Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ տնակներին, խավարին, մթությանը․ Գյումրու քաղաքային ղեկին ձգտող ՔՊ-ի խոստումները՝ Շիրակի մարզպետի մատուցմամբ

Հոկտեմբեր 01,2021 16:54

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքային իշխանության ղեկը ստանձնելուն պես կմշակի ու կհաստատի Գյումրու նոր գլխավոր հատակագիծը, կսահմանի Գյումրու տարածքային զարգացման ուղղությունները, կգույքագրի ապօրինի շինությունները ու առանձնահատուկ ուշադրություն կդարձնի օտարման ոչ ենթակա տարածքներում իրականացված կառուցապատումներին։

Այս մասին երեկ ուշ երեկոյան Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում ասաց Շիրակի մարզպետ, ՔՊ-ի Գյումրու քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանը՝ դրույթ առ դրույթ ներկայացնելով իրենց նախընտրական ծրագիրը։

«Մեր ամենակարևոր խոստումն այն է, որ յուրաքանչյուր գյումրեցի 5 տարի հետո զգալու է այն փոփոխությունները, որոնք մենք իրականացնելու ենք։ Եվ այդ փոփոխությունները, որոնք որ նշված են մեր ծրագրում, նշված են միայն իրատեսական լինելու պայմանով, որովհետև ոչ իրատեսական խոստումները մեր համար չեն, մեր քաղաքական ուժի համար չեն»,-ասաց մարզպետը։

Ըստ նրա, իրականությունը չպիտի գունավորել մեզ ցանկալի գույներով։

«Մենք բոլորս հպարտ ենք, որ Գյումրին այն քաղաքն է, որն ունի դեմք։ Եվ այդ դեմքը պահպանելը և զարգացնելը կարծում եմ Գյումրու քաղաքային իշխանությունների համար պետք է լինի ամենաառաջնային կետերից մեկը»,- ասաց Հովհաննես Հարությունյանը։

Նա նաև ասաց, որ կարևոր ուղղություններից է ժամանակավոր կացարաններում բնակվող գյումրեցիներին բնակարաններով ապահովելու հարցը։

«Վիճակագրությունը նայելուց տեսնում ենք, որ ավելի շատ բնակարան է կառուցվել, քան ունեցել ենք շահառու, բայց թե՛ կառուցումը, և թե՛ հետագայում մարդկանց բնակարաններով ապահովելը պետք է լիներ հստակ վերահսկողության ներքո։ Եվ այդ վերահսկողության բացակայությունն այդ պրոցեսների հանդեպ, կարելի է ասել անգամ անլուրջ վերաբերմունքն է բերել նրան, որ մենք այսօր Գյումրիում ունենք 3 հազարին մոտ թիվ»,-ասաց մարզպետը։

Նա հայտարարեց, որ Գյումրի քաղաքում տնակներ չեն լինելու, իրենք ունեն քաղաքական որոշում։

ՔՊ-ի նախընտրական ծրագրում անդրադարձ կա նաև թանգարանների արդիականացմանը, Գյումրու լուսավորության ցանցի բարեկարգմանը։ Այն, ըստ մարզպետի, առանձնահատուկ կարևոր է, քանի որ Գյումրին ունի զբոսաշրջիկների մեծ հոսք։

Թեկնածուն նաև նշեց, որ իշխող քաղաքական ուժի ուշադրության կենտրոնում կլինի Գյումրու վեց գետնանցումների գործարկումը։ Դրանք այս պահին չեն օգտագործվում, մինչդեռ պետք է բարեկարգել ու թեկուզև պարտադրելով՝ հին մշակույթը հետ բերել։

Խոսելով հանրային տրանսպորտի մասին` Հովհաննես Հարությունյանն ասաց, որ այս տարի սուբվենցիոն ծրագրով ձեռք են բերվել մարդատար մինի ավտոբուսներ և այժմ մշակվում է Գյումրու նոր երթուղային ցանցը։

«Մենք պետք է լինենք այն երաշխավորը, որ այլևս գծեր, գծատերեր, գծեր կառավարող անհատներ չեն լինելու, դա իրականացվելու է կոնկրետ քաղաքի կողմից, կունենանք տրանսպորտը ղեկավարող քաղաքային ենթակայության կազմակերպություն։ Կառավարության հետ ևս մեկ սուբվենցիոն ծրագիր կիրականացնենք, կավելացնենք այդ մեքենաների քանակը և կունենանք հստակ երթուղային ցանց՝ իր ժամանակացույցով, որպեսզի մարդը իր ժամանակը պլանավորելուց, տեղից տեղ գնալուց հստակ իմանա՝ որ ժամին դուրս գա, կհասնի»,- ասաց բանախոսը։

Նա նշեց, որ 21-րդ դարում այնպիսի երթուղային ցանց ունենալ, ինչպիսին հիմա ունի Գյումրին, պատվաբեր չի լինի այն քաղաքային իշխանությանը, որը կվերցնի քաղաքի կառավարումը։

Հովհաննես Հարությունյանը նշեց նաև, որ Գյումրին պարտադիր պիտի ունենա պատկերասրահներ, նկարչական ու երաժշտական դպրոցները պետք է համալրվեն նոր գույքով, տեխնիկայով, արդիականացվեն։ Ուշադրություն է դարձվելու մարզադպրոցների պայմաններին։

Նա խոսեց նաև աղբահանությունից, դրա վերամշակման հնարավոր մեթոդներից։

«Աղբահանության արդի վերամշակման մեթոդներ ներդնելը Գյումրի քաղաքում, քաղաքային իշխանության համար սեղանի վրայի օրակարգ պիտի լինի»,- ասաց բանախոսը։

Ըստ նրա, այդ դեպքում աղբի վերամշակմամբ զբաղվող միջազգային ներդրողների համար Գյումրին հետաքրքիր կլինի։

Նա նաև խոսեց քաղաքի համաչափ զարգացումից՝ նշելով, որ թեև քաղաքի միջուկը զարգանում է, սակայն կան թաղեր, որտեղ քաղաքի զարգացումը կանգ է առել 1980-ական թվականներին, բնակիչները չեն զգում 21-րդ դարի շունչը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031