«Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018-ի դրսի ուժերի մեծ օժանդակությամբ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետեւը ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը»,- այսօր «Հանրապետականներ. շարունակական բարեփոխումներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:
Սերժ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ արդարության ճգնաժամը թե ներքաղաքական է, թե տարածաշրջանային:
«Անարդար է, երբ պատերազմի մունետիկ եւ պարտության պատճառ կապիտուլյանտն իր արկածախնդրության եւ աղետաբեր քաղաքականության համար դեռ չի պատժվել: Չի պատժվել օրենքի շրջանակներում եւ չի արժանացել հետպատերազմյան շոկը չհաղթահարած մեր ժողովրդի անեծքին: Անարդար է, երբ ագրեսիայի հետեւանքով հազարավոր կյանքեր խլելուց եւ բազմահազար հայերի հայրենազրկվելուց հետո այժմ մեզ փորձում են թելադրել, այսպես ասած, խաղաղասիրական օրակարգ: Անարդարությունից չի կարող ծնվել ոչ ներքին կայունություն, ոչ էլ արտաքին խաղաղություն»:
Կարդացեք նաև
Շարունակելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի թեման, Սերժ Սարգսյանն ասաց. «Բոլորդ գիտեք, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձը իրեն հակառակորդ համարողի հետեւից չի խոսում, չի բամբասում, չի աքլորանում, իսկ թե ինչպես էր ժամանակին իրեն պահում Իլհամ Ալիեւն իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ շատ լավ հիշում, այլեւ համանախագահներն ու նրանց երկրների ղեկավարները»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը՝ հավելելով, որ եթե ինչ-ինչ ուժեր սկուտեղի վրա Ալիեւին նվեր են մատուցել, բայց ինքն էլ գիտի, որ եւ ինքը, եւ հայրը, պարտվել են Հայաստանի նախորդ երեք նախագահներին՝ թե ռազմի դաշտում, թե դիվանագիտության դաշտում:
«Արցախի հարցը լուծված չէ, քանի դեռ հստակեցված չէ Արցախի կարգավիճակի հարցը եւ քանի դեռ արցախահայության անվտանգությունը լրջագույն սպառնալիքի տակ է ամեն օր եւ ամեն ժամ»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ հույս ունի, որ հայ ժողովուրդը չի մոռացել իր արժանապատվության եւ իրավունքների մասին, չի մոռացել իր հազարամյակների դառը դասերը եւ հետեւություններ կանի քանի դեռ ուշ չէ:
Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ