Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին՝ ընդգծելով, որ այն անհրաժեշտ է, որպեսզի տարբեր իրավահարաբերություններում գտնվող կողմերը ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետեւանքները եւ վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների եւ պարտավորությունների հարցում: Ըստ ՍԴ-ի՝ «Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձեւակերպված չէ բավարար ճշգրտությամբ»:
Ի՞նչ է տեղի ունենում անձին սնանկ ճանաչելու դեպքում: Արդյո՞ք կանխատեսելի են նրանց գործողությունները: Երբ անձին սնանկ ճանաչելուց եւ նրա նկատմամբ դրամական պահանջի գրանցումից հետո տվյալ անձը Վարչական դատարանում վիճարկում է վարչական ակտը, մասնագիտացված Սնանակության դատարանը պետք է ունենա սնանկության գործի քննությունն ամբողջությամբ կամ համապատասխան մասով կասեցնելու լիազորություն՝ նկատի ունենալով, որ Վարչական դատարանի կողմից հայցի բավարարման պայմաններում սնանկության վարույթի հետագա ընթացքը դառնում է առարկայազուրկ, մինչդեռ հակառակ դեպքում թույլ է տրվելու կողմերից մեկի` պարտապանի արդար դատաքննության, դատական պաշտպանության եւ սեփականության իրավունքների խախտում:
Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 27-ին հրապարակել է Զոյա Մկրտչյանի դիմումի հիման վրա գրավոր ընթացակարգով քննած «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը: ՍԴ-ն արձանագրել էր. «Սույն գործով դիմող Զոյա Մկրտչյանը, հաշվառվելով որպես անհատ ձեռնարկատեր, ինքնուրույն, իր ռիսկով իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն, ուստի ստանձնած պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով: Գործում առկա դատավարական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատարանի որոշմամբ պարտապանի նկատմամբ սկսվել է գործունեության դադարեցման վարույթ, ինչը ենթադրում է, որ կասեցվել են պարտապանի գույքը տնօրինելու եւ կառավարելու իրավունքները, որպիսի ընթացակարգի նպատակը պարտապանի գույքի վաճառքի գործընթաց սկսելու օրենսդրի իրավաչափ նպատակն է: Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճը հանգում է սնանկության վարույթն ամբողջությամբ կամ պահանջի բավարարմանն ուղղված գործողությունները կասեցնելու իրավական մեխանիզմների բացակայության խնդրին, որպիսի պայմաններում, դիմողի պնդմամբ, սահմանափակվում է պարտապանի սեփականության իրավունքը, իսկ պարտապանի գույքի վաճառքի դեպքում՝ հանգեցնելու է նաեւ վերջինիս սեփականությունից զրկելուն»:
ՍԴ դիմած Զ. Մկրտչյանը հայտնել էր. «Մասնագիտացված դատարանի կողմից սնանկության գործի վարույթը կասեցնելու լիազորության իրականացումն անհրաժեշտ է դատավարության մասնակիցների իրավունքների արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նկատառումներից ելնելով, քանզի բոլոր դեպքերում, երբ սնանկության գործի վարույթի կասեցման հնարավորությունը բացակայում է, անհնարին է դառնում գործի քննության բնականոն ընթացքի եւ դատավարության մասնակիցների արդար դատաքննության, դատական պաշտպանության եւ սեփականության իրավունքների անխախտելիության ապահովումը: Սնանկության գործը կասեցնելու լիազորության բացակայության պայմաններում դատարանը չի կարող կասեցնել գործի քննությունը, օրինակ՝ գործի քննությանը խոչընդոտող անհաղթահարելի ուժի առկայության դեպքում, Սահմանադրական դատարան դիմելու համար, մինչեւ իրավահաջորդության հարցի լուծումը ֆիզիկական անձ պարտատիրոջ մահվան դեպքում, ֆիզիկական անձ պարտապանի կամ պարտատիրոջ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում, պարտատեր իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում եւ այլն, քանի որ գործող իրավակարգավորմամբ հիշյալ հանգամանքների առկայության պայմաններում դատարանը պարտավոր է քննել գործը՝ անկախ գործի քննությանը ժամանակավոր խոչընդոտող հանգամանքների առկայությունից»:
Կարդացեք նաև
Այսինքն, նպատակահարմար է կասեցնել սնանկության գործի վարույթը, գործողությունների կատարումը, հակառակ դեպքում պարտապանի գույքը կարող է իրացվել, իսկ նույն պահանջի հիմք հանդիսացող վարչական ակտը կշարունակվի վիճարկվել Վարչական դատարանում: Մինչդեռ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածով սնանկության գործը քննող դատարանին չի վերապահում սնանկության գործի վարույթն ամբողջությամբ կամ պարտապանի նկատմամբ գրանցված որեւէ պահանջի մասով՝ կատարման գործողությունները ներառյալ, կասեցնելու լիազորություն այն դեպքում, երբ սնանկության գործի հետագա ընթացքն ամբողջությամբ մինչ եզրափակիչ ակտ կայացնելը, հակասում է Սահմանադրության մի շարք հոդվածների:
Այս գործով պատասխանող ԱԺ ներկայացուցիչների պատասխանի համաձայն՝ Սնանկության գործի վարույթը կարող է կասեցվել առանձին պարտատերերի պահանջների մասով, եթե առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կասեցման հիմքեր:
Այն է՝ պարտապանին հարկադիր սնանկ ճանաչելու հարցը լուծելիս դատարանը դիտարկում է երեք պայմանների միաժամանակյա առկայությունը. վճարային պարտավորության անվիճելիությունը, նման պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը եւ վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելը: «Հաշվի առնելով սնանկության վարույթի փուլային կառուցվածքը՝ օրենսդիրը, վարույթի արդյունավետությունն ապահովելու նպատակով, նախատեսել է վարույթի կասեցման հնարավորություն միայն առանձին պարտատերերի պահանջների մասով եւ այն պայմանով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կասեցման հիմքը կիրառելի լինի այդ իրավահարաբերության նկատմամբ, ընդ որում, առանձին պահանջների մասով վարույթի կասեցումը չի ընդհատում սնանկության վարույթի ընթացքը, ինչը ենթադրում է, որ օրենքով սահմանված կարգով առանձին պարտատերերի պահանջների մասով սնանկության գործի վարույթի կասեցման դեպքում սնանկության վարույթի մյուս փուլերը պետք է ընթանան օրենքով նախատեսված ընթացակարգով»,-պատասխանել էին ԱԺ ներկայացուցիչները: Պատասխանողի գնահատմամբ, որեւէ հակասահմանադրական խնդիր չկա, անհիմն է դիմողի այն դիրքորոշումը, որ Վարչական դատարանում վիճարկվող վարչական ակտից բխող պահանջը զուգահեռաբար քննվող սնանկության գործով փաստացի կատարվելու, ուստիեւ սպառվելու դեպքում, վարչական գործի վարույթը վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով ենթակա է կարճման, քանզի կասեցված պահանջի չափի համամասնությամբ դրամական միջոցները սառեցվում են սնանկության հատուկ հաշվին՝ մինչեւ կասեցման հիմքի վերանալը:
ՍԴ-ն նաեւ արձանագրել էր. «Պարտապանը պարտատիրոջ պահանջի քննության փուլում զրկված չէ ինչպես սնանկության դատարանում առարկություն ներկայացնելու հնարավորությամբ պահանջի գրանցման դեմ, այնպես էլ այլ դատարանում վիճարկելու պահանջի հիմքերը, որպիսի պայմաններում, բնականաբար, քանի դեռ առկա չի լինի օրինական ուժի մեջ մտած համապատասխան դատական ակտ, պարտատիրոջ պահանջի կատարմանն ուղղված որեւէ գործողություն, այդ թվում՝ պարտապանի գույքի վաճառք, չի կարող իրականացվել»:
Սահմանադրական դատարանը փաստել էր, որ սնանկության վարույթի ամբողջական կամ առանձին պահանջի կատարման գործողությունների կասեցման օրենսդրական հիմքերի բացակայությունը, քննության առարկա հարցի համատեքստում, սեփականության իրավունքի երաշխավորման տեսանկյունից խնդրահարույց չէ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.10.2021