Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների թիվը քովիդ հաստատվածների մեջ 5,5% է

Հոկտեմբեր 01,2021 14:00

«Կորոնավիրուսը բարի է երեխաների հանդեպ»,-ասում է մանկաբույժ, Արաբկիր բժշկական կենտրոնի բժիշկ Սերգեյ Սարգսյանը։

Այդուհանդերձ, Հայաստանում էլ կան կորոնավիրուսով վարակված մանկահասակ երեխաներ։ Այս պահին մոտ երեսուն երեխայի մոտ հաստատված է կորոնավիրուս, եւ ինչպես բժիշկն ասաց, մեկ փոքրիկ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է, փոքրիկը ուղեկցող հիվանդություն ունի։ Մանկաբույժը վստահեցնում է՝ սովորաբար այս հիվանդությունը երեխաների մոտ անհամեմատ հեշտ է ընթանում, բայց երեխաների շրջանում էլ վարակի դեպքերն ավելացել են։

«Իհարկե քովիդի դելտա շտամը հիվանդացության դեպքերն ավելացրել է, քանի որ այս շտամի վարակելիության ցուցանիշն է բարձր, եւ օրինակ՝ նախորդ տարվա մարտից մինչեւ այս տարվա հուլիս ընդհանուր ՊՇՌ թեստավորումից դրական դեպքերի մեջ երեխաները կազմել են 4-4,5%, իսկ դելտա շտամի դեպքոմ քովիդ հաստատվածների մեջ երեխաների թիվը սեպտեմբեր ամսին կազմում է 5,5%։ Բարեբախտաբար, ընդհանուր դեպքերի ավելացման ֆոնին շատ կրիտիկական թվերի չհասան հիվանդանոցային դեպքերը։ Ու չնայած, հիմա ինտենսիվ թերապիայում մեկ փոքրիկ ունենք, բայց ընդհանուր, դրական դեպքերն ավելացել են,  բայց ավելի ծանր ընթացքով, դրամատիկ դեպքեր չենք ունեցել»,-ասում է Սերգեյ Սարգսյանը։

Արդյոք երեխաների մոտ էլ է քովիդը առողջական հետեւանքներ թողնում, օրինակ նշում են «long covid»-ը, որի դեպքում անգամ ապաքինվելուց հետո մարդու մոտ առողջական որոշ խնդիրներ են լինում՝ երկատեւ հազ, համի հոտի կորստի վերականգնման երկարատեւ ժամանակ եւ այլն։ Մանկաբույժը բացատրում է՝ քովիդն, ամենայն հավանականությամբ, մի քիչ իմունիտետն իջեցնում է, բայց այն անհամեմատ է մեծահասակների հետ՝ հետեւանքների իմաստով, եւ անհամեմատ է հետեւանքը սուր շնչառական հիվանդությունների դեպքում. «Երեխաների շրջանում չունենք «long covid», բայց ունենք բազմահամակարգային հիվանդություն, դա բորբոքային հիվանդություն է, Կավասակիի նման է արտահայտվում՝ տենդ, ցավեր, փոփոխություններ որովայնի եւ սրտի կողմում, որը լինում է քովիդից հետո մոտ 4 շաբաթ անց։ Այս դեպքերի մեծ մասը եղել են աշնանն ու ձմռանը, նաեւ  գարնանը, բայց հիմա դելտա շտամը կարծես չի առաջացնում նման բան, հազվադեպ ենք ունենում այս տեսակ դեպքերը»։

Բժիշկն ասում է՝ այս պահին սուր շնչառական վիրուսներով հիվանդացության աճ է արձանագրվում, իհարկե, մի կողմից դրա սեզոնն է, բայց մյուս կողմից էլ դա այլ պատճառ էլ ունի։ Սերգեյ Սարգսյանի խոսքով՝ սուր-շնչառական հիվանդացության դեպքերի աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին 1,5 տարում երեխաները «իզոլյացված» էին. «Այսինքն, այն հիվանդությունները, որոնք պետք է բնականոն հունով ընթանային, եւ ասենք՝ անցած տարվա մարտից մինչեւ այս տարվա գարունը պետք է երեխաներին հիվանդացնեին, այդպես չեղավ, քանի որ կարանտին էր, երեխաները դպրոց, մանկապարտեզ չէին գնում, եւ երեխաների մոտ նորմալ համաճարակաբանական օղակները կտրվել են։ Այս երեւույթն ամբողջ աշխարհում է արտահայտվում»։ Այնպես որ, ինչպես բժիշկն է ասում, երեխաների շրջանում քովիդի ցուցանիշն այնքան շատ չէ, որքան շնչառական այլ հիվանդությունները, ընդ որում, այս շրջանում բժիշկները շատ ծանրաբեռնված են աշխատում։

«Մանկաբուժական համակարգը նույն այն վիճակում է, ինչպես այժմ կամ քովիդի նախկին ալիքների ժամանակ մեծահասակների համակարգն է»,-ասում է բժիշկը։

Սերգեյ Սարգսյանը կրկին հիշեցնում է՝ երեխաներին քովիդից պաշտպանելու համար նախ պարտադիր պետք է ուշադրություն դարձնել՝ արդյոք շրջապատում կամ ընտանիքի անդամների մոտ կա քովիդ, այս դեպքում, իհարկե, նախ երեխային պետք է մեկուսացնել, եւ եթե ախտանշաններ են լինում՝ դիմել բժշկի։ Ախտանշաններն արտահայտվում են շնչառական խնդիրներով՝ ծանր շնչառություն, փսխումներով, աղիքային խանգարումներով, երբեմն՝ ցան, հնարավոր է նույնիսկ ջերմություն չլինի, բայց եթե կան մյուս նշանները, պետք է պարտադիր դիմել մանկաբույժին, եւ չմտածել՝ մրսել է, հեսա կանցնի։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031