«Չեմ կարող ասել՝ անհրաժեշտություն կա, թե ոչ։ Եթե նախարարն ասել է, ինքն ավելի լավ կիմանա։ Նա նաեւ քառասուն դատավորների ցուցակից էր խոսում։ Գուցե ինքն ավելի շատ տեղեկատվություն ունի։ Եթե կան դատավորներ, որոնք իրենց գործունեությամբ վտանգում են մեր համակարգն ու հեղինակազրկում այն, ուրեմն թող նախարարի միջոցներով կամ իրավապահներով փորձեն դա լուծել»,-դատավորների ընդհանուր ժողովից առաջ այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, թե իր պաշտոնավարման օրոք ականատես կլինենք «վեթինգի» առաջին դրսեւորումներին, եւ որ ինքն ավելի շատ կարգապահական վարույթներ է հարուցելու դատավորների հանդեպ՝ ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։
Նա նշեց․ «Բայց իմ մոտ տպավորություն է, որ միայն խոսում ենք դատավորներին պատժելու, պատասխանատվության ենթարկելու մասին, կարծես համակարգն այլ խնդիրներ չունի, կարծես չունենք շատ ծանրաբեռնված դատավորներ, կարծես չկան դատական համակարգի այլ խնդիրներ։ Եթե կան վատ դատավորներ, թող չաշխատեն, բայց լավ կլինի, թե նախարարն իր ծրագրերը ներկայացնի, ասի, թե ինչ է նախատեսում դատավորների ծանրաբեռնվածությունը թուլացնելու համար։ Կամ, նախարարն ուշադրություն դարձրե՞լ է, որ փաստաբանական համայնքը շատ կտրուկ դիրքորոշումներ է հայտնում որոշ դատավորների մասին։ Ընդ որում, նրանք փաստաբաններ են, որոնք ունեն հեղինակություն։ Կամ, եթե մի գործը մակագրվում է այսինչ դատավորին, փաստաբանները ցավակցում են իրար։ Այդ գնահատականն օբյեկտի՞վ է։ Եթե այո, դրա դեմը պետք է առնել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ