Սույն հոդվածը իրանական «Քեյհան» օրաթերթի սեպտեմբերի 28-ի «առաջնորդող»-ն է։ «Քեյհան»-ը Իրանի հոգևոր առաջնորդին և անվտանգային կառույցներին մոտ կանգնած պարբերական է, որի գլխավոր խմբագրին անձամբ նշանակում է Իրանի հոգևոր առաջնորդ, այաթ. Ալի Խամենեին: Վստահորեն կարելի է պնդել, որ այս հոդվածը ներկայացնում է Իրանի հոգևոր առաջնորդի աշխատակազմի և անվտանգային կառույցների մոտեցումներն ու դիրքորոշումները՝ ՀՀ հարավային սահմաններում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ:
Հոդվածի հեղինակ Սաադօլլահ Զառեին «Նուր» ռազմավարական ուսումնասիրությունների ուղեղային կենտրոնի ղեկավարն է, որը եղել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արտասահմանյան ռազմական գործողությունների զորքերի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մտերիմներից։ Հոդվածագրի դիրքն ինքնին հուշում է հոդվածում հնչած մտքերի կարևորության մասին։
Ձեզ քարտ բլանշ չենք տվել
Այն, ինչ այժմ տեղի է ունենում Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններին, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Իսրայելի միջև անտեսանելի դաշինքի ձևավորում է, որի նպատակն է աշխարհաքաղաքական տեղաշարժ առաջացնել Իրանի և Ռուսաստանի դեմ՝ ռազմավարական հետեւանքներով: Այս կապակցությամբ կան մի քանի դիտարկումներ.
Կարդացեք նաև
1. Ադրբեջանի Հանրապետության ռազմական ուժերը փակել են Գորիս-Կապան Ճանապարհը Հայաստանում, և թույլ չեն տալիս իրանական բեռնատարներին անցնելու Հայաստանով, ինչը Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ոտնահարում է, և եթե այն շարունակվի, ի վերջո կնվազեցնի Իրանի դերը տարածաշրջանում:Միևնույն ժամանակ, հյուսիսային սահմաններին լարվածությունը կարող է տարածվել մինչև Կասպից ծովի ավազանը:
Այս փոխազդեցություններին զուգահեռ՝ մասմեդիան և ոչ ֆորմալ պաշտոնական շրջանակները, որոնք, իրականում, Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական տեսակետն են արտահայտում, թշնամական և, նույնիսկ, մանկական բառապաշար են օգտագործում (Իրանի դեմ): Մինչդեռ մենք, նվաստացնել չցանկանալով, չենք կարող համեմատել այս Հանրապետության չափերը Իրանի չափերի և այն ամենի հետ, ինչը չափում է աշխարհագրական միավորը: Որովհետև դա փղի և մրջյունի համեմատություն է: Հետեւաբար, կարելի է եզրակացնել, որ այս բոլորի ետևում կա չարամիտ մի հոսանք, որն Ադրբեջանի Հանրապետությունում ոմանց թույլ է տալիս հոխորտալ:
2. Իրանի և Հայաստանի միջև 21 կմ սահմանի վերացում, որը, հավանաբար, տեղի կունենա Հայաստանի Սյունիքի մարզի Ադրբեջանին հանձնումով, բարդացնելու է Իրանի աշխարհաքաղաքական դիրքը Կովկասում: Հաշվի առնելով Թուրքիայի ռասիստական հակումները և Կասպից ծովի արևելյան ու արևմտյան ափերի նկատմամբ նրա նկրտումները, ինչպես նաև՝ վերջին երեք տասնամյակների ընթացքում Իսրայելի ազդեցությունը Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետություններում, որն ունի նաև ռազմական բնույթ և այս տխրահռչակ ռեժիմին վերածել է վերոնշյալ Հանրապետությունների զենքի գլխավոր մատակարարներից մեկին, ինչպեսև նույնիսկ, ամերիկյան զենքի վաճառքը դրանց պայմանավորված է այդ ռեժիմից (Իսրայել) ռազմական գնումներով և հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության սահմաններին ճգնաժամ ստեղծելու Միացյալ Նահանգների լուրջ ջանքերը, Իրանի հյուսիսային սահմաններում աշխարհաքաղաքական զարգացումների վրա աչք փակելը, լուրջ մարտահրավերներ և սպառնալիքներ կառաջացնեն մեր երկրի համար: Հետևաբար, չպետք է թույլատրվի, որ Ադրբեջանի Հանրապետությունը մեկնաբանի այս անհամաչափ և դավադրական զարգացումները «երկու պետությունների միջև համաձայնություն» սահմանումով և հավակնի այս հարցում սեփական ինքնիշխանության դրսևորմանը: Որովհետև՝ բարիդրացիական հարաբերությունները և երրորդ կողմի շահերը, որոնք միջազգայնորեն ընդունված սկզբունք են և ամրագրված են բոլոր կոնվենցիաներում, այստեղ լիովին խախտված են:
Երկար ժամանակ է ինչ ԱՄՆ-ը ձգտում է տարածաշրջանի որոշակի շրջանում աշխարհաքաղաքական առանցքային փոփոխություններ իրականացնել և այնուհետև այն կյանքի կոչել տարածաշրջանի այլ հատվածներում։ Ուստի, եթե այստեղ փոփոխություններ տեղի ունենան, ապա ամբողջ տարածաշրջանը բախվելու է աշխարհաքաղաքական սպառնալիքների:
3. Այս համատեքստում ՀՀ կառավարությունը և անձամբ Փաշինյանը, որը նախորդ կառավարության համեմատ համարվում է արևմտամետ, միացել է ԱՄՆ-Թուրքիա նախագծին՝ հույս ունենալով, որ քաղաքական և տնտեսական օգուտներ կստանա, մինչդեռ սա դավաճանություն է երկրին:
Փաշինյանի կառավարությունը, կառչելով ԱՄՆ-ի և Թուրքիայի խոստումներից առ այն, որ եթե Սյունիքի մարզը զիջի Ադրբեջանին, ապա կարող է խաղաղ և սերտ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի հետ՝ Սյունիքի փոխարեն ստանալով ԼՂՀ-ն, միացել է այս դավադիր ծրագրին՝ հույս ունենալով ամրապնդել սեփական իշխանությունը:
Սա այն դեպքում, երբ հայերի և թուրքերի միջև կան հարյուրամյա հարցեր, որոնք չեն կարող լուծվել մեկ քաղաքական համաձայնությամբ և, մյուս կողմից, այս համատեքստում Հայաստանը տալիս է աշխարհաքաղաքական նշանակության երկու կետ՝ ստանալով իրագործման որևէ երաշխիք չունեցող խոստում՝ ամրապնդելու այն աշխարհագրական դիրքը, որն արդեն ունի: Այս գործարքում Հայաստանը կորցնում է իր հարևանությունն Իրանի հետ, որը կարող է օգտագործել Թուրքիայի, Ադրբեջանի կամ Վրաստանի կողմից սպառնալիքի դեպքում և, նաև, թշնամուն է զիջում ռազմավարական նշանակության մի մարզ, որն ունի տարանցիկ նշանակություն: Մինչդեռ այս աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական վնասը չի կարող փոխհատուցվել որևէ տնտեսական կամ քաղաքական խոստումով: Հայաստանն, ի դիմաց, ստանում է Հյուսիսային Ղարաբաղի (ԼՂՀ-ի տարածքի 1/3-րդ մասը) կայացման խոստումը, մինչդեռ, երբ Սյունիքն ամրագրվի որպես Ադրբեջանի Հանրապետության նահանգ, ապա Հյուսիսային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակումն անխուսափելի է լինելու, և Հայաստանը հեշտությամբ կորցնելու է հայաբնակ այս տարածքը, և ամբողջությամբ ու վերջնականապես շրջափակվելու է թշնամիներով:
Փաստորեն, Փաշինյանը իրականացնում է պատմական դավաճանություն և մշտական ճգնաժամ Հայաստանի Հանրապետության դեմ:
4. Շատ վերլուծաբաններ պնդում են, որ Էրդողանն ու իր կուսակցությունը, իսլամիստական և ռուսոֆիլական մանևրների ժամանակաշրջանից հետո, աստիճանաբար ցույց են տալիս իրենց իրական դեմքը, որը ոչ մի կապ չունի իսլամիզմի կամ արևելասիրության հետ: Այս տեսարանում թուրքական կառավարությունը, որպես ՆԱՏՕ-ի անդամ, իրականում իրականացնում է ավանդական առաքելությունը` եվրոպաամերիկյան այս դաշնագրի ազդեցությունը տարածել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի ազդեցության տիրույթների, այսինքն՝ Կենտրոնական Ասիայի վրա: Իսկ այս ընթացքում, ԱՄՆ-ն, հենվելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռասիստական գաղափարների վրա և փաստորեն շահագործելով նրան, փորձում է ռազմավարական դիրքի հասնել Կասպից ծովի արեւմուտքում և, իրականում, Հարավային Կովկասում: Միացյալ Նահանգները՝ ընդլայնելով գաղտնի հարաբերությունները Ադրբեջանի ու Հայաստանի Հանրապետությունների հետ, և ժամանակավորապես լուծելով նրանց միջև թշնամական հարաբերությունները (Ադրբեջանին ժամանակավոր զսպման եւ Հայաստանին գայթակղման մեթոդով), ձգտում է թուլացնել իր երկու թշնամիների (Իրանի և Ռուսաստանի) դիրքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում և Կասպից ծովի արևմտյան ափին:
Այս համատեքստում ԱՄՆ-ն ուղղակի և ակնհայտ ներկայության փոխարեն, օգտագործում է Իսրայելի մոտ 30 տարվա անվտանգային հարաբերությունների ներուժը Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետությունների հետ: Թեև ստույգ տվյալներ չկան, սակայն բազմաթիվ զեկույցներ վկայում են Իսրայելի ռեժիմի ՝ հատկապես Ադրբեջանի Հանրապետությունում անվտանգային աճող ներկայության մասին, որը կենտրոնացած է «Գաբալայի ավիաբազայի» առանցքի շուրջ: Ադրբեջանում Իսրայելի անվտանգության ուժերի թիվը 500-ից 1000 է, մինչդեռ այս հանցավոր ռեժիմը վերջին տասնամյակում զգալի ազդեցություն է ձեռք բերել Ադրբեջանի Հանրապետության և Իլհամ Ալիևի ընտանիքի վրա: Այնպես, որ սիոնիստ առաջնորդները Ադրբեջանն անվանել են «Իսրայելի Լիբանան» և հայտարարել, թե այս կերպ իրենք կարող են Իրանի Իսլամական Հանրապետությանը ներգրավել սահմանների անվտանգության երկարաժամկետ մարտահրավերի դաշտ և նվազեցնել նրա ազդեցությունը տարածաշրջանում: Իհարկե պարզ է, որ այդ պնդումները սկզբունքորեն հեռու են իրականություն դառնալու հնարավորությունից:
5. Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները մեծ ռիսկերի են դիմում, որոնք կարող են առաջինը հենց իրենց ներքաշել գոյության ճգնաժամի մեջ: Ալիևի կառավարությունը վեց միլիոն շիա բնակչության դեմ-հանդիման է կանգնած, որոնք, անկասկած, սերտորեն կապված են շիայական կենտրոնի (Իրան) հետ, իսկ Էրդողանի կառավարությունը Թուրքիայում՝ մոտ 23 միլիոն ալավի շիայի: Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի ցանկացել օգտագործել այդ հնարավորությունները`Էրդողանին կամ Ալիևին պատժելու համար: Ի տարբերություն նրանց, և հիմնվելով մեր բարոյական սկզբունքների վրա, մենք մշտապես հարգել ենք բարիդրացիական հարաբերություններն այն աստիճան, որ երկու անգամից ավելի փրկել ենք այս երկու ընտանիքների իշխանությունը կործանումից:
Իլհամ Ալիևը, անշուշտ, հիշում է, որ Իրանի և Ռուսաստանի անվտանգության համատեղ համագործակցությունը տապալեց Ջորջ Սորոսի գլխավորած՝ Ադրբեջանի կառավարության դեմ ամերիկյան թավշյա հեղափոխությունը, և, հիմնականում, ձախողեց տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի կառավարությունների փոփոխության ամերիկյան նախագիծը: Էրդողանը ևս հիշում է, որ Իրանն ու գեներալ Սոլեյմանիի անձն էին, որ կանխեցին ԱՄՆ-ի աջակցությամբ իր և իր գլխավորած կուսակցության դեմ հեղաշրջումը:Այնպես, որ մենք ոչ միայն երբեք որևէ գործողություն չենք ձեռնարկել Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների դեմ, այլ, ընդհակառակը, միշտ աջակցել ենք նրանց:
Թե՛ Էրդողանը, թե՛ Ալիևը գիտեն, որ Իրանի ձեռքերը փակ չեն այս դավադրությունը տապալելու համար, և Իրանի Իսլամական Հանրապետության մատի մեկ շարժումը կարող է նրանց համար ցավալիորեն տապալել այս դավադրական նախագիծը:
Իրանի հյուսիսային սահմանին տեղի ունեցող իրադարձություններից ամերիկա-իսրայելական դավադրության հոտ է գալիս, որոնցում Էրդողանը մի կերպ, իսկ Ալիևը` մեկ այլ կերպ, խաղի են բռնվել: Բայց սա խաղ չէ Իրանի և Ռուսաստանի համար, որը կարող են անտեսել: Նրանք (Ալիևը եւ Էրդողանը) պետք է իմանան, որ «եղբայրներին հարգելը» Էրդողանին եւ Ալիևին տրված, քարտ բլանշ չէ:
Dear Manager,
I try to find the online version of the iranian paper you refer and can not find.
If you have exact link , could you please send???
Thanks in advance
Avetik
p.s sorry that I typed in english….next will be Hajeren , sure.
Խնդրեմ https://www.khabaronline.ir/news/1558898/%D8%AD%D9%85%D9%84%D9%87-%DA%A9%DB%8C%D9%87%D8%A7%D9%86-%D8%A8%D9%87-%D8%B1%D9%88%D8%B3%D8%A7%DB%8C-%D8%AC%D9%85%D9%87%D9%88%D8%B1-%D8%AA%D8%B1%DA%A9%DB%8C%D9%87-%D9%88-%D8%A2%D8%B0%D8%B1%D8%A8%D8%A7%DB%8C%D8%AC%D8%A7%D9%86-%DA%86%DA%A9-%D8%B3%D9%81%DB%8C%D8%AF-%D8%A7%D9%85%D8%B6%D8%A7-%D8%A8%D9%87