Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր կինոն թույլ է, մեկուսացված. անկման այս էջը պետք է շրջել. Հովհաննես Գալստյանի բաց նամակը՝ ԿԳՄՍՆ նախարարին

Հոկտեմբեր 01,2021 13:46

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին

Պարոն նախարար,
Ձեր գերատեսչությունը համառորեն խուսափում է պատասխանել ս․թ 27-07-2021թ-ին, ապա 29-09-2021թ-ին բաց նամակներով Ձեզ հասցեագրած հայ կինոյի պետական կառավարման մասին իմ վեց պարզ հարցերին։ Գուցե Ձեր ենթականերին թվում է՝ երկրում տիրող կառավարման քաոսի ֆոնին կինոյի հարցերը կարելի է անտեսել։ Բայց, ի տարբերություն Ձեր «կինոփորձագետների», ես հայկական կինոն դիտարկում եմ համաշխարհային կինոինդուստրիայի, ոչ Հայաստանի Հանրապետության կոնտեքստում։ Վերջին հինգ տարում հայ կինոն գրանցում է իր պատմության ամենախայտառակ արդյունքները։ Մեր կինոն թույլ է, մեկուսացված, չի գրավում հայ հանդիսատեսին, դուրս չի գալիս միջազգային  շուկա, չի ընդգրկվում խոշոր կինոփառատոնների մրցույթներում, երկրորդական փառատոների ծրագրերից հանվում է այլ երկրի պահանջով։ Ամոթի ու անկման այս էջը պետք է շրջել ու ես կրկնելու եմ հարցերը՝ Ձեզ սթափեցնելու, պատասխանները ստանալու, մեղավորներին բացահայտելու համար, որովհետև այդպես եմ տեսնում հայ կինոյի առողջացման ճանապարհը։

Մինչ հարցերին անցնելը, ներկայացնում եմ համաշխարհային կինոյի՝  մեր տարածաշրջանին վերաբերվող վերջին ուշագրավ լուրերը, ի գիտություն։

1.Կինոփառատոնների դասակարգման ամենաբարձր՝ Ա կարգը ունեցող Սան Սեբաստյանի փառատոնում իրականացվել է «Վրաստանը օբյեկտիվում» ծրագիրը։ Վրացական տասը կինոընկերություններ հրավիրվել են Իսպանիա՝ նախագծեր ներկայացնելու։ Ծրագիրը նախաձեռնել են Վրաստանի ֆիլմ հանձնակատարն ու Վրաստանի ազգային կինոկենտրոնը։ Սա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ նախորդ տարի Սան Սեբաստյանի գլխավոր մրցանակներից 4-ը ստացել է Դեա Կուլումբեգաշվիլիի «Սկիզբ» ֆիլմը, ինչը միջազգային կինոհանրության կողմից ընկալվել է որպես վրացական նոր կինոյի տրիումֆ։ Հիշեցնեմ, որ վերջին հինգ տարում հայկական ՈՉ ՄԻ ՖԻԼՄ չի ընդգրկվել Ա կարգ ունեցող միջազգային որևէ կինոփառատոնի մրցույթում։

2.Հայաստանի ազգային կինոկենտրոնի կեղծ մատնությամբ քրեական հետապնդման ենթարկված «Բեքսթեյջ» ֆիլմը վաճառքի պայմանագիր է կնքել Լյուքսեմբուրգյան մի կինոընկերության հետ, որը ֆինանսավորել է ֆիլմի հետարտադրության ծախսերը։ Եվրոպայում վաճառքի գործարք կնքած «Բեքսթեյջը» հենց այն ֆիլմն է, որի ֆինանսավորումը կասեցվել է ազգային կինոկենտրոնի կողմից՝ «պոտենցիալ չունենալու» հիմնավորմամբ։

Համաձայնեք, նույնիսկ միջակ մասնագետի համար դժվար է Եվրոպական գերմրցութային շուկայում վաճառված միակ հայկական ֆիլմի պոտենցիալը չտեսնելը։ Եթե կինոյի կառույցը ղեկավարող մարդիկ իսկապես չեն տեսել ֆիլմի պոտենցիալը, նշանակում է ՏԳԵՏ սրիկաներ են։ Իսկ եթե տեսել են պոտենցիալը, բայց միտումնավոր խոչընդոտել են ֆիլմի իրականացմանը, նշանակում է ԴԱՎԱՃԱՆ սրիկաներ են։ Երկու դեպքում էլ, ցանկացած այլ երկրում, նման ֆիլմի առաջընթացը կասեցնելու համար այդ մարդիկ կզրկվեին պետական գումարները կառավարելու իրավունքից ու ամոթով դուրս կշպրտվեին ոլորտից։

Վերադառնամ իմ վեց պարզ հարցերին․

1)      2017-2021թթ-ին  ՀՀ պետական բյուջեից որքա՞ն գումար է փոխանցվել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին։ Ճի՞շտ են արդյոք իմ տվյալները՝ ավելի քան 2,5 միլիարդ ՀՀ դրամ։

2)      Քանի կինոնախագիծ է ստացել պետական աջակցություն։ Ճի՞շտ են արդյոք իմ տվյալները՝ 100 և ավելի։

3)      Պետական աջակցությամբ քանի կինոնախագիծ է ավարտվել և ցուցադրվել։ Ճի՞շտ են արդյոք իմ տվյալները՝ 25%-ից քիչ։

4)      FIAPF-ի կողմից «մրցութային» որակավորված Ա կարգի ո՞ր փառատոներում են ցուցադրվել վերջին հինգ տարում պետական աջակցություն ստացած ֆիլմերը։ Ճի՞շտ են արդյոք իմ տվյալները՝ ոչ մի փառատոնում։

5)      Ո՞ր երկրներում են պաշտոնական վարձույթ և վաճառք ունեցել պետական ֆինանսավորում ստացած ՀՀ արտադրողների ֆիլմերը։ Ճի՞շտ են արդյոք իմ տվյալները՝ ոչ մի երկրում։

6)      Որքա՞ն գումար է վերադարձվել վարձույթից պետական բյուջե 2018-21թթ-ի ընթացքում։ Ճի՞շտ են արդյոք իմ տվյալները՝ ավելի քիչ, քան ծախսածի 1%-ը։

Պարոն նախարար, ՀՀ ԿԳՄՍՆ անբովանդակ պատասխաններից տպավորություն է ստեղծվում, որ Դուք մեծ խնդիր չեք տեսնում հայկական կինոյի խայտառակ կառավարման մեջ։ Իսկ ես տեսնում եմ։ Ավելին, հայ կինոյի այսօրվա անկման մեղավորներին ես համարում եմ պետական դավաճաններ և եթե Ձեր գերատեսչությունը աչք է փակում, կամ փորձում է հովանու տակ առնել իր ենթակա մեղավորներին` կիսում է պատասխանատվությունը։

Հաշվի առնելով այն, որ Դուք ճշգրիտ գիտության մասնագետ եք, ես Ձեզ կինոյի մասին գրել եմ թվերի լեզվով, ակնկալելով հստակ և ճշգրիտ պատասխան։

Հովհաննես ԳԱԼՍՏՅԱՆ,
Կինոռեժիսոր, պրոդյուսեր, Պարալլելս Ֆիլմպրոդաքշն ընկերության հիմնադիր

ՊԱՐԱԼԼԵԼՍ ՖԻԼՄՊՐՈԴԱՔՇՆ կինոընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031