Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կյանքի պուրակ՝ Երևանում․ 30 հեկտար և 14 հազար ծառ

Հոկտեմբեր 01,2021 21:45

Երևանի բուսաբանական այգում կհիմնվի Արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ: 30 հեկտար տարածքում կտնկվի շուրջ 14 հազար ծառ: Մի խումբ երիտասարդների ու զոհված զինծառայողների ծնողների՝ իրարից անկախ ծնված գաղափարը միավորեց նրանց նախագծի շուրջ:

«Դեռ 2020-ի դեկտեմբերից մտածում էինք այս գաղափարի շուրջ, քանի որ հասկանում էինք, որ գալու է մի պահ, երբ ինչոր մեկը կունենա գումար իր որդու հուշարձանը կառուցելու համար, մյուսը՝ ոչ»,- պատմում է նախաձեռնող խմբի անդամ Նիկոլայ Թորոսյանը:

«Ընդհանուր քննարկումներից հասկացանք, որ ամենալավ գաղափարը կյանքի պուրակ ստեղծելն էԿարծում եմ, հիշատակը հավերժացնելու ամենալավ ձևն է, բացի այդ քաղաքի համար կստեղծվի նոր կանաչ գոտի»,- նշում է նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հակոբյանը:

«Խաչքար էլ ունենք, գերեզմանոց էլ, սա պետք է տարբերվի, լրիվ ուրիշ գաղափար է, կյանքը շարունակելու, խաղաղության պուրակ»,- ասում է զոհված Դավիթ Խաչատրյանի հայրը՝ Կարեն Խաչատրյանը:

Գաղափարին Երևանի քաղաքապետարանն արձագանքեց անմիջապես։ Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ։ Պետք էր պուրակի համար ճիշտ տեղ ընտրել: Սա հերթական նախագիծը չէր. խորհրդին համահունչ հասցե էր պետք գտնել.

«Մենք ի սկզբանե քննարկում էինք 44 օրյա պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացող նախագծի մասին, բայց Կառավարությունից առաջարկ եղավ այն նվիրել Արցախյան բոլոր ազատմարտերում զոհվածների հիշատակին: Մեզ անհրաժեշտ էր մեծ տարածք, արդյունքում որոշեցինք ընտրել բուսաբանական այգին: Դա հնարավորություն կտա վերակենդանացնել տարածքը»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

Այգու ձախակողմյան բլուրը, որտեղ կհիմնվի անտառ-պուրակը, այսօր անխնամ ու ամայի է: Ոռոգման ցանցի բացակայությունն ու հրդեհներն այստեղ բուսականություն գրեթե չեն թողել:

«Երբ ընտրվեց տարածքը, արեցինք էսքիզ: Ճանապարհը ոլորապտույտներով կբարձրանա դեպի գագաթ, որտեղ կլինեն ջրային ավազաններ և խորհրդանշող ծառ կամ հուշարձան: Ենթադրում ենք, որ նաև հեծանվուղի և վազքուղի կլինի: Արահետների միջև կլինեն կապող ճանապարհներ, տեղտեղ լայնացումներ, որտեղ նստարաններ կդրվեն: Մենք պատկերացնում ենք լուսավոր անտառպուրակ, որը տխրության վայր չի լինի, ապրեցնող անտառ՝ առանց ավելորդությունների»,- նշում է նախաձեռնող խմբի անդամ, ճարտարապետ Հայկ Զալիբեկյանը:

«Ամենակարևոր ծառատեսակը սոսին է, որը թելադրելու է ամբողջ ձևավորումը: Շատ պատճառ կա՝ երկարակեցություն, բացի այդ Արցախի խորհրդանիշ է, իսկ սաղարթին նայելիս բնի հատվածը զինվորական հագուստ է հիշեցնում: Բացի դրանից, այստեղ կլինեն գեղազարդ, ծաղկող, պտղաբերող ծառեր»,- ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:

 

«400 թեղիատերև սոիսին է, որը բերվել է Իտալիայից: Քանի դեռ պուրակը պատրստ չէ, ծառերը պետք է այստեղ խնամենք, որից հետո կվերատնկենք պուրակում»,- նշում է բուսաբանական այգու տնօրեն Անահիտ Ղուկասյանը:
Այժմ մասնագետները զբաղված են նախագծմամբ: Կյանքի պուրակի հիմքը կդրվի արդեն հաջորդ տարի: Բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները կտևեն մի քանի տարի: Պուրակում առաջնահերթ պետք է անցկացվի  ոռոգման ցանց, լուծվի նաև արտաքին լուսավորության հարցը:

«Սկզբում որոշել էինք նախագիծը  մասնակցային անել, հետո համայնքն ու կառավորությունը վերցրեցին իրենց վրա»,- ասում է Նիկոլայ Թորոսյանը:

«Քանի որ բավական մեծ և հավակնոտ նախագիծ է, ցանկություն կար կառավարության կողմից ֆինանսավորելու: Այս պահին շրջանառվում է ֆինանսավորման նախագիծը, երբ պատրաստ լինի անտառպուրակի նախագիծը կսկսեն բուն աշխատանքները»,-ընդգծում է Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

Պուրակն իր շուրջը կհավաքի տարածքին ու գաղափարին համահունչ կյանքի շարունակությունը խորհրդանշող հուշարձանը, որի լուծումները կտան մասնագետները:
«Թե՛ գիտելիք, թե՛ հոգի և թե՛ փորձմարդիկ, ովքեր աշխատում են՝ ապրում են դրանով ու մաքսիմալը ներդնում են»,- ասում է Հայկ Զալիբեկյանը:
«
Պահանջ կար ինչոր բան անել: Ես միշտ պասիվ մարդ եմ եղել, բայց այս անգամ որոշեցի որ մասնակցություն ունենամ»,- նկատում է Նիկոլայ Թորոսյանը:
«
Մարդիկ պետք է շարունակեն ապրեն ու իմաստը հենց դրա մեջ է»,- նշում է  Արմեն Հակոբյանը:

  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031