Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանին առնչվող քրեական գործը հարուցվել է ապօրինի, հետեւապես հետագա ամբողջ նախաքննությունն ապօրինի է

Հոկտեմբեր 01,2021 15:00

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատախազաքննչական մարմինները փակ օղակում են հայտնվել, գիտակցում են՝ քրեական գործը փլուզման եզրին է. քրեական գործի հարուցումն ապօրինի է։

Մեր տեղեկություններով՝ քրեական գործը հարուցվել է մի ՍՊԸ-ի տնօրենի կողմից ուղիղ երկու տարի առաջ՝ 2019 թվականի սեպտեմբերին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա։ Ընդ որում՝ հաղորդումը վերաբերել է բնապահպանության նախարարության առանձին աշխատակիցների գործողությունների օրինականությանը։ Այս հաղորդման հիման վրա, իբր, նյութեր են նախապատրաստվել ու մեկ էլ ամիսներ անց որոշել, որ նոր տվյալներ են ի հայտ եկել ու հարուցել են քրեական գործ։

Ինչպես նշեցինք՝ հաղորդումն ստացվել է 2019 թվականի սեպտեմբերին, իսկ քրեական գործը հարուցվել է 2020 թվականի մարտի 30-ին, այսինքն՝ 6 ամիս անց՝ դատավարական ժամկետների կոպտագույն խախտմամբ։ Օրենքով սահմանված 10-օրյա ժամկետն (անհրաժեշտության դեպքում նյութերի նախապատրաստման ժամկետը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կարող է երկարացվել մինչեւ մեկ ամիս) անցնելուց հետո կատարված դատավարական գործողությունները համարվում են անվավեր, եթե ժամկետը չի վերականգնվում, մինչդեռ, տվյալ դեպքում նյութերի նախապատրաստման ժամկետը չի երկարացվել, չի վերականգնվել, հետեւաբար իրականացված բոլոր գործողություններն անվավեր են։

Ընդ որում՝ քրեական գործի հարուցման անօրինականությունն ի սկզբանե գիտակցել է նաեւ ՀՀ ոստիկանության ավագ օպերլիազորը, որը քրեական գործ հարուցելու որպես առիթ նշել է իր կողմից հանցագործության մասին տվյալներ ու հետեւանքներ հայտնաբերելը, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտել, որ իրականում հենց հաղորդման հիման վրա է հարուցվել քրեական գործը, քանի որ արձանագրել է, որ որոշման պատճենն ուղարկվել է նաեւ «դիմումատու»-ին։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենն ուղարկվում է միայն մեկ սուբյեկտի՝ հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հետեւաբար, սույն որոշումն ուղարկելով դիմումատուին, քրեական հետապնդման մարմիններն ընդունել են, որ նյութերը նախապատրաստվել են դրա հիման վրա։ Բացի այդ՝ խախտվել են ոչ միայն հանցագործության մասին հաղորդման քննարկման, այլեւ՝ ենթադրյալ հանցագործության դեպքի վերաբերյալ վաղեմության ժամկետը, քանի որ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել էր 2015թ. ենթադրաբար կատարված ոչ ծանր հանցանքի մասին եւ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրացել է դեռեւս 2017թ., հետեւաբար՝ 2020թ. մարտի 30-ին չէր կարող քրեական գործ հարուցվել դրանից չորս տարի առաջ ավարտված ոչ մեծ ծանրության հանցանք կատարված լինելու փաստով։

Այլ խոսքով՝ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է օրենքի միանգամից երկու կոպիտ խախտումներով, ինչը նշանակում է, որ նման պայմաններում բացակայում է Աղվան Հովսեփյանի վերաբերյալ դրվագով նախաքննություն կատարելու իրավական հիմքը՝ քրեական գործ հարուցելու օրինական որոշումը, հետեւաբար՝ բացակայում է նաեւ քրեական գործ հարուցելու որոշումից բխող մյուս բոլոր ընթացակարգերի կիրառման համար անհրաժեշտ նախապայմանը։

Սրանից բացի, ՀՔԾ-ն նաեւ փակ օղակում է հայտնաբերվել ապացույցներ հայտնաբերելու հարցում՝ խուզարկություններ են կատարվել Ա. Հովսեփյանին, նրա որդիներին, անգամ եղբայրների հետ համատեղ սեփականություն հանդիսացող տներում, սակայն քննության համար պիտանի ոչ մի նյութ, առավել եւս՝ ապացույց գտնել չի հաջողվել։

Հիշեցնենք, որ Ա.Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, կաշառք ստանալու, եւ, իբր, փողերը լվանալու համար, սակայն Արշավիր Սարգսյանի եւ Յուրա Ղարիբյանի ցուցմունքներում չկա որեւէ բառ անգամ, որ Ա. Հովսեփյանն իրենցից կաշառք է պահանջել կամ իրենք անձամբ կաշառք են տվել:

Հ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031