Իրանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սկսել է ցամաքայի զորքերի զորավարժությունները, հաղորդում է թուրքական «Անադոլուն»:
Ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Քիումարս Հեյդարին հայտարարել է, որ զորավարժություններին մասնակցում են զրահատանկային, հրետանային զորամիավորումները, անօդաչուներ, ռադիոտեղորոշիչ պայքարի սարքեր, ինչպես նաև օդային դեսանտի ուղղաթիռներ:
«Զորավարժություններն անցկացվում են պատրաստականության աստիճանը բարձրացնելու նպատակով: Նույնպիսի զորավարժություններ անցկացվում են հարևան երկրներում: Անցյալ ամիս մեր սահմանի մոտ անցկացվել է 4-5 զորավարժություն: Այս պահին զորավարժություններ են անցկացվում Թուրքիայում, և այդ գործընթացը շարունակվում է»,- ասել է նա:
Գեներալը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների ժամանակ «երկրներից մեկի նախաձեռնությամբ» «Իսլամական պետության» ահաբեկիչներ են տեղակայվել Իրանի սահմանակից գոտում:
Կարդացեք նաև
«Իրանը զգայուն է վերաբերում այս տարածաշրջանի երկրների պաշտոնական սահմանների փոփոխությանը և դա անընդունելի է համարում: Իրավական սահմանները պետք է պահպանվեն: Երկրներից մեկի՝ իր սահմանները պաշտպանելու խոցելիությունը չի արդարացնում մյուսի ձգտումը՝ օտարերկրացիների օգնությամբ փոխել այդ սահմանները: Իրանն այդպիսի բան թույլ չէր տա»,- ասել է գեներալը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ