Ֆուտբոլային գիտակների ակումբի 4-րդ քննարկումը նվիրված էր «Նոա» ֆուտբոլային ակումբի ելույթներին: Իզուր չէ, որ գիտակների ուշադրությանն են արժանացել այդ թիմի ելույթները՝ կարճ ժամանակահատվածում, երեք տարվա ընթացքում, «Նոա»-ի տղաները հասցրել են երկու անգամ դառնալ Հայաստանի առաջնության փոխչեմպիոն, մեկական անգամ՝ գավաթակիր եւ սուպերգավաթակիր:
«Այս անվանումով ակումբը գործում է 2018 թվականից, բայց հենց առաջին մրցաշրջանում թիմը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը, մյուս տարի դարձյալ արժանացավ փոխչեմպիոնի, գավաթակրի եւ սուպերգավաթակրի կոչմանը: Շատ ակումբներ երկար տարիներ հանդես գալով Հայաստանի առաջնությունում չեն կարող նույնիսկ մրցանակային տեղ զբաղեցնել», – գիտակների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ Coffee room Yerevan կաֆեում, կիսվեց «Նոա» ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը:
Նրա խոսքով, այժմ ակումբը մի քիչ շեղվել է իր խնդիրներից, բայց ոչ ոք չի մոռացել մրցանակներ նվաճելու մասին: Խոսելով թիմի նպատակների մասին, Սահակյանը նշեց որ թիմի նախագահ Ռոման Գեւորգյանը ակնկալում է, որ տղաները վերջապես կնվաճեն չեմպիոնի կոչումը, քանի որ երկու անգամ իրենք մոտիկ են եղել արժանանալ այդ տիտղոսին, սակայն, ցավոք, չի ստացվել: Նա խոստովանեց, որ ակումբը ձմեռային տրասֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ուժեղացնել իր կազմը:
«2019-2020 թվականներին մենք ունեինք ամբիցիոզ թիմ, որը, կարելի է ասել, հաղթանակների «սոված էր», բայց երկրորդ տարին է ինչ մենք մի քիչ շեղվել ենք, սակայն մեր թիմի նպատակները նույն են՝ մասնակցել եվրոգավաթների մրցաշարերում», – հայտարարեց Սահակյանը:
Ակումբի գործադիր տնօրենը նշեց նաեւ, որ իրենք մեծ նշանակություն են տալիս երիտասարդ ֆուտբոլիստների մասնակցությանը թիմում, եւ այդ իսկ պատճառով նպատակ են դրել տարեց տարի ավելացնել նրանց թվաքանակը ակումբում: Այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տանում ակումբի կողմից Վաղարշապատում հիմնված ֆուտբոլի ակադեմիան: Նա ընդգծեց, որ իրենք մեծ նշանակություն են տալիս ռեգիոնալ մրցաշարերի անցկացմանը եւ վերջերս այդպիսի մի պատանեկան մրցաշար կազմակերպվեց Արմավիրի մարզում: Ակումբը որոշել է այդ ակադեմիայում իրականացնել 5 տարվա ինվեստիցիոն ծրագիր: Նրա խոսքով, թիմը ունի սկաուտներ, որոնք զբաղված են պատանի տաղանդավոր խաղացողների հայտնաբերմամբ: Սահակյանը վստահ է, որ միայն հաղթելու ցանկությունը քիչ է, անհրաժեշտ է նաեւ ունենալ որակյալ խաղացողներ եւ պահեստայինների երկար նստարան:
Ի դեպ, ներկայումս ակումբը երկու ֆուտբոլիստ է գործուղել ազգային հավաքական՝ Ալեքսանդր Կարապետյանին եւ Արարատ Մոնրոյին:
«Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր, լեգենդար ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը գտնում է, որ ժամանակակից ֆուտբոլում ֆինանսական կարողությունները թիմերի համար խաղում են վճռորոշ դեր, սակայն կան դեպքեր, երբ անձնուրաց խաղի շնորհիվ ավելի աղքատ թիմերը հաղթում ավելի հզոր թիմերին, որոնց բյուջեն տասնապատիկներ ավել է իրենցից: Որպես վառ օրինակ նա հիշատակեց Չեմպիոնների լիգայում վերջերս կայացած խաղում «Շերիֆի» հաղթանակը «Ռեալի» նկատմամբ: Ինչու՞ չէ նման հաղթանակների կարող է հասնել եվրոգավաթների մրցաշարերում նաեւ «Նոա» ակումբը: Ինչ վերաբերում է ակումբների հարստանալուն, ապա լավագույն միջոցը, ըստ մեկնաբանի, երկրի առաջնության չեմպիոն դառնալն է: Բաղդասարյանը նշեց, որ ինքն միշտ հատուկ համակրանքով հետեւել է «Նոա» ակումբի ելույթներին եւ անձամբ գործադիր տնօրենի գործողություններին:
«Ֆուտբոլ+» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյանի կարծիքով, «Նոա» ակումբի հաջողության գրավականը դա ճիշտ սելեկցիոն աշխատանքն է, որը թույլ է տվել հասնել հաղթանակների: «Թիմը ունի լավ մարզիչ, որը ձեւավորել է թիմի կորիզը: Պատահական խաղացողներ «Նոա»-ի կազմում հանդես չեն գալիս, այլ խաղում են լավագույներն: Մեծ նշանակություն ունի նաեւ այն հանգամանքը, որ ակումբը ունի ֆուտբոլային ակադեմիա Էջմիածնում», – նշեց Մարտիրոսյանը:
Ֆուտբոլային մեկնաբան Մենուա Մեհրաբյանը գտնում է, որ «Նոա»-ն շատ ճիշտ է աշխատում բրենդինգի ոլորտում: Օրինակ, այդ թիմը դրականորեն տարբերվում է ուրիշներից իր գեղեցիկ համազգեստով, նշեց նա: «Հրաշալի կազմակերպչական աշխատանք ակումբում, թիմը ցույց է տալիս հետաքրքիր խաղ, որը զգալիորեն տարբերվում է այլ թիմերի ելույթներից: Շարունակական ճիշտ աշխատանքի դեպքում իրենք նորից կպայքարեն մրցանակային տեղերի համար», – վստահ է մեկնաբանը:
Տիգրան Հովհաննիսյան