«Ամերիկայի ձայն». Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալված է, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Սաակաշվիլին արդեն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, հատուկ ճեպազրույցի ժամանակ ասել է նախարարների խորհրդի ղեկավարը: Այս մասին հայտնում է «Էխո Կավկազա» լրատվականը:
«Մեր իրավապահ մարմինները նախապես տեղեկություններ ունեին նրա տեղաշարժի մասին` Ուկրաինայից Վրաստան: Այս գործընթացը լիովին վերահսկվում էր», – ասել է վարչապետը:
Ղարիբաշվիլին չի հայտնել ձերբակալման մանրամասները, միայն երախտագիտություն է հայտնել Ներքին գործերի նախարարության ղեկավար Վախթանգ Գոմելաուրիին և Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիին:
«Մեր իրավապահները ամենաբարձր մակարդակով իրականացրել են հետախուզվող Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը», – ասել է վարչապետը:
Կարդացեք նաև
Նա նաև ասել է, որ «ժամանակն ու վայրը ընտրվել են այնպես, որպեսզի կալանքը կանխող գործոնները լինեն նվազագույն»:
Ավելի վաղ ՆԳՆ -ն եւ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել էին, որ Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը, եւ որ նա գտնվում է Ուկրաինայում:
Վրաստանում երրորդ նախագահը դատապարտվել է երկու գործով: Բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով` երեք տարվա ազատազրկում, պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու դեպքով` վեց տարի ժամկետով: Եվս երկու գործով դատավճիռ չի կայացվել ՝ 2007 թ. նոյեմբերի 7 -ին ընդդիմության հանրահավաքը ցրելը և «Իմեդի» հեռուստաընկերությունում հատուկ ջոկատայինների ջարդը: Պետբյուջեի ինը միլիոն լարիի յուրացման գործով դատարանի վճիռ չկա: Միխեիլ Սաակաշվիլին հայտարարում է, որ բոլոր դեպքերը քաղաքական դրդապատճառներ ունեն: Նա Վրաստանից հեռացել է 2013 թվականին՝ իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտից անմիջապես հետո:
Ինչպես ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակն է այսօր ասել. «Մենք տեղյակ ենք նրան ձերբակալելու այդ հաղորդագրությունների մասին, եւ զարգացումներին հետեւում ենք մոտից»: