Լրահոս
Օրվա լրահոսը

Լենա Նազարյանն առաջարկում է հեշտացնել սոցփաթեթով հանգստի գնալու հնարավորությունը

Հոկտեմբեր 01,2021 13:52

Ինչո՞ւ չեք ընդլայնում սոցփաթեթից օգտվողների շրջանակը. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն այսօր ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում այսպիսի հարց ուղղեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանին:

Հիշեցնենք, որ հանձնաժողովում քննարկվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու նախագիծը: Այս նախագծով սոցփաթեթից օգտվողները կարող են նաեւ այլ ծառայություններից օգտվել, մասնավորապես, այցելել մարզաառողջապահական եւ սպորտային համալիրներ, լողավազաններ:

Թադեւոսյանն առաջարկում է, որ սոցփաթեթի համար տրվող 72 հազար դրամը ավելացնեն. «Ձեր դրած նպատակը եւ ձեր բերած լուծումը բացարձակ իրար հետ կապ չունեն»:

Ռուբեն Սարգսյանը պատասխանեց, որ այս նախագիծը արտահերթ նիստով են քննարկում, քանի որ նախորդ գումարման ԱԺ-ում քննարկել են, հետո ընտրություններ եղան ու այն մնաց: Բացի այդ, շահառուները հարցուփորձ են անում, ինչո՞ւ նրանց սպասել տալ: Նախագծի շահառուները 147 հազար 500 հոգի են՝ ուսուցիչներ, ատոմակայանի աշխատողներ, դպրոցների աշխատակիցներ, տարբեր պետական հիմնադրամների, ՊՈԱԿ-ների աշխատակիցներ:

ՔՊ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ասաց, որ մանկավարժ են ոչ միայն դպրոցի աշխատակիցները, այլ արվեստի դպրոցների աշխատակիցները, հնարավոր չէ՞ մեծացնել շահառուների ցանկը՝ այլ ոլորտներում աշխատող մանկավարժների համար: Փոխնախարարը պատասխանեց, որ շահառուների ցանկն ընդլայնելու հարցը քննարկման փուլում է:

ՔՊ պատգամավոր Լենա Նազարյանն ասաց, որ երբ մարդն ուզում է սոցփաթեթով գնա հանգստանալու, ավելի բարդացվում է, քան, օրինակ, երբ այդ 72 հազար դրամը փոխանցվեր աշխատավարձին. «Գնում է տուրիստական կազմակերպություն, հետո ուզում են բանկից տեղեկանք, բանկը տալիս է տեղեկանք, թե որքան գումար կա սոցփաթեթի հաշվին, այդ տեղեկանքը տանում է նորից զբոսաշրջային կազմակերպություն, նոր ստանում ուղեգիր: Ավելի հեշտ կլիներ, եթե մարդը կանխիկացներ իր հաշվի գումարը ու գնար Ծաղկաձոր, Աղվերան՝ իր հանգիստը կազմակերպելու: Իմ պատկերացմամբ՝ այսպես հա՛մ մարդու կյանքն է բարդացվում, հա՛մ պետական ապարատն է սպասարկում սոցփաթեթի այդ ամբողջ աշխատանքը: Սոցփաթեթի իմաստը պետք է լինի այն, որ հեշտացնի մարդու՝ այդ ծառայություններից օգտվելու հնարավորությունը, այլապես իմաստ չունի»:

Նրա հետ համաձայն էր նաեւ Լիլիթ Ստեփանյանը՝ նշելով, որ մարդիկ կան՝ իրենց սոցփաթեթները վաճառում են ու մարդը ինչո՞ւ մտածի, թե իր սոցփաթեթը ում 5000 դրամով ավելի շատ վաճառի: Փոխնախարարը պատասխանեց, որ այդ գործընթացների վրա վերահսկողությունը մեծացնելու են:

Ռուբեն Սարգսյանը նաեւ նշեց, որ աշխատավարձը մի բան է, սոցիալական երաշխիքը՝ այլ բան. «Գումարը կանխիկացնելու դեպքում ոչ բոլորն են ծախսելու հանգստի վրա: Սա մարդկանց ուղղորդում է»: Ինչ վերաբերում է ընթացակարգը հեշտացնելուն՝ փոխնախարարը պատասխանեց, որ դրա վրա աշխատում են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031