Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն իր վատագույն շրջանն է ապրում, թեեւ առայժմ շարունակում է մնալ խոշոր հարկատուների առաջին տասնյակում: Կոմբինատում անվերջանալի ստուգումներ են, մարդկանց են ազատում աշխատանքից: Նախօրեին 38 աշխատակցի են ազատել, որոնք աչքի են ընկել ընդդիմադիր հայացքներով: Կոմբինատի ղեկավարությունը հայտարարել է, որ նրանց ազատել է կառավարությունից իջեցված հրահանգով: Մարդիկ այս օրերին բողոքի ակցիաներ են անում` ի պաշտպանություն իրենց գործազուրկ դարձած ընկերների եւ ընդդեմ ապագա կրճատումների:
Մյուս կողմից՝ բաժնետերերն են իրար դեմ ստուգումներ ձեռնարկում եւ միմյանց դատի տալիս․ ռուսաստանյան քաղաքական գործիչ, դիվանագետ Միխայիլ Զուրաբովն է դիմել դատարան՝ պահանջելով ավելացնել իր ընկերության՝ «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ի բաժնեմասը, եւ այդ նպատակով ստուգումներ է պատվիրել: Բայց հիմնական ստուգող մարմինը Բնապահպանության եւ ընդերքի տեսչությունն է: Ի՞նչ ստուգումներ է իրականացնում տեսչությունը, ե՞րբ են դրանք սկսվել, որքա՞ն կտեւեն: Տեսչության պետ Հովհաննես Մարտիրոսյանը, պարզվում է, խիստ զբաղված անձ է: Նրա օգնականն ընդամենը ասաց, որ տեսչական ստուգումներ են իրականացվում, վերջին անգամ նման ստուգումներ եղել են 2018-ին: «Սովորական տեսչական ստուգումներ են»,-ասաց եւ հրաժարվեց այլ հարցերի պատասխանել: 2018-ին ստուգումները տխուր ավարտ են ունեցել կոմբինատի համար: 5 ամիս տեւած գործընթացն ավարտվել է խոշոր տուգանքներով: Մոտ 382 մլն դրամի վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացվել ՓԲԸ-ին: 3 պաշտոնատար անձ տուգանվել է մոտ կես մլն դրամով:
Հարկային տեսչությունն է մշտապես նստած պղնձամոլիբդենայինում, բնապահպանները, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը: Հուլիսին ԱԱԾ հատուկջոկատայինները գիշերով բերման էին ենթարկել կոմբինատի աշխատակիցներից 5-ին եւ նրանցից երկուսին ձերբակալել, համակարգիչներ էին առգրավվել հաշվապահությունից: Նրանք կասկածվում են խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու, այլ հանցանքների մեջ: Մինչ օրս կալանավորված է կոմբինատի անվտանգության ծառայության պետը:
«Մյուս ստորաբաժանման պետն էլ է կալանքի տակ: Երեքուկես տարի է, այս վիճակն է: Անհիմն մեղադրանքներ են ներկայացնում»,- ասում է Սյունիքի նախկին մարզպետ, ներկայում ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը: Նախկինում նա նաեւ կոմբինատի խորհրդի անդամ էր:
Կարդացեք նաև
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում