Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Պիպոյան․ «Մարդկանց սննդակարգը վատացել է համավարակի պայմաններում»

Հոկտեմբեր 01,2021 15:13

Հայաստանի բնակչության սննդակարգի 33%-ը կազմում է հատիկեղենը եւ ալրային հիմքով մթերքը։

Այս եզրակացության է հանգել ԳԱԱ էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնը, որն իրականացրել է բնակչության սնուցման կարգավիճակի գնահատում՝ «Պարենային անվտանգության, սննդանյութերի գնահատման գիտամեթոդական կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։

Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը ներկայացնելով հետազոտության արդյունքները, նշեց՝ առաջին անգամ է, որ ամբողջ հանրապետությունում նման հետազոտություն է իրականացվել։

«Այս հետազոտությունը ցույց տվեց, որ ՀՀ-ում, մասնավորապես Երեւանում, հացի սպառման ծավալները կրճատվել են։ Եթե օրինակ՝ Երեւանում 2015-16 թվականներին օրական 270-280 գրամ հացի սպառում ունեինք, ապա 2021 թվականին օրական միջինը 180-220 գրամ է»,-ասաց Դավիթ Պիպոյանը։

Մեր բնակչության սննդակարգում թեեւ 33%-ը կազմում են հատիկեղենն ու ալրային հիմքով մթերքը, բայց, ինչպես Պիպոյանն ասաց, այս խմբում ամենամեծ բաժինն ունի հացն ու ալրային հենքով սնունդը։

«Բազմաթիվ ընտանիքներ ԵԱՏՄ սահմանած օրական 2500 կիլոկալորիան չեն  կարողանում ապահովել, ստանում են ընդամենը 1600-2000 կիլոկալորիա»,-նշեց մասնագետը։

Նրա ներկայացմամբ՝ ընտանիքը, որի մեկ անդամը օգտագործում է 250-300 գրամ հաց, ինչը տիպիկ քաշ է հատկապես գյուղաբնակների դեպքում, արդեն իսկ օրական ստանում է 800-ից ավելի կալորիա միայն հացի միջոցով, այսինքն, միայն 50%-ը հացի միջոցով է ստանում։

«Սպիտակուցներն էլ շատ կարեւոր են սննդակարգում, բայց հետազոտության համաձայն, սպիտակուցների 51%-ը ստանում են կրկին ալրային հենքով եւ հատիկեղենի սպառման արդյունքում։ Մեր երկրում այս սպիտակուցները ստանում են հիմնականում բուսական ծագում ունեցող մթերքներից, իսկ այլ երկրներում ստանում են ավելի շատ կենդանական ծագում ունեցող մթերքներից՝ կաթ, կաթնամթերք, միս, մսամթերք, որովհետեւ օրգանիզմի կողմից ավելի բարձր կենսամատչելիություն ունեն կենդանական ծագում ունեցող մթերքները։ Եթե այլ երկրներում դա կազմում է 5-50%, ապա Հայաստանում՝ 15%»,-նշեց Պիպոյանը։

Նրա խոսքով՝ միջազգային մասնագիտացած կառույցները խորհուրդ են տալիս օրական առնվազն 400 գրամ միրգ-բանջարեղեն օգտագործել, եւ ինչպես մասնագետը վստահեցրեց, Հայաստանում այս մթերքը սպառում է հիմնականում ամռանը, երբ այն մատչելի է լինում, եւ օգտագործում են հիմնականում սեխ, ձմերուկ, լոլիկ, վարունգ․ «Բայց սննդակարգը պետք է բազմազան լինի տարին տասներկու ամիս»։

Մասնագետի ներկայացրած տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ մեր բնակչությունը օրական ստանում է ընդամենը 71 գրամ սպիտակուց, 245 գրամ ածխաջուր, 41,91 գրամ ճարպ, մինչդեռ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված է, որ մարդը պետք է ստանա 75 գրամ սպիտակուց, ճարպերի 83 գրամ։

Հատիկեղենի բազմազանության պարագայում, ըստ մասնագետի, մեր բնակչության մեծամասնությունն օգտագործում է ընդամենը երկու տեսակը՝ բրինձ ու հնդկաձավար․ «Հազարից ավելի քաղաքացիների շրջանում հարցում ենք իրականացրել, որեւէ մեկը չի ասել, որ ոսպ է օգտագործել»:

Դավիթ Պիպոյանի խոսքով՝ ուսումնասիրել են մեր բնակչության սննդակարգը նաեւ համավարակի ժամանակ, եւ եկել այն եզրահանգման, որ մարդկանց սննդակարգը վատացել է համավարակի պայմաններում․ «Սա անակնկալ չէր, բայց անակնկալ էր, որ դեպի վատորակ սնունդ փոփոխությունը տեղի էր ունեցել ոչ միայն խոցելի ընտանիքներում, որոնք եկամուտ կամ աշխատանք էին կորցրել, այլեւ այն ընտանիքներում, որոնք ֆինանսական խնդիրներ չունեին։ Այսինքն, մնալով տանը, մարդիկ ոչ թե աղցան են պատրաստել, բանջարեղեն կերել, այլ պատրաստել են քացրավենիք, ադի-բուդի, եւ այն մարդիկ, որոնք աշխատանքային առօրյայում ֆասթ-ֆուդ էին օգտագործում, տանը մնալով նույնն են արել։ Այս հետազոտությունը հաստատեց այն թեզը, որ Հայաստանում վատորակ սնունդ սպառելը պայմանավորված չէ բացառապես ֆինանսական միջոցներով։ Անշուշտ, կապ կա աղքատության եւ սննդակարգի միջեւ, չի կարող ցածր եկամուտ ունեցող ընտանիքը բոլոր անհրաժեշտ մթերքներն օգտագործի։ Ըստ հետազոտության, 20%-ը չի ստանում անհրաժեշտ կալորիաները, սա պայմանավորված է ցածր եկամուտով»։

Թվում է, թե գյուղական բնակավայրերում, որտեղ գրեթե բոլորը միրգ-բանջարեղեն են աճեցնում, պետք է մշտապես օգտագործեն, սակայն, ինչպես Պիպոյանն է ասում, նրանց միրգ-բանջարեղենն օգտագործում են միայն հասունացման սեզոնին, իսկ ցուրտ սեզոնին, երբ սովորաբար ցիտրուսային միրգ են օգտագործում, գյուղացիները չեն կարող իրենց թույլ տալ նման մրգեր գնել։

Արդյոք հնարավոր է քիչ եկամտի դեպքում ճիշտ սննդակարգ ունենալ եւ համարժեք կիլոկալորիա ստանալ, Պիպոյանն ասաց ՝ մեկ քաղաքացին 22-30 հազար դրամ կարող է ծախսել, որպեսզի հնարավորին նորմալ սննդակարգ ունենա, իսկ եթե ընտանիքում չորս անդամ կա, եւ մեկն է աշխատում, կամ երկուսը, դա նշանակում է եկամտի կեսը կամ մեծ մասը պետք է ծախսեն սննդամթերքի վրա, մինչդեռ մարդիկ այլ կարիքներ էլ ունեն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031