Հարցազրույց բուլղարացի պրոդյուսեր Աթանաս (Նասկո) Լազարովի հետ
– Վերջերս Վառնայում անցկացվել է «Միստր Բուլղարիա» ամենամյա մրցույթը, որի հիմնադիրն եք։ Ժյուրիի կազմում էին հայտնի անուններ՝ «Ակցենտ» խմբի մեներգիչ Ադրիան Սինան, փոփ երգչուհի Անդրեան, դիզայներ Կատալին Բոտեզատուն, դիետոլոգ Էնջի Կասաբիեն, մոդել Ռաբի Էլ Զեյնը եւ հայաստանցի պրոդյուսեր Դավիթ Ղարիբյանը…
– Դավիթի հետ ծանոթացել եմ 2016թ., Ռումինիայում անցկացված մոդելների միջազգային մրցույթին, որտեղ երկուսս էլ ժյուրիի կազմում էինք։ Հետագայում նրան հրավիրեցի Բուլղարիա՝ մասնակցելու տարբեր շոուների ու մրցույթների։ Գիտեմ, որ Դավիթը մասնակցել է նաեւ նորաձեւության շոուների Ռումինիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում եւ այլ երկրներում։ Գիտեմ նաեւ, որ նա իր ռեպորտաժներով հայերիդ տեղեկացված է պահում Եվրոպայում շոու-բիզնեսի նորություններից։
– Հասկանալի է, որ «Միստր Բուլղարիա»-ն կամ լավագույն եռյակում, հնգյակում հայտնված մոդելները հետագայում ներկայացնում են ձեր երկիրը նման տարբեր միջոցառումներին։ Հետաքրքիր է՝ մրցույթին երբեւէ մասնակցե՞լ է հայազգի մոդել։
– Դեռ ոչ։ Պետք է նշեմ, որ հայերդ հավակնոտ եք (ծիծաղում է-Ս. Դ.), բայց, գիտե՞ք, ես կարծում եմ, որ եթե մարդը վստահ է իր ուժերին, ինչո՞ւ ոչ՝ գիտի իր հնարավորությունները, հավակնոտ լինելը նույնիսկ ողջունելի է։ Համենայնդեպս, սա իմ կարծիքն է։ Իսկ հայերը Բուլղարիայում հաստատվել են դեռեւս 5-6 դարերից եւ ներկա են մեր երկրի բոլոր ոլորտներում, հիմնականում արդյունաբերության, առեւտրի, շինարարության, տրանսպորտի, ֆինանսների ու կրթության։ Այսօր էլ հիանալի համայնք ունեք… Կոնկրետ շոու-բիզնեսի ոլորտում պրոդյուսեր Մկրտիչ Հալաջյանը տարիներ շարունակ իրականացնում է Բուլղարիայի ամենամեծ թոք շոուն։ Հենց նրա միջոցով էլ, թեպետ հեռակա, բայց ծանոթացել եմ ձեր մշակույթին, պատմությանը։ Գիտեմ նաեւ, որ Վառնայում է ապրել զորավար Անդրանիկը… Ոչ վաղ անցյալում էլ, հնագիտական պեղումների ժամանակ Վելիկո Թըրնովո քաղաքում հայտնաբերվել է 17-րդ դարի հայկական եկեղեցի։ Էլի բաներ գիտեմ՝ Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, Փարաջանով… Ամենակարեւորը գիտեմ՝ տաղանդավոր ազգ եք։
– Չե՞ք պատրաստվում առաջիկայում այցելել, ձեր խոսքերով՝ տաղանդավոր ազգի երկիր՝ Հայաստան եւ, ինչո՞ւ ոչ՝ ձեր գիտելիքներն ու փորձը կիսել հայ գործընկերների հետ։
– Այդ մասին զրուցել եմ Դավիթի հետ։ Սիրով կհյուրընկալվեմ Երեւանում հավանաբար հաջորդ տարի եւ կարծում եմ՝ հայաստանցի գործընկերներիս հետ կկազմակերպենք մրցույթ, թեեւ գիտեմ, որ ձեզ մոտ անցկացվում է «Միստր եւ միսիս Հայաստանը» եւ այլ մրցույթներ։
– Վստահ ենք՝ ձեզ մոտ էլ նման մրցույթները հովանավորում են անհատները։
– Միանշանակ, աշխարհում է այդպես։ Բայց, եթե, օրինակ, բուլղարացի մոդելը պետք է մասնակցի աշխարհի առաջնությանը, ապա պետական բարձրաստիճան այրերն էլ անմասն չեն մնում աջակցելուց։
– Ամբողջ աշխարհում շոու-բիզնեսի ոլորտը անպակաս է ինտրիգներից, որոնք երբեմն ծայրահեղ դրսեւորումներ են ունենում…
– Աշխարհում՝ այո։ Եթե ճիշտ հասկացա՝ ձեզ հետաքրքրում է, թե ինչ վիճակ է իմ երկրում։ Առանց ինտրիգների հնարավոր էլ չէ, բայց Բուլղարիայում ամեն ինչ կարծես չափի մեջ է։ Ճիշտ է, դա կազմակերպիչներիս համար ոչ ցանկալի երեւույթ է, բայց հաշտվել ենք դրա հետ, բոլոր ժամանակներում էլ եղել են դրանք ու կլինեն։
Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
01.10.2021