Լրահոս
Օրվա լրահոսը

Վերազինվել նորագույն զենքով, ապագան կապել ՌԴ-ի հետ՝ բացառելով կամուրջները Ադրբեջանի ու Թուրքիայի հե՞տ, թե՞ կարգավորել նրանց հետ հարաբերությունները

Հոկտեմբեր 01,2021 14:30

Սկիզբը՝ այստեղ:

Որո՞նք պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Ադրբեջան
Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ մասնակիցների կարծիքները տատանվում են ամենահարմարվողականից մինչեւ ամենառազմատենչի միջեւ: Դրանով հանդերձ, այդ կարծիքները կարելի է ամփոփել երեք հնարավոր տարբերակներում.

Ա. Լուծել Ադրբեջանի կողմից գերեվարված խաղաղ բնակչության եւ ռազմագերիների հետ կապված խնդիրները, գծել այդ երկրի հետ Հայաստանի սահմանները, բանակցել պատվաբեր խաղաղության շուրջ, որը կարող է ներառել ապառազմականացված սահմանային տարածքներ, ապա կարգավորել հարաբերությունները:

Այս տարբերակը կարող է սկսվել Ադրբեջանի դեմ առկա ոչ քաղաքակիրթ, առավելապաշտական եւ ազգայնական հռետորաբանության դադարեցմամբ, քանի որ դա հետեւանքներ է ունենում. Ադրբեջանի ուսումնասիրության ծրագրերի ստեղծում, ինչպես նաեւ փոխայցելությունների եւ երկրորդ ուղու դիվանագիտության կապերի ու ծրագրերի խրախուսում: Անշուշտ, Ադրբեջանի սեփական հռետորաբանությունը եւ սադրիչ քաղաքականությունը, որի նպատակը, թվում է, թե Հայաստանին պարտադրելն է, որ վերջինս պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դժվարացնում է նման փոփոխություններն ընդունելը:

Հռետորաբանությունը փոխելու առաջարկին նպաստում է այն դիտարկումը, որ Ադրբեջանի ղեկավարների դեմ անձնական ու քաղաքական հարձակումները վնաս են հասցրել եւ որեւէ օգուտ չեն բերել Հայաստանին՝ որպես ավելի ժողովրդավարական պետության: Հայաստանի հարեւանների ռեժիմներն իրենց գործն են, բացի այն դեպքերից, երբ դրանք ունեն հակահայաստանյան կամ հակահայ բաղադրիչներ:

Արեւմուտքը Հայաստանին ամենամոտ գտնվող երկու մյուս երկրներին՝ Ռուսաստանին եւ Իրանին համարում է հակառակորդներ եւ սպառնալիքներ, իբրեւ թե այդ երկրների ռեժիմների հանդեպ ունեցած հակակրանքի պատճառով: Այդուամենայնիվ, ԱՄՆ-ը եւ, առհասարակ, Արեւմուտքը, ընդհանուր առմամբ, հիանալի հարաբերություններ ունեն Սաուդյան Արաբիայի, տարբեր թագավորությունների եւ էմիրությունների, ինչպես նաեւ այլ բռնատիրական ու կոռումպացված պետությունների հետ: Ադրբեջանի ռեժիմը գոյություն ունի 1993 թ.-ից ի վեր, եւ Արեւմուտքը նրա հետ իր բարեկամական ու արդյունավետ քաղաքականությունը երբեք չի հիմնել ռեժիմի բնույթի վրա: Այս տարբերակը կարող է նախատեսել նաեւ պատերազմից ամեն գնով խուսափելու գործուն քաղաքականություն, բազմաչափ երկխոսության նախաձեռնում, այդ թվում՝ անվտանգության հարցերի վերաբերյալ, եւ տնտեսական հարաբերությունների զարգացում: Նման քաղաքականության պարագայում պայման չէ ենթադրելը, որ Հայաստանը կորցրել է Ղարաբաղի ապագայի վրա որեւէ հիմնարար ձեւով ազդելու կարողությունը: Սակայն գործնականում պետք է ենթադրել, որ Ղարաբաղի համար անկախություն ձեռք բերելը ներկայում ավելի մեծ անկարելիություն է, քան 2020թ. սեպտեմբերի պատերազմից առաջ էր:

Բ. Երկրորդ տարբերակն այն է, որ հարկավոր է փորձել կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ միաժամանակ կենտրոնանալով Ադրբեջանի ախորժակի սահմանափակման վրա, որը մեծացել է 2020 թ. պատերազմում տարած հաղթանակից հետո, եւ միեւնույն ժամանակ՝ խուսափել բախումներից: Այս տարբերակը պահանջում է զգուշություն ցուցաբերել Ադրբեջանի հետ գործ ունենալիս՝ դա հիմնավորելով նրանով, որ Հայաստանի եւ Ղարաբաղի համար Ադրբեջանը դեռեւս վտանգ է ներկայացնում, ուստի Հայաստանը պետք է նրա դեմ առավելագույն պաշտպանությունն ստեղծի: Այս կարծիքի տարբերակներից մեկով Հայաստանն ու Ղարաբաղը պետք է Ադրբեջանից պահանջեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Այս տարբերակը կարող է նաեւ շեշտադրում կատարել Ադրբեջանի կողմից կատարված մարդու իրավունքների խախտումների եւ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ գործեր նախապատրաստելու, ապա այդ գործերը միջազգային եւ եվրոպական դատարաններում հետապնդելու վրա՝ դրանով տարբերակելով այն ադրբեջանցիներին, որոնք քրեական գործողություններ են կատարել, մեծամասնությունից, որը չի կատարել։ Վերջին հնարավորության դեպքում հարկավոր է հաշվի առնել երկու գործոն. (ա) նման գործերը տանուլ տալու հավանականությունը եւ (բ) Հայաստանի սեփական խոցելիությունը նույնանման մեղադրանքների առջեւ:

Գ. Երրորդ տարբերակը նախատեսում է Հայաստանը վերազինել նորագույն ու հնարավոր լավագույն զենքով, զարգացնել հույժ առաջադեմ տնտեսություն, նույնիսկ հասնել Ադրբեջանի եւ գուցե նաեւ Թուրքիայի հետ ժողովրդագրական համարժեքության ինչ-որ ձեւի, պատեհ պահի նոր պատերազմ սկսել՝ վերագրավելու համար 2020թ. պատերազմում կորցրածը ու թերեւս ավելին, եւ Ադրբեջանին ստիպել ճանաչելու Ղարաբաղի անկախությունը: Հարկավոր է նշել, որ Ղարաբաղի ղեկավարությունը չի նախատեսում կամուրջներ կառուցել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Թուրքիայի հետ, քանի որ իր ապագան կապել է Ռուսաստանի հետ:

Ռուսաստան
Ռուսաստանը միշտ նշանակալի դեր է ունեցել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, հատկապես ազգային անվտանգության ոլորտում: Այդ դերն ավելի ցայտուն է դարձել 2020 թ. սեպտեմբերի պատերազմից ի վեր: Լինելով Հայաստանի միակ պաշտոնական դաշնակիցը՝ Ռուսաստանը հանդես է եկել նաեւ որպես միջնորդ: Այսինքն, շատ առումներով չեզոք դեր է ստանձնել՝ այդպիսով հայերին ներշնչել վստահություն, հույս, նույնիսկ նվիրվածություն, սակայն նաեւ ներշնչել է կասկած ու մտահոգություն: Մասնակիցների միջեւ կա ընդհանուր համաձայնություն այն հարցում, որ Ռուսաստանն առանցքային հարեւան է եւ կշարունակի խաղալ կարեւոր, անփոխարինելի, նույնիսկ գերիշխող դեր: Սակայն կարծիքները տարբերվում են այն հարցում, թե այդ դերը որքանո՞վ պետք է սահմանի կամ սահմանափակի Հայաստանի շահերը, որքանո՞վ պետք է Հայաստանը հետեւի Ռուսաստանի քաղաքականությանը, կամ թե արդյո՞ք պետք է ավելի սերտորեն ինտեգրվի Ռուսաստանին եւ արդյո՞ք ոչ միայն որպես դաշնակից:

Այսպիսով, այստեղ տարբերակված դիրքորոշումները համապատասխանում են մասնակիցների երեք խմբերի տեսակետներին: Ըստ առաջին խմբի, որը հակված չէ ընդունելու Ռուսաստանի գերակայությունը, Հայաստանը պետք է.

Ա. Փոխի Ռուսաստանի հետ իր հարաբերությունները, քանի որ Ռուսաստանի վասալը չէ, թեեւ Ռուսաստանը վերահսկում է Հայաստանի ենթակառուցվածքների էական տարրերը:

Բ. Վերակազմակերպի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հիմնվելով վերջին պատերազմից ի վեր ծավալված նոր տրամաբանության վրա: Հայաստանը պետք է վերանայի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ հենց Ղարաբաղյան հակամարտությունն է հանգեցրել Ռուսաստանից նրա կախվածության. կախվածություն, որը լավ արդյունքի չհասավ, եւ որովհետեւ Ռուսաստանը կարող է ավելի տարբերակված քաղաքականություն վարել Հայաստանի եւ Ղարաբաղի նկատմամբ:
Երկրորդ խումբն ավելի հակված է ընդունելու Ռուսաստանի գերիշխող ներկայությունը, բայց փորձում է մեղմել այն: Այդ խմբի համար Հայաստանը պետք է.

Գ. Հավասարակշռված հարաբերություններ պահպանի Ռուսաստանի հետ, որոնք այժմ երկիմաստ են, նույնիսկ կեղծավոր:

Դ. Բազմազանեցնի իր տնտեսությունն ու ներդրումներ զարգացնի՝ ռուսական ազդեցությունը նվազեցնելու համար, քանի որ Հայաստանի տնտեսությունը ներկայումս մեծապես կախված է Ռուսաստանից:

Ե. Գիտակցի, որ խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, քանի որ Հայաստանն ունի ժողովրդավարական համակարգ, իսկ Ռուսաստանը կնախընտրեր, որ այդպես չլիներ:

Զ. Վստահ լինի, որ դուրս չի մնում քննարկումներից, երբ Ռուսաստանը եւ Թուրքիան ծրագրեր են կազմում ՀԿ-ի, ինչպես նաեւ Հայաստանի վերաբերյալ:
Վերջապես, երրորդ խումբը կա՛մ կասկածում է, որ Հայաստանը կարող է խուսափել իր ներքին եւ արտաքին քաղաքականության համար Ռուսաստանի ունեցած մեծ կարեւորությունից, կա՛մ դա համարում է դրական զարգացում: Այսպիսով, այս խմբի համար Հայաստանը պետք է.

Է. Չգերագնահատի սեփական արտաքին քաղաքականություն սահմանելու իր կարողությունը, հատկապես Ռուսաստանի հարցում, քանի որ Ռուսաստանն ունի իր սեփական քաղաքական նպատակները, եւ Հայաստանը չի կարող շարժվել արմատապես հակառակ ուղղությամբ:

Ը. Ավելի սերտ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ՝ ավելի լավ պաշտպանելու համար իր սահմանները, որոնք անկայուն են, բայց Ռուսաստանի օգնությամբ կարող են դառնալ կայուն եւ հուսալի:

Թ. Գիտակցի, որ իր անվտանգության ապահովման համար ամբողջովին կախված է Ռուսաստանից, եւ գործի համապատասխանաբար:

Ժ. Ունենա ղեկավար, որը կարող է աշխատել Պուտինի հետ:

Ի. Հիշի, որ Ռուսաստանն իր ներքին քաղաքականության վրա ազդելու լծակներ ունի, քանի որ Հայաստանի վերնախավերը սպասարկում են Ռուսաստանին:

Թուրքիա
Թուրքիան եղել է Հայաստանի արտաքին եւ անվտանգության քաղաքականությունների ամենահիմնական մարտահրավերը: 1993 թ.-ից ի վեր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Անկարան կապում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ՝ դրանով վերջ դնելով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու առաջին փորձին: Հետեւաբար, Թուրքիան փակ էր պահում իր սահմանը՝ դրանով, փաստորեն, մասնակցելով Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակմանը: 2008թ.-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն այցելեց Հայաստան, այսպես կոչված, «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում: Դրան հաջորդեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկու արձանագրությունների ստորագրումը՝ ուղղված դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու երկու երկրները բաժանող սահմանի բացմանը (Ցյուրիխ, 2009 թ.): Սակայն Թուրքիան արձանագրությունների իրականացումը պայմանավորեց Ղարաբաղյան հակամարտության լուծմամբ. մի դիրքորոշում, որն, ի վերջո, երկու երկրներին ստիպեց անվավեր դարձնել իրենց ստորագրությունները։

Թուրքիան կարեւոր դեր խաղաց 2020թ. պատերազմում Ադրբեջանի կողմից հայկական ուժերին պարտության մատնելու մեջ՝ այդպիսով բարդացնելով նրա նկատմամբ քաղաքականության ծրագրումը: Այդուամենայնիվ, Թուրքիայի նկատմամբ վարվող քաղաքականության վերաբերյալ տարբերակները լայնորեն բաց են եւ համապատասխանում են վերը քննարկված հարցերից մի քանիսի մեջ նկատվող հիմնական տարբերություններին:

Մասնակիցներից շատերն իրենց գնահատականը սկսում են Թուրքիայի եւ նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձի քննարկմամբ.
Ա. Թուրքիան, իր աշխարհառազմավարական դիրքի, ինչպես նաեւ պետականության՝ բարձր զարգացած զգացողության եւ հմուտ արտաքին քաղաքականության պատճառով, միշտ մեծ նշանակություն կունենա Արեւմուտքի համար՝ ինչ էլ որ անի կամ ասի: Թուրքիան վարժված է ԱՄՆ-ի կամ Եվրոպայի հետ հակասություններ եւ ՆԱՏՕ-ի հետ կապված խնդիրներ ունենալուն: Թուրքիան գիտի, որ իրեն այնքան հեռու չեն հրի, որ լքի այդ ճամբարը: Այդ երկրի երկար պատմությունը, որը հասնում է օսմանյան ժամանակաշրջանին, ցույց է տալիս, որ նա կարողանում է օգուտ քաղել նման հակադրություններից ու մրցակցություններից։

Բ. Էրդողանը, հավանաբար, որոշ ժամանակ կմնա իշխանության ղեկին, իսկ նրա հետնորդները շատ բան չեն փոխի Հայաստանին եւ Ադրբեջանին առնչվող հարցերում՝ Թուրքիայի քաղաքականության մեջ։

Գ. Հայաստանը եւ հայկական կողմը պետք է նկատի ունենան, որ Թուրքիան մնալու է հզոր պետություն: Ինչ էլ լինեն նրա ներկա կամ ապագա թույլ կողմերը, դրանք կարող են խոցելիություն ստեղծել մե՛ծ պետությունների նկատմամբ, այլ ոչ թե Հայաստանի:
Մասնակիցներից շատերը հանդես են գալիս քաղաքականության փոփոխության օգտին՝ հաշվի առնելով, որ հակադրությունը լավ արդյունքներ չի տվել:

Ըստ այս խմբի, Հայաստանը պետք է.

Դ. Կարգավորի հարաբերությունները Թուրքիայի հետ, հնարավորության դեպքում՝ առանց միջնորդության, նույնիսկ եթե դա նշանակի հետաձգել Ցեղասպանության ճանաչման հարցը, կամ գուցեեւ աշխատել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման ավելի մեղմ ձեւի ուղղությամբ: Հայաստանը պետք է պետության եւ ժողովրդի շահերը վեր դասի այլ նկատառումներից։

Ե. Նայի դեպի ապագան եւ ստեղծի լարվածության թուլացման մթնոլորտ. չգործի՝ ելնելով անցյալ պատերազմներից։

Զ. Խուսափի հակաթուրքական կոալիցիաներից, որոնք դատապարտված են ժամանակավոր լինելու, նույնիսկ եթե կայանան: Ուրիշները փոխզիջումների են գնում եւ ներում միմյանց: Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ ստեղծելու լրացուցիչ հակադրություններ։

Է. Քաղաքականությունը չհիմնավորի հակաթուրքական հայտարարությունների կամ նույնիսկ արեւմտյան կամ այլ տերությունների կողմից սահմանվող պատժամիջոցների վրա։

Ը. Ցեղասպանությանը վերաբերվի որպես բարոյական, պատմական հարցի, ոչ թե որպես կարգավորման նախապայմանի կամ տարածքային պահանջների հանգեցնող քաղաքական խնդրի:

Թեեւ ոմանք համարում էին, որ պետք է.
Թ. Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել միայն վերջինիս կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո։

Սակայն մեկ այլ խումբ պնդում էր, որ.
Ժ. Թուրքիային պետք է վերաբերվել որպես թշնամի երկրի։ Հայաստանը պետք է միանա բոլոր հակաթուրքական կոալիցիաներին, որոնք կարող են ձեւավորել հույները, եգիպտացիները, սաուդցիները եւ այլք։
Ի. Թուրքիան թուլանում է եւ վախենում է տարածքային կորուստներից, իսկ Հայաստանը պետք է ձգտի նպաստել այդ գործընթացին։
Լ. Հայաստանը պետք է իր դիվանագիտության մաս դարձնի Էրդողանի դեմ միավորներ վաստակելը:

Կամ՝
Խ. Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում Հայաստանը պետք է հետեւի Ռուսաստանի քաղաքականությանը։

Շարունակելի

«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները

ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)
ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)

«Առավոտ» օրաթերթ
30.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031