Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ միտված ժողովրդավարական հաստատությունների կայացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և կայուն տնտեսական աճ խրախուսելու համար իրականացվող բարեփոխումներին, Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում իր ելույթում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեան: Միջոցառումը սեպտեմբերի 30-ին կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը:
Պետքարտուղարի տեղակալի խոսքով՝ Վաշինգտոնը ողջունում է ԵԱՀԿ զեկույցի դրական գնահատականը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ և հույս հայտնում, որ նույն արձագանքին կարժանանան նաև գալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Զեան նաև կարևորում է վերջին մեկ տարվա ընթացքում ժողովրդավարական հաստատությունների կայացման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը, ներառյալ ԱՄՆ ու ՀՀ համատեղ ջանքերը հակակոռուպցիոն հանձնաժողովի և պարեկային նոր ոստիկանության ձևավորման ուղղությամբ:
Ուզրա Զեան ցավակցություն է հայտնել ԼՂ հակամարտության ընթացքում զոհերի կապակցությամբ: ԱՄՆ շարունակում է լիովին հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության խաղաղ, համապարփակ, քաղաքական և կայուն կարգավորմանը հասնելու նպատակին՝ ներառյալ Մինսկի խմբի համանախագահի իր դերում: Նա կարևորում է Նյու Յորքում վերջերս կայացած Մինսկի Խմբի հովանու ներքո ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը որպես խաղաղ գործընթացի վերսկսման առաջին քայլ:
Ամերիկացի դիվանագետը նաև անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին:
Կարդացեք նաև
«Միացյալ Նահանգներն աջակցում է դիվանագիտական ջանքերին ՝ Թուրքիայի հետ Հայաստանի փակ սահմանների վերաբացման և Հարավային Կովկասի ամբողջ տարածքում տնտեսական կապերի կառուցման ուղղությամբ»- ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Զեան:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում