Տարբեր մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների եւ հավաքականների համար աշունը տարվա ընթացքում կատարած աշխատանքի արդյունքների ամփոփման մի յուրատեսակ ժամանակահատված է: Գլխավորապես տարվա այս ժամանակահատվածում են անցկացվում տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու մայրցամաքային առաջնությունները, որոնց մարզիկներն ու մարզիչները նախապատրաստվում են ամենայն պատասխանատվությամբ:
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությանը: Ճանաչված մասնագետի խոսքով, համաշխարհային այս ստուգատեսը ուժեղ կազմ է հավաքել: Կարեն Աղամալյանը, որը երկար տարիներ հայկական բռնցքամարտի մեջ է եւ լավ է տիրապետում ոլորտին, հայտարարել է, թե թեեւ որոշ քաշային կարգերում փոփոխություններ եղել են, այդուհանդերձ, ինքը չի պատրաստվում հավաքականի կազմը արհեստականորեն թարմացնել:
Հայաստանի երիտասարդական հավաքականը ծաղկաձորյան հավաքից հետո հիմա Օլիմպավանում է: Ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ մարզիկները նախապատրաստվում են հոկտեմբերի 13-ից 24-ը Չեռնոգորիայի Բուտվա քաղաքում անցկացվելիք այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը:
Վազգեն Բադալյանը եւ իր օգնականները դեռ վերջնականապես չեն որոշել, թե ովքեր են մեկնելու մրցավայր: Դրա համար դեռ ժամանակ կա: Առաջին փուլի ընդհանուր եւ հատուկ ֆիզպատրաստության վրա աշխատելուց հետո մարզիչները երկրորդ փուլում աշխատում են երիտասարդ բռնցքամարտիկների տեխնիկատակտիկական որակները բարելավելու ուղղությամբ: Հավաքականի ուսումնամարզական հավաքը Օլիմպավանում կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 11-ը:
Կարդացեք նաև
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան իր հերթին արդեն հրապարակել է հոկտեմբերի 2-ին Նորվեգիայում մեկնարկող աշխարհի առաջնությունում հունահռոմեական եւ ազատ ոճերի ազգային հավաքականների կազմերը:
Հունահռոմեական ոճում հանդես կգան. 55 կգ քաշային Նորայր Հախոյան, 60 կգ՝ Գեւորգ Ղարիբյան, 63 կգ՝ Հրայր Պողոսյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, 72 կգ՝ Մալխաս Ամոյան, 82 կգ՝ Գեղամ Թորգոմյան, 87 կգ՝ Արթուր Շահինյան, 130 կգ՝ Դավիթ Օվասապյան:
Ազատ ոճայինները մրցավայր գործուղելու են չորս ըմբիշի. 61 կգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝ Վազգեն Թեւանյան, 70 կգ՝ Արման Անդրիասյան, 79 կգ՝ Արման Ավագյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.09.2021