Ֆինլանդիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Մարգարիտա Առաքելյանը արեց գրեթե անհավանականը: Նա 87 կգ քաշային կարգի չեմպիոնական ոսկին նվաճեց ֆանտաստիկ պայքարում:
Պոկում վարժությունից հետո Մարգարիտան 86 կգ-ով 5-րդն էր ու առաջատարին զիջում էր վեց կիլոգրամով: Թվում էր, թե նա հնարավոր է, ընդհանրապես տեղ չզբաղեցնի պատվո պատվանդանին՝ առավել եւս, որ առաջատարները վատ հանդես չէին գալիս նաեւ հրում վարժությունում:
Մարգարիտան սկսեց մեկնարկային բավականին բարձր քաշով՝ 109 կգ: Սակայն իրադարձությունները զարգացան այնպես, որ բոլոր մրցակիցներին շրջանցելու համար անհրաժեշտ էր ծանրաձողի քաշը բարձրացնել միանգամից յոթ կգ: 116 կգ-ն մեկ անգամ չենթարկվեց Մարգարիտայի կամքին, սակայն որոշիչ մոտեցմամբ նա մեծ ջանքերի գնով ծանրաձողը պահեց գլխավերեւում եւ երկամարտի 202 կիլոգրամով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, միաժամանակ փոքր ոսկու արժանանալով նաեւ հրում վարժությունում:
Կարդացեք նաև
Ու պատահական չէր, որ պայքարի ավարտից հետո բացի մեր մարզիչներից ու թիմակիցներից, Մարգարիտա Առաքելյանին մոտենում եւ շնորհավորում էին նաեւ մրցակիցներն ու նրանց մարզիչները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ