Լրահոս
Օրվա լրահոսը

72 հազար դրամ սոցփաթեթի գումարն առաջարկվում է կրկնապատկել պաշտոնյաների պարգեւավճարների հաշվին

Հոկտեմբեր 01,2021 14:47

Այսօր ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու նախագիծը: Այս նախագծով սոցփաթեթից օգտվողները կարող են նաեւ այլ ծառայություններից օգտվել, մասնավորապես, այցելել մարզաառողջապահական եւ սպորտային համալիրներ, լողավազաններ:

Թադեւոս Ավետիսյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն առաջարկեց սոցփաթեթի գումարը՝ 72 հազար դրամը կրկնապատկել, շահառուների թիվը մեծացնել՝ ընդգրկելով նաեւ ՀԿ-ների աշխատողներին եւ բացի այդ, նախագծով կարգավորել նաեւ պաշտոնյաների պարգեւավճարի հարցը: Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ նախագծի նպատակից կշեղվեն ու կհեռանան:

Ռուբեն Սարգսյան

Ինչ վերաբերում է 72 հազար դրամի կրկնապատկմանը, փոխնախարար Ռուբեն Սարգսյանը հարցրեց, թե որտեղի՞ց վերցնեն այդ գումարը, ո՞ր ոլորտից կրճատեն: Թադեւոս Ավետիսյանը պատասխանեց, որ մի տեղ գիտի. «Դա բարձրաստիճան պետական պաշտոնյաների ֆոնդն է, միանգամից կարելի է դա վերցնել ու ուղիղ տանել դեպի սոցփաթեթի շահառուների ֆոնդ»:

Հերիքնազ Տիգրանյան

Հերիքնազ Տիգրանյանը նկատեց, որ «բարձրաստիճան պետական պաշտոնյայի» սահմանումը չունեն, ովքե՞ր են մտնում դրա մեջ: Ավետիսյանը մանրամասնեց. «Կարելի է սահմանումը տալ, օրինակ՝ վարչապետ, փոխվարչապետ, նախարար, փոխնախարար, պատգամավոր, տարբեր մարմինների ղեկավարներ, քաղաքական պաշտոններ: Սա՝ մեկ աղբյուր: Վստահաբար կան էլի աղբյուրներ: Համաձայն «Պետբյուջեի մասին» նախագծի, եկամուտները 30% աճելու են: Կան այդ հնարավորությունները, խնդիրը փողը չի, այլ մոտեցումն է: 72 հազար դրամը կարող է առնվազն դառնալ 140 հազար դրամ, 66 հազար 140 դրամ բազային աշխատավարձն էլ ավելացնել: Սա շատ կարեւոր է: Հացի սեղանին երբ որ հացն է պակասում, մեծ հաշվով եթե սեւ իկրա էլ դնեն՝ բան չի փոխի»:

Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ բազային աշխատավարձը փոխելու պարագայում ամբողջ պետական ապարատի աշխատավարձի գործակցի սանդղակներն են փոխվում: Թադեւոս Ավետիսյանի առաջարկները դրվեցին քվեարկության եւ մերժվեցին:

Նա հայտարարեց, որ կառավարության նախագծին ինքը ձեռնպահ կքվեարկի, քանի որ իր առաջարկները չընդունեցին: Կառավարության նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031