Նոտարական պալատի վարչության որոշմամբ, պալատի նախագահությունը սկսել է մարզային այցելություններ իրականացնել։ Պալատի ՖԲ էջից տեղեկանում ենք, որ երկօրյա առաջին այցի շրջանակներում հանդիպում-քննարկումները տեղի են ունեցել Շիրակի մարզի նոտարների հետ։ Նոտարական պալատի նախագահը, պալատի ներկայացուցիչներն այցելել են Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի, Գյումրիի, Ախուրյանի, Մարալիկի, Արթիկի նոտարական գրասենյակներ։ Այցի ընթացքում մանրակրկիտ ուսումնասիրվել են գրասենյակներում արխիվային տարածքների առկայությունը ու այնտեղ պահվող փաստաթղթերի պահման պայմանները։
Ըստ պալատի նախագահի՝ «Անհրաժեշտ է արխիվային փաստաթղթերն այնպիսի վիճակում պահպանել, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան դրանց օգտագործման համար։ Մենք հետեւողական կլինենք, որպեսզի պատշաճ կատարվեն կարգով նախատեսված պայմանները»:
Լիլիթ Մուրադյանը եւ վարչության անդամները Շիրակի նոտարների հետ քննարկել են իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի, Հայաստանում գույք ունեցող, սակայն արտերկրում բնակվող եւ մահացած Հայաստանի եւ օտարերկրյա քաղաքացիների գույքի նկատմամբ ժառանգական իրավունքների ձեւակերպման, ինչպես նաեւ կատարողական մակագրության ինստիտուտի գործիքակազմի ավելի արդյունավետ եւ ինտենսիվ օգտագործման հետ կապված հարցեր։
Պալատի վարչության անդամները պատշաճ ուշադրություն են դարձրել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հաստատելու համար վկայից ցուցմունք վերցնելու ընթացակարգի խնդիրներին։ Պալատի ներկայացուցիչների կազմում են եղել նաեւ արխիվային հանձնաժողովի անդամներ:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
30.09.2021