Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ հույս չփայփայել՝ ի՞նչ անել․ «Ազգ»

Հոկտեմբեր 02,2021 10:25
huys

Սոչիում Պուտինի եւ Էրդողանի վերջին հանդիպումը, այնտեղ արված հայտարարությունները, թե Ռուսաստանն ու Թուրքիան տարածաշրջանային անվտանգության ու կայունության երաշխավորներն են, ու թե Ղարաբաղում Թուրքիայի ազդեցությունը հաշտեցմանն է նպաստում (Պուտին), բացարձակապես որեւէ հույս չեն թողնում, որ առանց այդ երկու երկրների թողտվության մեր երկրի իշխանությունը որեւէ քայլ է անում:

Ռուսաստանն, ինչպես հարյուր տարի առաջ, հասկացել է, որ Արեւմուտքի դեմ կռվում ինքը միայնակ չի կարող ոչինչ անել եւ կիսում է տարածաշրջանային նայողի դերը Թուրքիայի հետ հերթական անգամ, իր հետեւանքներով հանդերձ հայերիս համար, միայն թե Արեւմուտքի որեւէ երկրի թույլատրելիից ավելի ազդեցություն չհանձնվի: Իսկ թուրքական, այսպես կոչված, երաշխավորությունը հայերիս որեւէ լավ բան չի խոստանում. հարյուր տարի առաջ եւ հարյուր տարի հետո մեր հսկայական տարածքային կորուստները վկա:

Գայլերը գառների վրա հերթական անգամ իրենք իրենց պահապան են կարգել:

Ֆոնն ամբողջանում է արտահոսքերից, որ առաջիկայում հնարավոր է Փաշինյան-Ալիեւ հանդիպում` Նյու-Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` ՄԱԿ-ի ասամբլեայում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպումից հետո: Նախորդած տեղեկությունները իշխանական օթյակներից ու վարչապետից, թե Հայաստանը պատրաստ է հայ-թուրքական հարաբերություններին կամ խաղաղ դարաշրջանի բացմանը` ցույց են տալիս, որ ամեն ինչ շատ արագ է կատարվելու: Մանավանդ սին էին այն հույսերը, որ Պետդումայի ընտրություններում Ռուսաստանում իշխանության դիմագիծը կփոխվի, ու մենք ժամանակ կշահենք ռուսական իշխանության փոփոխությամբ, քանի որ Պետդումա են անցել բացառապես Պուտինի վերահսկողության տակ եղող քաղաքական ուժերը:

Նա պետք է մոտակա ժամանակի մեջ իրեն ժառանգորդ նշանակի, դա պետք է անի արագ, քանի որ Ռուսաստանի բնակչության տրամադրություններն այնպիսին են, որ միշտ էլ հնարավոր է հեղաշրջում, չնայած` իբր ազատ ընտրություններին: Ու այդ պատճառով Պուտինը կարող է շտապել ոչ միայն իրավահաջորդի հարցում, այլեւ մեր տարածաշրջանում, Էրդողանի հետ հայերիս ստիպելով երկգլխանի պայմանագրերի ստորագրում. խաղաղության պայմանագիր Ալիեւի հետ` Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ, Թուրքիայի հետ էլ բարիդրացիական հարաբերությունների ինչ-որ թուղթ` մեր պահանջների հրաժարմամբ, որոնք երկուսը միասին կլինեն նախ Արցախի, ապա Հայաստանի վերջի սկիզբը:

Նույնիսկ այս տեղեկությունների առկայությամբ հույսս չեմ կորցնում, որ եթե ոչ իշխանության, գոնե մերձիշխանական շրջանակում կգտնվեն երկու-երեք համարժեք մարդիկ, որոնք կկանգնեցնեն դեպի սխալ որոշումներ տանող թափանիվը, կգտնեն եւ կառաջարկեն որոշումների` հայերիս համար կորստյան չտանող լուծումների տարբերակները, եւ որ ամենակարեւորը` իրենց անսխալական համարող առաջին դեմքերը, որոնք երբեմն խելացի, երբեմն ոչ այնքան խելացի դեմքերով ամենավատթար լուծումների մասին են ակնարկում, ի վերջո կհասկանան, որ դա ոչ միայն Հայաստանի, այլեւ իրենց վերջն է գուժում, եւ ձեռք կքաշեն կա՛մ դրանցից, կա՛մ գոնե իրենց պաշտոններից, եթե հնարավոր չէ դիմակայել ռուս-թուրքական տանդեմին այլ կերպ: Ու այդպիսով Հայաստանը շատ փոքրիկ ժամանակ կշահի մի փոքր գոնե դանդաղեցնելու համար որոշում կայացնելու պահի մոտենալը ու գուցե ողջամիտ ելք գտնելու՝ համադրելով շատ հնարավորություններ, սկսած իրական քարտեզները մեջտեղ բերելուց, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի աջակցությունը (պարզ է՝ ոչ անշահախնդիր) ի տեղի եւ ժամանակի օգտագործումից, մինչեւ իրանական եւ հայկական շահերի զուգահեռում մեր խնդիրները լուծելիս:

Հոկտեմբերի մեկից Իրանի սկսելիք զորավարժություններն իր հյուսիս-արեւմտյան սահմանին հուշում են, որ Հայաստանը կարող է մի շարք հնարավորություններ ճիշտ օգտագորրծել՝ եթե դիվանագիտությունը գիտություն համարի: Հույս, համենայնդեպս կա, եթե մեր երկրի ղեկավարները խելք եւ ցանկություն ունենան:

Իսկ հույս չփայփայել՝ ի՞նչ անել, եթե այժմ հրապարակի վրա գտնվող ողջ քաղդասը հոգնեցրել է իր անհամարժեք վարքուբարքով ու ջաղացի փոխարեն միշտ չախչախի չրխկոցների հետեւից ընկնելով, նրան այս պահին ո՛չ հնարավոր է փոխարինել, ո՛չ էլ նրանից սպասելու բան էլ կա, որը բացում է բերանը (ընդդիմադիր ու իշխանական), գիտես՝ ի՞նչ ու ինչի համար է ասելու: Ճիշտն ասած՝ նրանց լսելուց անգամ հոգնում ես: Կամ ուղղակի չես ուզում տեսնել այլեւս երկիրն այս վիճակին հասցրածների դեմքերն ու վերջ: Բայց եթե դու չես տեսնում նրանց, դա չի նշանակում, որ նրանք քո երկրի, քո կենսական տարածքի համար պրոբլեմներ չեն ստեղծում:

Ո՞վ կհասկացնի մեր ընդդիմությանը, որ այս պահին կարող են անդառնալի բաներ կատարվել, ու նրանք, փոխանակ անվերջ մի ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի թեկնածությունը տասն անգամ դեմ տալով հրճվեն, փոխանակ չասեն այն, ինչ միշտ ասում են (դա այս պահին ոչնչով չի օգնում Հայաստանը նեղ վիճակից դուրս բերելուն), թող նստեն-որոշեն-առաջարկեն այն քայլերը, որոնք պետք է այսպիսի իրավիճակում աներ Հայաստանը ներկայացնող որեւէ ղեկավար՝ ռուս-թուրքական պարտադրանքների դեմն առնելու համար: Թող մարտավարություն ու ռազմավարություն մատնանշեն այս ծայրահեղ վտանգավոր իրավիճակի համար, բացի ներկաների հրաժարականից-իրենց գալուց խոսելուց, որն այս պահին բնավ իրատեսական չէ, իսկ Հայաստանի աննպաստ պայմանագրերն իրենց ընդհանրապես կզրկեն նույն մարդուն տասնմեկերորդ անգամ ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի համար առաջադրելու հաճելի զբաղմունքից:

 

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031