Նորերս լույս տեսած «Կարոտի երկիր» գիրք-ժողովածուում
Հայ գեղարվեստական գրականությունը հարստացավ եւս մեկ հրատարակությամբ։ Լույս է տեսել Գրիգոր Ծատուրյանի «Կարոտի երկիր» գիրքը (2021, 344 էջ), որն աչքի է ընկնում բովանդակային հարուստ կառուցվածքով եւ կարոտի թեման նորովի զարգացնելու յուրահատուկ առանձնահատկություններով։
Գրքի բոլոր բաժիններում ներկայացվող բանաստեղծությունները բխում են իրական կյանքից, կենդանի գույներով արտահայտում են հայրենիքի, սիրո եւ մարդկային ներաշխարհի նկատմամբ հեղինակի խոհերն ու կարոտի զգացմունքները, ունեն ճանաչողական եւ կրթադաստիարակչական կարեւոր նշանակություն։
Ջավախք աշխարհի ծնունդ բանաստեղծի գրական եւ հայրենասիրական հայացքների բացահայտման տեսանկյունից չափազանց ուշագրավ է «Լույս առավոտ» բաժնի «Ծիրանի երկիր» բանաստեղծությունը, որում հայոց երկիրը մի դեպքում խորհրդանշվում է որպես Ծիրանի երկիր, մյուս դեպքում՝ հայրենիքի նկատմամբ անհուն սիրով լցված գրողի եւ աշխարհասփյուռ հայության համար՝ Կարոտի երկիր.
… Ծիրանի երկիր,
Իմ հայոց երկիր…
Իմ հին, հնամյա,
Կարոտի երկիր,
Աշխարհի բոլոր
Ծեգերում ապրող
Հայերի երկիր…:
Գ. Ծատուրյանի հայրենասիրական ձգտումների, հավատի, հույսի ու կարոտի արտահայտման արժեքավոր եւ ուսանելի բանաստեղծություններից է «Հավերժությունը», որը հարուստ է պատմագեղարվեստական խոսքի գեղեցիկ պատկերներով.
…Համոզված եմ՝
Հավատքից է ոգի առնում
Կարոտիս հետ մշտավառվող…
Էրգիրն է մեզ անձայն կանչում,
Եվ Մասիսն էլ հեռու-մոտիկ՝
Մեր վշտերը լուռ ամոքում։
… Արդ, թող բացվի լույս առավոտ,
Հայոց հողը նոր շունչ առնի,
Թող ծովանա հայ ժպիտը
Եվ հավատը վերընձյուղվի…:
Կարոտը Գ. Ծատուրյանի ստեղծագործական մտքի առանցքն է, որը նա զարգացրել է նաեւ «Արարատ» բանաստեղծության մեջ եւ ունի ուսուցողական նշանակություն։ Արարատին համարելով «Սուրբ լեռ»՝ հեղինակը վերստին հաստատում է, որ այն
Հին, վաղնջական
Ժամանակներում
Եղել է ու կա…
Հավատը, հույսը
Հայ ժողովրդի,
Կարոտի լույսը
Մեր երազանքի…
Նշված բաժնի որոշ բանաստեղծություններ էլ տոգորված են հայրենիքի, պետության եւ իրավունքի գաղափարներով, որոնք ունեն արդիական հնչեղություն, ընթերցվում են մեծ հետաքրքրությամբ։
Գ. Ծատուրյանի բանաստեղծությունները օժտված են նաեւ գարնան ու բնության շնչով, գեղարվեստական բնորոշ արտահայտչամիջոցներով։ Ասվածի լավագույն օրինակներից է «Իրիկնային նրբանվագներ» շարքի խոհա-փիլիսոփայական մոտիվով գրված «Չորս եղանակ» բանաստեղծությունը, որն ավարտվում է լավատեսական տրամադրությամբ.
Թող գարունը գա,
Բողբոջը հյուր գա,
Ապա խենթանա
Ու ծաղկունք դառնա։
Թող ամառն էլ գա,
Արեւը շիկնի,
Շիկնած արեւը
Բերքին թող թիկնի…
Թող այս ամենը
Այդպես հավերժի,
Կյանքը իր հունից
Երբեք չշեղվի…
Այստեղ հեղինակը ցուցաբերել է ստեղծագործական բարձր վարպետություն՝ ընթերցողին հաղորդակից դարձնելով տարվա եղանակների անկրկնելի նկարագրություններին։
Գրախոսվող գիրք-ժողովածուի բաղկացուցիչ մասն են կազմում նաեւ «Ներաշխարհ», «Սիրո խնկաբույր», «Ոսկեհանդերձ», «Մարդ-աշխարհ», «Քառյակներ» եւ այլ բաժինները, որոնցում բանաստեղծական խոսքը ստացել է նոր ձեւ ու բովանդակություն՝ սիրո, մարդկային կյանքի եւ աշխարհի մասին հեղինակի հոգեբանական խորաթափանցությամբ ու քնարական անկեղծ բացահայտումներով։ Իսկ ինչ վերաբերում է «ՄանրաՔանդակներ» բաժնին, ապա այն, կարելի է ասել, գեղարվեստական արձակ խոսքի յուրօրինակ գեղեցիկ փունջ է, իմաստասիրական խոհուն զրույցների մի համաձույլ, որն անհնար է առանց հուզմունքի ընթերցել:
Գրիգոր Ծատուրյանը ձգտել է ժամանակի ու տարածության անսահմանության մեջ ստեղծել Կարոտի իր աշխարհը եւ դա լիովին հաջողվել է նրան, ինչի համար եւ սրտանց շնորհավորում եմ նրան։
Գագիկ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ՀՊՄՀ պրոֆեսոր,
մանկավարժական գիտությունների դոկտոր
«Առավոտ» օրաթերթ
01.10.2021