ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքի քննությունն այսօր ավարտվեց վերաքննիչ քրեական դատարանում։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ․ որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 4-ին, ժամը 11:30-ին։ Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի սկզբին կալանավորվել էր։ Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազի եւ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում մասնակցել է մի շարք ՍՊԸ-ների կառավարմանը, նաեւ՝ ստացել 190.000.000 ՀՀ դրամ կաշառք, խարդախության եղանակով կատարել 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն, օրինականացրել է (փողերի լվացում) հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը։ Աղվան Հովսեփյանը մեղադրանքը չի ընդունում։ Երեկ նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը համոզմունք էր հայտնել՝ քննության ընթացքում բոլորը կհամոզվեն, որ մեղադրանքները շինծու են։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ