Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանի և Թուրքիայի միջև առճակատում անպայման լինելու է, իսկ որտե՞ղ է դա լինելու՝ ՀՀ տարածքում». Արման Աբովյան

Հոկտեմբեր 01,2021 13:04

«Սյունիքով Թուրքիայի և Ադրբեջանի միավորումը՝ կլինի, այսպես կոչված, զանգեզուրյան, թե այլ ձևաչափով, որը կենթադրի Թուրքիայի կողմից վերահսկողություն, կբերի Հայաստանի տարածքային ամբողջականության խարխլման: Դա ՀՀ մասնատման առաջին փուլն է»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան, ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արման Աբովյանը։

Ըստ նրա՝ այդ, այսպես կոչված, միջանցքը Թուրքիայի և Ադրբեջանի համար ունի կենսական նշանակություն: Արման Աբովյանը շարունակեց. «Այդ ճանապարհն ունի լուրջ նշանակություն նաև ՌԴ-ի և Իրանի համար: Ռուսաստանը լավ հասկանում է, որ թուրքական ներկայության ուժեղացումը, ռազմական ուժեղացումը ռեգիոնում, անխուսափելիորեն կբերի թուրքական սցենարով հայկական հարցի վերջնական լուծման, ինչը նշանակում է հայերի տարհանում, ոչնչացնում, դուրսմղում տարածաշրջանից: Ռուսները լավ հասկանում են, որ հաջորդը լինելու է ռուսական Հյուսիսային Կովկասը, որի հետ կապված Թուրքիան ունի հակասություններ»:

Հարցին՝ տարածաշրջանում իրավիճակին համարժե՞ք է ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, Արման Աբովյանը պատասխանեց. «Այն, ինչ իրենք խոսում են և նախագծեր են փորձում առաջ մղել, աբսուրդի մակարդակի են: Դրանք չեն համապատասխանում թե՛ ստեղծված իրավիճակին, թե՛ նախատեսվող սցենարներին, որոնք պիտի զարգանան: Մեկ շաբաթից ավելի փաստացի գերլարված ռազմական իրավիճակ է ՀՀ շուրջ: Իրանի և Թուրքիայի միջև ռազմական բախումը գնահատում եմ համարյա զրոյական, բայց առճակատում անպայման լինելու է: Իսկ որտե՞ղ է դա լինելու՝ ՀՀ տարածքում: Հիբրիդային պատերազմը հո միայն զենքով չէ՞: Երբ ադրբեջանական ուժերը կանգնեցնում են Իրանի քաղաքացիներին, ձերբակալում, դա հիբրիդային պատերազմի տարր է: Փաստացի պատանդ են վերցրել: Իսկ ՀՀ իշխանությունները վարդագույն երազների մեջ են: Ուղղակի սարսափելի է, եթե հասկանում են և վարում քաղաքականություն, որը տանում է ՀՀ մասնատման»:

Արման Աբովյանը կես-կատակ կես-լուրջ ասաց՝ միգուցե պետք է այդ մասին ՀՀ իշխանությունների՞ն տեղյակ պահել, զանգել ասել, որպեսզի հասկանան իրավիճակը:

Խոսելով Իրանի վարած քաղաքականության մասին՝ նա ասաց. «Իրանը գնում է խաղադրույքների բարձրացման՝ ցույց տալով, որ պատրաստ է յուրաքանչյուր զարգացման հանուն իր անվտանգության»:

Սահմանազատման և սահմանագծման առիթով ԲՀԿ-ական նախկին պատգամավորն ասաց. «Պետք է հասկանալ՝ ի՞նչ սկզբունքով են անելու սահմանազատումն ու սահմանագծումը: Սահմանագծում՝ նշանակում է թուրքական և ադրբեջանական զորքերի կողմից շրջափակման մեջ գտնվող ՀՀ տարածքների օրինականացո՞ւմ. եկեք պարզ խոսենք ու հասկանանք»:

Հարցին՝ իսկ ի՞նչ ճանապարհով պետք է գնան ՀՀ իշխանությունները, Արման Աբովյանը պատասխանեց. «Պետք է վերանայել ՀՀ արտաքին քաղաքականության դոկտրինը, ձերբազատվել պատերազմը ՀՀ տարածքին մոտեցնող՝ շինծու խաղաղություն բերող քաղաքականությունից: Պետք է հասկանալ, որ ՀՀ շահերը պետք է ամենից վեր դասվեն, քան տարբեր քարտեզներով սահմանագծում և սահմանազատումը: Այդ գործընթացը պետք է հիմնվի ոչ թե տարբեր քարտեզների վրա, այլ ՀՀ անվտանգության»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031