Լրահոս
Օրվա լրահոսը

«Սողոմոն եւ Սողոմոն». խոնարհում Կոմիտասին եւ Թեհլիրյանին

Հոկտեմբեր 01,2021 12:30

Վերջերս Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, Կոմիտաս Վարդապետի ծննդյան 152-րդ տարեդարձի եւ Սողոմոն Թեհլիրյանի աղմկահարույց դատավարության 100-ամյակի առիթով «Սողոմոն եւ Սողոմոն» խորագրով գոհաբանության երեկո էր:

Ճանաչված արվեստագետներ, ՀՀ վաստակավոր արտիստներ՝ դաշնակահար Հայկ Մելիքյանը եւ դերասան Բաբկեն Չոբանյանը ներկայացրին Կոմիտասի հավերժական երաժշտությունը, Վարդապետին նվիրված ստեղծագործություններ եւ հատվածներ Բեռլինի նահանգային դատարանում Թեհլիրյանի գործով դատական լսումների սղագրական հաշվետվությունից:

Դժվար թե գտնվի հայ արվեստագետ, որը երբեւէ հետաքրքրված չլինի Կոմիտաս հանճարի ստեղծագործություններով: Վարդապետի մեղեդին անսպառ աղբյուր է, որից օգտվել եւ դեռ շատ է օգտվելու մեր մշակույթը: Մասնավորապես, երաժշտարվեստի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը, որտեղ մեծ երաժշտի ու նրա ժողովրդի կերպարների բնութագրման համար կոմպոզիտորը դիմել է Կոմիտասի հանճարի բովով անցած ժողովրդական մեղեդիներին՝ զգուշությամբ, չափի նուրբ զգացումով զարգացնելով ու գործիքավորելով դրանք: Կոմիտասի հիասքանչ երգերի մշակումների հեղինակ է նրա անունը կրող լեգենդար քառյակի հիմնադիր, թավջութակահար Սերգեյ Ասլամազյանը: Քառյակի առաջին ջութակահարը՝ Ավետ Գաբրիելյանը, նույնպես անտարբեր չի անցել հանճարի երգերի կողքով:

Կոմիտասյան բարձրարվեստ մշակումներ ունեն Առնո Բաբաջանյանը, նշանավոր դաշնակահար Ռոբերտ Անդրեասյանը, ջութակահար, անվանի մանկավարժ Արամ Շամշյանը, դաշնակահար Գեւորգ Սարաջյանը: Ռուբեն Ալթունյանի լարային քառյակի համար արված կոմիտասյան երգերին անդրադարձը մասնագետներն առանձնացնում են մեր ժամանակակից կոմպոզիտորի ստեղծագործական ներկապնակում:

Անդրադառնանք կայացած երեկոյին, որտեղ թագավորում էր կոմիտասյան շունչը: Սա ըստ էության խոնարհում էր երաժշտական հանճար Սողոմոն Սողոմոնյանի հիշատակին եւ երախտագիտության արտահայտում Սողոմոն Թեհլիրյանի նկատմամբ, ով մեկ գիշերում մեղադրյալից վերածվեց մեղադրողի: Հնչեցին ոչ միայն մշակումներ, այլեւ կոմպոզիտորներ Հարություն Դելլալյանի, Արթուր Ավանեսովի, Տաթեւ Ամիրյանի եւ դաշնակահար Հայկ Մելիքյանի՝ Վարդապետին նվիրված ստեղծագործությունները:

Նախագծի հեղինակ Էռնա Ռեւազովան «Առավոտին» հայտնեց հետեւյալը. «Երկու Սողոմոն՝ Թեհլիրյան եւ Սողոմոնյան: Երկու ճակատագրեր՝ աղճատված Հայոց ցեղասպանությամբ: Վարդապետի լռությունը եւ իր ժողովրդի համար վրեժխնդիր եղած եւ արդար ցասումով լի հայորդին: Մի կողմից մինչեւ հոգու խոքը խելագարության աստիճան ցնցված Սողոմոնը, մյուս կողմից Սողոմոնը, ով դատավճիռ կայացրեց Օսմանյան կայսրությունում հայերի ջարդի հեղինակի՝ նախկին թուրք վեզիր Թալեաթ Փաշայի նկատմամբ. «Ես սպանել եմ, բայց մարդասպանը ես չեմ»: 1921 թվականին՝ հարյուր տարի առաջ, բեռլինյան դատարանը, հաստատելով ամբաստանյալի այս բառերը, ճանաչեց Թեհլիրյանին անմեղ՝ հայ ժողովրդի դահճի մտադրված սպանության մեջ: Այս որոշումը դարձավ Հայոց ցեղասպանության առաջին աղմկահարույց դատապարտումը»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031