սպասում էին, որ մի հատ էլ հրթիռային հարվա՞ծ պետք է մենք տեղում հասցնեինք։
– Եթե իր գործողությունների համար պահանջում էր նրա հրաժարականը, ինչո՞ւ հետամուտ չի լինում դրա կատարմանը։
– Ո՞վ ասաց՝ չի լինում։ Դատական գործընթաց է, հայցերը ներկայացված են, կարո՞ղ է գնանք՝ դատարանին ասենք՝ էսօր դատն արեք կամ արագ որոշում կայացրեք։ Ունե՞ք Դուք էդ ցուցակները։
– Բայց դատարան լրիվ այլ հարցով է դիմել, ոչ թե Փաշինյանի հեռացման, այլ իրեն պաշտոնից հեռացնելու։
– Փաշինյանի հեռացման հարցով պիտի դատարա՞ն դիմեն, էդպիսի կարգ կա՞, էդպիսի օրենք գոյություն ունի՞։
– Օնիկ Գասպարյանը գլխավոր շտաբի պետն էր ու ռազմական գործիչ, ում հետո իշխանությունները մեղադրեցին քաղաքականությանը խառնվելու մեջ, բայց հետո․․․
– Շատ բանում կարող էին մեղադրել, եթե մեղադրեցին, թող էդ հարցով քրեական գործ հարուցեին։
– Նկատի ունեմ՝ նա իր հայտարարությամբ հարվածի տակ դրեց ե՛ւ իր հեղինակությունը, ե՛ւ պաշտոնը ու ոչ մի բանի չհասավ։
– Ոչինչ, տենց էլ ա լինում, ոչ բոլոր ճակատամարտերում են բոլորը հաղթող դուրս գալիս։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում