«Շարժառիթները չգիտեմ, դժվար է կռահել։ Ժամանակը երեւի ցույց կտա, թե ինչ նկատի ունեն, ում նկատի ունեն։ Ինչ-որ քառասուն անձանց ցուցակի մասին է»,-դատավորների ընդհանուր ժողովից առաջ այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, թե իր պաշտոնավարման օրոք ականատես կլինենք «վեթինգի» առաջին դրսեւորումներին՝ ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։
Հարցին ի պատասխան, թե «վեթինգի» կարիք արդյոք կա՞, նա դժվարացավ գնահատական տալ․ «Երեւի առաջիկայում փաստերով հնարավոր կլինի գնահատել։ Նորմալ աշխատում ենք, ամեն մեկս իր դիրքում է»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ տեղեկություններ կան, որ դատավորների հանդեպ կարգապահական վարույթներն են ավելանալու, սա սպառնալի՞ք է։ «Ես որ սպառնալիք չեմ զգում։ Ավելանալու են՝ թող ավելանան, ինչ ասեմ։ Համենայն դեպս արդեն միանշանակ է, որ եվրոպական համապատասխան կառույցներն արձանագրել են՝ արդարադատության նախարարը չպետք է ունենա դատավորների հանդեպ վարույթ հարուցելու այդ գործիքակազմը։ Նյութական դատավարական իրավունքի խախտումների առումով, կարծում եմ, կան արդարադատությանը խոչընդոտելու եւ դատավորի անկախությանը միջամտելու ռիսկեր»,-պատասխանեց Արշակ Վարդանյանը։
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ դատավորի անկաշկանդ լինելու վրա ինչպե՞ս են ազդում խոսակցությունները, թե դատավորների մի մասը քաղաքական պատվեր է կատարում։ «Փորձում եմ նման խոսքերին եւ արտահայտություններին ուշադրություն չդարձնել։ Աշխատում եմ նույն կերպ։ Որեւէ պաշտոնյա կամ քաղաքացի չի կարող դատավորի վրա ազդել, եթե դատավորը նման հակումներ չունի։ Անձամբ ես այդպիսին չեմ, վստահեցնում եմ, որ չեմ էլ լինելու»,-համոզմունք հայտնեց Արշակ Վարդանյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ