Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Հովակիմյան. Կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը հիմա կատարում է ՏԻՄ արդյունավետ համակարգման խոստումը

Հոկտեմբեր 01,2021 20:03

Հայաստանում հոկտեմբերի 17-ի, նոյեմբերի 14-ի և դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները փաստացի ընթանալու են համայնքների խոշորացման գործընթացին գրեթե զուգահեռ: Ընդդիմությունն այս գործընթացը դիտարկում է որպես իշխանությունների՝ ՏԻՄ ընտրություններից առաջ «ոչ պիտանի համայնքապետերից ազատվելու» ցանկություն եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո դիրքերը նաև համայնքներում ամրապնդելու մտադրություն:

Սակայն ընդդիմության այս դիրքորոշմանը համաձայն չեն  ՔՊ կուսակցությունից ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ՏԿԵ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի եւ զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը:

Վահագն Հովակիմյանը չի ընդունում ընդդիմության մեղադրանքները: Նրա պնդմամբ, համայնքների խոշորացումները մի քանի փուլերով պետք է մեկնարկեին դեռ 2020 թվականին, սակայն խանգարեց COVID-ը: «Ասենք այսպես. կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը հիմա կատարում է ՏԻՄ արդյունավետ համակարգման խոստումը: Եթե ընդդիմադիր գործընկերները համարում են, որ իրենք մարզերում հեղինակություն ունեն, կարող են արդեն խոշորացված համայնքներում մեծամասնություն կազմել»,- ասաց նա:

Աշոտ Գիլոյանը շարունակեց Վահագն Հովակիմյանի թեզը՝ նշելով, որ 2018-ին գալով իշխանության, կառավարությունը լիազորություն ուներ բոլոր համայնքների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել համայնքների միավորման գործընթացի ժամանակ: Նրա խոսքով, համայնքներում տեղական իշխանությունները հիմնականում ընտրված են եղել 2016 թվականի աշնանը ու այդ համայնքների լիազորությունները լրանում, դադարում են 2021 թվականի աշնանը: «Մեր երկիրը դժվար բաների միջով է անցել՝ պանդեմիա, պատերազմ: Բազմաթիվ արգելքներ են եղել գործընթացը հանգիստ շարունակելու համար: Բայց բոլոր դեպքերում գործը տեղից շարժվել է: Այս ռեֆորմը ձգձգելու հատուկ բան չկար: Այս ռեֆորմին հաջորդելու են մյուս, ավելի դժվար, ավելի բարդ ռեֆորմներ: Վարչատարածքային բարեփոխումները միայն համայնքների միավորմամբ, իշխանությունների ձեւավորմամբ չեն ավարտվելու»,- նշեց բանախոսը:

Վարդինե Գրիգորյանը խոսեց ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին: Նա նշեց, որ դրանք դեռ պետք է մարսվեն: «Երկար ժամանակ է՝ տեսնում ենք, որ համայնքներում անտեղյակ են: Ընդհանուր առմամբ բոլորի համար այս ամբողջ գործընթացը փորձարկում է: Ու իրենք իրականում դեռ չեն պատկերացնում, թե ինչն է լավ, ինչը՝ վատ»,- ասաց նա: Տիկին Գրիգորյանը կարեւոր քայլ է համարում համամասնական ընտրակարգի անցնելը, որպեսզի որոշակի ընդհանուր քաղաքական գիծ տարվի կուսակցությունների կողմից:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031