Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Հակոբյան․ «Սա միայն Նիկոլի ամբիցիաների բավարարումն է. այս կառավարությունն ի՞նչ կարող է կառավարել, ուր մնաց՝ այդ հիմնարկում փայամաս ունենա»․ «168 ժամ»

Հոկտեմբեր 02,2021 10:52

«Դո՛ւք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, կարմիր գիծը անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուչը առաջինը ձեր գլխին է ջարդվելու»,- ամիսներ առաջ նախընտրական հավաքներից մեկի ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ հավաստիացնելով, որ «ժողովրդի հարստությունը» վերադարձնելու է ժողովրդին:

Կառավարության կայքից տեղեկացանք, որ երեկ հարցերի գրավոր քվեարկությամբ, «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, հանդիսանալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 60,0000946% բաժնետոմսերի սեփականատեր, ցանկանում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող Ընկերության 25% 412,250.75 հատ հասարակ բաժնետոմսերը:

«Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, պատրաստակամություն է հայտնել ի սեփականություն ընդունել Բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին»,- նշված է սույն նախագծի հիմնավորման մեջ:

Որոշման մեջ նշվում է, որ տասնօրյա ժամկետում տեղի կունենա բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումն ու գույքային իրավունք­ների պետական գրանցումը:

Այս տպավորիչ «նվիրատվության» մասին 168.am-ը մի քանի հարց ուղղեց Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին: Նա, սակայն, միայն ընդհանուր դիտարկումներ անելուց հետո՝ հորդորեց հարցերն ուղղել կոմբինատի տնօրինությանը:

«Սա պրեսինգ է կառավարության կողմից՝ ինչ է որ Նիկոլը Սյունիքում հայտարարել է, որ պետական մաս պետք է ունենան,- ասաց Վահե Հակոբյանը՝ հիշեցնելով վերջին շրջանում կոմբինատի շուրջ իրականացվող տարատեսակ գործընթացները, աշխատակիցների հանդեպ «ճնշումները»,- Սա միայն Նիկոլի ամբիցիաների բավարարումն է. այս կառավարությունն ի՞նչ կարող է կառավարել, ուր մնաց՝ այդ հիմնարկում փայամաս ունենա»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ կառավարությունն էլ իր հերթին այդ նվիրաբերված 25 տոկոսը վաճառի, Վահե Հակոբյանը պատասխանեց.

«Իհարկե հնարավոր է: Եթե այդ պայմանագրում առանձին դրույթով ֆիքսված չէ հաջորդող գործարքը, իրավասու են ցանկացած գործողություն փայամասի հետ կատարել»:

Ի դեպ, մեզ հետ զրույցում տնտեսագետներից շատերը նկատեցին՝ այս «նվիրատվությունը» լավ մշակված պոպուլիստական քայլ է, իսկ իրականում՝ կապիտալի սովորական վերաբաշխում: Նրանք չեն բացառում, որ ժողովրդին հաճոյանալուց զատ՝ իշխանությունը հնարավորություն է ստանում տնօրինելու, ապա նաև՝ վաճառելու բաժնեմասը, օրինակ, իրենց «սրտի» օլիգարխներից որևէ մեկին:

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031