Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկուկես ԱԹՍ-ի բյուջե ունենք». «Գիտուժ» նախաձեռնության անդամ

Հոկտեմբեր 01,2021 16:42

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը գրառում էր արել, որ ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել 2022 թվականի պետական բյուջեի նախագծին: Ըստ այդմ՝ նախատեսվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ֆինանսավորումն ավելացնել 27.4%-ով, ինչը կկազմի 223 մլրդ դրամ: Միայն գիտության ֆինանսավորումը կավելանա 82%-ով։

«Գիտուժ» նախաձեռնության պահանջների մեջ էր անցյալ տարվա գիտության ֆինանսավորումը 50 տոկոսով ավելացնելը, սակայն ընթացքում ավելացավ երկու միլիարդով: Եթե անցյալ տարվա համեմատ նայենք այս ամենը, ապա ֆինանսավորումը աճել է ոչ թե 80 տոկոսով, այլ 60-ով»,- «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ նշեց «Գիտուժ» նախաձեռնության անդամ Գեւորգ Սաֆարյանը: Ապա կատակեց, որ մեկուկես ԱԹՍ-ի բյուջե ունենք` գիտության համար նախատեսված:

«Ամեն դեպքում՝ դրական տեղաշարժ ունենք, թե որքանով է դա լուծելու խնդիրները, դեռ կխոսենք»,- հավելեց նա:

«Գիտուժ» նախաձեռնության անդամներից Նարեկ Վարդանյանը շեշտեց, թե որքան կարեւոր են գիտության եւ գիտահետազոտական ոլորտին հատկացվող գումարները եւ ինչպիսի կենսական նշանակություն ունեն մեր երկրի համար: «Երկրի կայուն զարգացման, համաշխարհային խնդիրներ լուծելու եւ համաշխարհային արժեք ստեղծող երկիր դառնալու համար պետք է բյուջեում նվազագույնը չորս տոկոսի չափով սահմանված լինի ֆինանսավորումը»,- ասաց Նարեկ Վարդանյանը:

Նրա խոսքով, չնայած դեռ հեռու ենք այդ ցուցանիշից, բայց պետք է արձանագրել, որ կատարվածը բավական դրական երեւույթ է, հատկապես, որ գիտությունը դասվել է առաջնահերթությունների շարքին:

Տարածված դիտարկմանը, որ ոչ թե պետությունը պետք է վճարի, այլ գիտությունը փող բերի, Նարեկ Վարդանյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Գիտությունը դասվել է այն երեք առաջնահերթությունների շարքին, որոնց առնչության պետությունը պատրաստվում է քայլեր ձեռնարկել, ե գումարի ավելացումն էլ ուղղված է այդ հարցի լուծմանը»:

Հարցին` այդ գումարով ինչ հարց կարելի է լուծել, Գեւորգ Սաֆարյանը պատասխանեց. «Գումարի մի մասը նախատեսված է խոստացված աշխատավարձերի բարձրացմանը; Ակնկալում էինք, որ եկող տարի այդ աշխատավարձերը ավելի բարձր կլինեին, բայց կառավարությունը երեքից չորս տարվա ծրագիր է ներկայացրել աստիճանաբար աշխատավարձները բարձրացնելու համար, եւ դա առաջին փուլի բարձրացման բյուջեին է միտված: Գումարը նաեւ ուղղվելու է որոշ ենթակառուցվածքներին, մի մասը նախատեսված է լրացնել այլ աղբյուրներից` եվրոպական աջակցության ծրագրերի շրջանակում, սակայն դա եւս բավարար չէ:

30 տարի գիտական ենթակառուցվածքները քայքայվել են եւ հիմա արդիականացման լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, որով նոր շունչ կհաղորդվի գիտահետազոտական ընկերությունների, ինչպես նաեւ նոր ձեւավորվող ուղղությունների ենթակառուցվածքների համար: Կարծում եմ, որ այս դրական քայլը, որը արվել է կառավարության կողմից, պետք է շարունակել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031