Սրանից ուղիղ մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 2-ին զորամասի շտաբի պետ, հրամանատարի տեղակալ, հետախույզ, մայոր Էդգար Մաթեւոսյանը, կամ մարտական ընկերների համար Մաթոսը կարեւոր առաջադրանք ուներ անելու: Շատ լավ գիտեր՝ ինչ է իրեն սպասվում ու ասես կանխազգում էր, որ հետ չի գալու: Սպաները հիշում են, թե վերջին անգամ ինչ է հրահանգել Մաթոսն իրենց՝ զոհվելուց 1 ժամ առաջ. «Հենց ջոկեք չկամ՝ երեխեքին փախցրու»:
Հետ չեկավ: Այսօր փորձառու հետախույզի մահվան 1 տարվա տարելիցին նրա երկու անչափահաս երեխաները, կինը, հարազատները բառ առ բառ վերհիշում են Մաթոսի հետ վերջին հեռախոսազրույցները, վերջին հանդիպումները ու իրենց օրացույցում սեւով ընդգծում արյունոտ հոկտեմբերի 2-ը:
Էդգար Մաթեւոսյանը սեպտեմբերի 27-ից սկսած՝ Արցախում մասնակցել է ամենաթեժ մարտերին ու առաջին օրերին ոտքից վիրավորվել: Ուզել են տանել հոսպիտալ, չի գնացել՝ վիճելով, թե՝ «բա ես իմ զինվորներին ո՞նց մենակ թողնեմ»: Ինքն իր ձեռքով իրեն վիրակապել է ու նետվել առաջնագիծ: Այսօր զորամասի սպաներից սկսած, զինվորները, նրա մարտական ընկերները սոցցանցերի գրառումներով, զոհված հերոսի ընտանիքի անդամներին այցելելով՝ շարունակ կրկնում են՝ «Մաթոսին եմ պարտական, որ ապրում եմ ու կամ»: Էդգար Մաթեւոսյանը բանակի այն հազվագյուտ նվիրյալներից էր, որ գիշերները չէր քնում՝ հետախուզություն էր անում, ցերեկները խրամատ էր փորում, կռվելիս էլ առջեւից էր գնում:
Կարդացեք նաև
Մաթեւոսյանը հերոս էր ռազմի դաշտում, ընտանիքում, ընկերական շրջապատում: Նրա անունը ոսկե տառերով գրված է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատին՝ որպես գերազանցիկ: Ապրիլյան պատերազմին նրա շնորհիվ տասնյակ զինվորների կյանքեր են փրկվել, որի համար նա արժանացել էր «Մարտական խաչ» և «Արիության համար» շքանշանների։
Օրերս նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էդգար Մաթեւոսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով՝ «հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության եւ անմնացորդ նվիրումի համար»:
Հոր շքանշանը ստացավ նրա 11-ամյա որդին: Նա ու 9-ամյա քույրը միակն են, որոնց տված խոստումը Մաթոսը, ցավոք, չկարողացավ կատարել: Ինքը մեծանալով առանց հայր՝ խոստացել էր երեխաներին երբեք չթողնել առանց հոր: Այսօր հոկտեմբեի 2-ն է, երեխաները սպասում են այդ խոստման կատարմանը ու պատասխան պահանջում շրջանակի մեջ դրված նրա լուսանկարից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ