Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն չի վերադարձրել անգամ նախկին դատապարտյալի ամուսնական մատանիները

Հոկտեմբեր 01,2021 13:30

«Առավոտի» հետ զրույցի ժամանակ Աշոտ Հակոբյանն ասում է, որ դիմել էր ԱԱԾ, երբ ազատվել էր պատժի հետագա կրումից, խնդրել իրեն վերադարձնել «արձանագրությունով առգրավված եւ իմ վերաբերյալ քրեական գործով որեւէ առնչություն չունեցող գույքը, սակայն տարբեր պատճառաբանություններով ինձ մերժել են»:

Սեպտեմբերի 22-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոն նստավայր, դատավոր Ա. Մաթեւոսյան) նշանակվել էր Աշոտ Հակոբյանի հայցադիմումի քննությունը: Հերթական անգամ այն հետաձգվեց եւ նշանակվեց նոյեմբերի 15-ին: Պատճառը ԱԱԾ քննիչի բացակայությունն էր, ով դատական նիստի մասին պատշաճ ծանուցվել էր: Այս հայցը դատարանում է անցյալ տարվա նոյեմբերից, սակայն այդպես էլ չի հաջողվում սկսել գործի քննությունը:

Աշոտ Հակոբյանի շահերի ներկայացուցիչն է փաստաբան Հենրիկ Մաղաքյանը: Մինչ դատարան դիմելը հայցվորը դիմել էր ԱԱԾ եւ ԴԱՀԿ, բայց այնտեղից պատասխան չէր ստացվել: Պատասխանողը ՀՀ դատախազությունից Ա.Արամյանն է:

Աշոտ Հակոբյանը անազատության մեջ է գտնվել 2010թ. ապրիլի 10-ից մինչեւ 2019թ. փետրվարի 27-ը: Ապա գտնվել պրոբացիայի ծառայության հսկողության ներքո: Նրա՝ փողերի լվացման մեղադրանքի հիմքում դրվել էր այն, թե Ա.Հակոբյանը բանկից հանցավոր ճանապարհով գումարներ է ստացել, սա այն դեպքում, երբ բանկը կամ բանկից որեւէ մեկը առ այսօր տուժող չի ճանաչվել, եւ ըստ էության, բանկը նրան օրինական փաստաթղթերով է գումարներ տրամադրել:

Ա.Հակոբյանը 2009թ.-ին շահած դատական գործ ունի (դատավոր՝ Կարինե Պետրոսյան, ԵԿԴ /1269/02/2009), վճիռը հաստատվել է երկրորդ կնիքով, կա կատարողական թերթիկ, սակայն մինչ օրս վճիռը չի կատարվել: ԴԱՀԿ-ից մեկը երկու շաբաթ առաջ «նկարել է» որոշման առաջին էջը:

Ա.Հակոբյանն ասում է. «Մինչ օրս չեն ճշտել, թե ում է կատարումը հանձնարարվել»:

Հայցադիմումում Ա. Հակոբյանը տեղեկացրել է, որ իր դեմ 11 տարի առաջ հարուցվել է քրեական գործ, եւ այն ըստ քննչական ենթակայության դատախազությունից ուղարկվել է ԱԱԾ՝ նախաքննությունը շարունակելու համար: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը 2010թ. ապրիլի 23-ին ընդունել է վարույթ: Մինչ գործը տեղ կհասներ, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Վ.Պողոսյանի կողմից կազմվել է «Խուզարկություն/առգրավվում կատարելու մասին» արձանագրություն, եւ հայցվորի բնակարանից առգրավվել են 15 անուն ոսկյա զարդեր, մեկ հատ գազային ատրճանակ՝ իր գնդակներով եւ փաստաթղթեր: Այդ ամենն ուղարկվում է ԱԱԾ:

«ԽԱՉՎԱՌ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը (ՍՊԸ-ն արտադրել է սեյսմակայուն բարձիկներ) տեղեկացնում է, որ 2011թ.-ի դեկտեմբերի 29-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատավճռով դատապարտվում է տասնմեկ տարի ազատազրկման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագրավվմամբ. «Այդ գույքը ենթակա է բռնագրավման, անկախ դատապարտյալի կամ որեւէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից»: 2012 թվականի հունիսի 7-ին պաշտպանի եւ տուժողների բողոքը վերադարձվում է, եւ այն մտնում օրինական ուժի մեջ:
Դատավճռով Աշոտ Հակոբյանի սեփականության իրավունքով պատկանող՝ Այվազովսկու փողոցի 46/1 հասցեում գտնվող անշարժ գույքը ճանաչվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված եւ բացառապես այդ գույքի վրա է ճանաչվել բռնագանձումը: «Բացառապես այս գույքի, դատավճռով այլ գույքի վրա բռնագանձում տարածելու կամ որեւէ տուժողի օգտին քաղաքացիական հայցի շրջանակներում որեւէ գույք կամ գումար գանձելու վերաբերյալ որեւէ նշում չկա»,-իր հայցադիմումում հայտնել է Ա.Հակոբյանը:

«Առավոտի» տրամադրության տակ է 2020թ. օգոստոսի 12-ի ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Կ.Հովհաննիսյանի 8/3936 գրությունը, որն ուղարկվել է Ա.Հակոբյանին: Ըստ այդ գրության. «Խնդրո առարկա հանդիսացող իրերը կարող են հանձնվել համապատասխան անձին կամ մարմնին միայն այն դեպքում, երբ այդ մասին քննությունը կստանա դատարանի կամ պետական այլ մարմինների կողմից դրանց տնօրինման հարցի վերաբերյալ կայացված որոշում, որն առ այսօր ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը չի ստացել, ուստի հարցի լուծման համար կարող եք դիմել համապատասխան դատարան»:

2020թ. նոյեմբերի 26-ին Ա.Հակոբյանի ներկայացուցիչը հարցում էր կատարել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Ս. Մեղրյանին, թե արդյոք Այվազովսկու փողոցի 46/1 հասցեում գտնվող անշարժ գույքը բռնագրավվե՞լ է, կատարվե՞լ է դատարանի որոշումը, քրեական գործով որեւէ անձի, պետության կամ կազմակերպության օգտին Ա.Հակոբյանից որեւէ այլ գույք կամ գումար բռնագանձելու մասին կատարողական վարույթ իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ:

Այդ հարցմանն էլ պատասխան չի ստացվել: Ա.Հակոբյանը պահանջում է դատարանով, որ արձանագրությամբ իրենից խլվածը վերադարձվի իրեն:

Այդ արձանագրության համաձայն, նրանից առգրավվել են ոչ միայն նշյալ ոսկյա իրերը, այլ վիճելի գույքի սեփականության վկայականի պատճենը, տեղեկանքներ, անդորրագրեր, ամուսնական երկու մատանիները, «Աշինգ» ՍՊԸ-ի փաստաթղթերը, կանոնադրությունը, «Շենգավիթ» ՍՊԸ-ի գույքի գրավի պայմանագիրը…երկու ձեռնաշղթա բանալիներով:

Ավելորդ է հիշեցնել գործող Քրեական դատավարության օրենսգրքի այն հոդվածը, համաձայն որի՝ «Գույքը, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ազատվում է կալանքից, եթե քաղհայցը հետ վերցնելու, կասկածյալին կամ մեղադրյալին վերագրվող արարքի որակումը փոխվելու հետեւանքով կամ այլ պատճառներով վերացել է գույքի վրա կալանք դնելուց բխող սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը»:

Ա.Հակոբյանն ասում է, որ Այվազովսկու հասցեում գտնվող իր անշարժ գույքը 150000000 մլն դրամ գումարով է գնահատվել, բայց 82000000 մլն դրամով գնված շինությունը վաճառել են 35000000 մլն դրամով ու 19.338.000 դրամը տվել «տուժողին»՝ հանցախմբին, որը կեղծված փաստաթղթերով դատարան էր դիմել, իր օգտին վճիռ ուներ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031