Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատասխան են տալու իմ սահմանադրական իրավունքը խախտողները»․ դատավոր Մխիթար Պապոյան

Հոկտեմբեր 01,2021 17:02

«Ոչ, փոփոխություն չեմ տեսնում։ Ինչպես աշխատել եմ, այդպես էլ շարունակում եմ աշխատել»,-դատավորների ընդհանուր ժողովից առաջ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունն այս վերջին տարիներին ազդե՞լ է իր աշխատանքի վրա, թե ոչ։ «Երբ իմ գործելաոճում փոփոխություն կլինի, այլեւս չեմ աշխատի»,-վստահեցրեց նա։

Մեկնաբանելով ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հայտարարությունը, թե իր պաշտոնավարման օրոք ականատես կլինենք «վեթինգի» առաջին դրսեւորումներին, Մխիթար Պապոյանը նկատեց․ «Ես չեմ կարող գնահատական տալ, որ դատական իշխանությունը կատարյալ է։ Կատարյալ մարմին չկա։ Ինչպես եւ կատարյալ չեն իշխանության մյուս ճյուղերը։ Գործադիր եւ օրենսդիր մարմիններն արդեն երեք տարի խոսում են «վեթինգից», բայց ես այդպես էլ չհասկացա, թե այդ «վեթինգ» ասվածն ինչ է, ինչ է լինելու, կամ լինելու է, թե ոչ․․․որեւէ մտավախություն չունեմ, անգամ՝ աշխատանքս կորցնելու։ Այնուամենայնիվ, նախարարը քառասուն դատավորի մասին էլ էր խոսում։ Տարիներ շարունակ տարբեր դատավորների մասին խոսակցություններ կան։ Ուստի ուզում եմ հասկանալ՝ որտեղի՞ց է գալիս տեղեկությունը, թե այդ ցուցակի այս կամ այն դատավորն ինչ է արել կամ ինչպես է իրեն դրսեւորել։ Եթե դա օպերատիվ տեղեկություն է, օպերատիվ մարմինն ինչո՞ւ հետեւողականորեն չի աշխատում։ Իսկ եթե ոչ օպերատիվ մարմնի տեղեկություն է, կամ ասեկոսեի արդյունք, ապա սխալ է ասեկոսեի արդյունքում գնահատական տալը դատավորին։ Եթե օպերատիվ տեղեկություն է, ապա ինչո՞ւ է այն հասնում նախարարին, փոխանակ օպերատիվ մարմնում իրագործվի։ Կուզեի, որ բացահայտվի, եթե դա իրականություն է։ Ամեն դեպքում, երեք տարի ասում են, որ «վեթինգ» պետք է անեն»։

Մխիթար Պապոյանը դժվարացավ ասել, թե ինչու էր իշխանությունն ի վերջո «վնգստացող դատավորներ» արտահայտությունը կիրառում․ «Չեմ կարող ասել, թե նպատակը որն էր։ Այնուամենայնիվ, դատական իշխանությունը տարբեր հայտարարությունների պատճառով նվազեցրեց վարկանիշը։ Դա լրագրողների համար էլ է ակնհայտ։ Հնարավոր չի խոսել մի համակարգի վատ լինելու մասին եւ դրանով վատ ազդեցություն չունենալ»։

Ապա Մխիթար Պապոյանը հաստատեց մամուլի տեղեկությունները, որ ԱԱԾ-ն գաղտնալսել է, այդ թվում վերաքննիչ քրեական դատարանի որոշ դատավորների․ «Ուզում եմ հասկանալ՝ երկու եւ ավելի տարի քրեական գործ կա։ Վերջապես ուզում եմ իմանալ, թե ինչ ելք է այն ունենալու։ Վերջերս այն կասեցվեց, հետո վերսկսվեց։ Ստացել եմ համապատասխան որոշումը, սեղանիս դրած է, չեմ էլ բացել։ Չի հետաքրքրում, որովհետեւ մտավախություն չունեմ։ Ի՞նչ են քննում, ո՞ւմ վերաբերյալ, չեմ կարող պատասխանել։ Այո, իմ հանդեպ որոշակի միջոցառումներ են իրականացվել, այդ թվում՝ գաղտնալսման ձեւով։ Բոլոր նրանք, ովքեր առնչվել են եւ իմ սահմանադրական իրավունքն են խախտել, կարծում եմ, պատասխան են տալու իրենց սխալի համար։ Սա գործընկերներիս էլ է վերաբերում։ Գաղտնալսումը եւ հեռախոսազանգերի վերծանումը ստանալն առանց դատարանի թույլտվության ստանալ հնարավոր չէ։ Գիտեմ, թե ով է թույլ տվել, չեմ շտապի ասել»։

Հիշեցնենք՝ դատավոր Դավիթ Հարությունյանին հարցաքննել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ անձնական երաշխավորություն կիրառելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի 2019թ. մայիսի 18-ի որոշման գործով․ «Վանոյի Արտակ» անունով անձը գրառում էր կատարել, թե այդ որոշումը Դավիթ Գրիգորյանի փոխարեն գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու եւ Արշակ Վարդանյանի կողմից:

Ինչ վերաբերում է վերաքննիչ քրեական դատարանի՝ դատական գործերի էլեկտրոնային մուտքագրման համակարգիչը ԱԱԾ-ի կողմից առգրավվելուն, Պապոյանն ասաց, որ ժպիտով է դրան նայում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031