civilnet.am. Քիչ առաջ կառավարության գրավոր քվեարկվող հարցերի բաժնում տեղադրվեց պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրատվությամբ Հայաստանի կառավարությանը հանձնելու նախագիծը։ Ուշագրավ է, որ բաժնետոմսերի նվիրատվությունն իրականացնողը Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունն է։
Ինչպես տեղեկանում ենք կառավարության համապատասխան որոշումից, այս ընկերությունը դարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոսի բաժնետերը։ Թե ում բաժնետոմսերի ձեռքբերման եղանակով է ընկերությունը հայտնվել ԶՊՄԿ-ում, դեռևս պարզ չէ, դրան կանդրադառնանք առաջիկայում։
«Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը գրանցված է Մոսկվայում, ըստ ռուսական որոշ բաց աղբյուրների, բաժնետերը Սերգեյ Շերբակովն է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի իրական սեփականատերերի ռեեստրում այս նորահայտ ընկերության մասին ոչինչ նշված չկա։
Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ում բաժնետոմսերի 75 տոկոսը հետ էր գնվել ու պատկանում էր հենց կոմբինատին, մնացած 12,4 տոկոսի սեփականատերը մի քանի ընկերությունների միջոցով Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն էր, իսկ 12,5 տոկոսի բաժնետերեր էին Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի» պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը, կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովն ու կոմբինատի ղեկավարներից Նարեկ Ամբարյանը։ Զուրաբովը նաև դատական գործընթացների մեջ էր մյուս բաժնետերերի հետ։
Կարդացեք նաև
Կառավարությունը բացի 25 տոկոս բաժնետոմսերը որպես սեփականություն ընդունելուց, այլ մանրամասներ չի հայտնում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի կայքում ևս բաժնետոմսերի առքուավաճառքի մասին տեղեկություններ չկան։
Նվիրատվության պայմանագիրը կնքվելու է տասն օրվա ընթացքում։