Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են ԵՊՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համալսարանական ընտրված անդամները

Սեպտեմբեր 30,2021 21:33

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում օրակարգային 8 և ընթացիկ հարցերով կայացել է ԳԽ նիստը, որի ընթացքում տեղի է ունեցել նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրությունը:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանի նախագահությամբ առաջին ԳԽ նիստի մեկնարկին նա ողջունեց մասնակիցներին, նրանց հաստատմանը ներկայացրեց օրակարգը, որն ընդունվեց միաձայն:

Գիտխորհրդի նիստի օրակարգային առաջին հարցով ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը ներկայացրեց 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի նիստերի ժամանակացույցը, ըստ որի՝ նախատեսվում է անցկացնել 3 նիստ՝ 18 հարցով: Գիտխորհուրդը միաձայն հաստատեց ժամանակացույցը:

Անցնելով օրակարգային երկրորդ հարցին՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրությանը, ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ կառավարության որոշման համաձայն՝ Հոգաբարձուների խորհուրդը պետք է կազմված լինի 20 անդամներից, որոնցից 5-ը ներկայացնելու են պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները:

Հովհաննես Հովհաննիսյանը հայտնեց, որ ստորաբաժանումների կողմից նախապես առաջադրվել են 10 ներկայացուցիչներ, որոնցից երկուսն ինքնաբացարկ են հայտարարել:

Այնուհետև, անցնելով օրակարգային հաջորդ հարցին, մրցութային հանձնաժողովի նախագահ Պողոս Վարդևանյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց դոցենտի գիտական կոչումների շնորհման հայցերը՝ փաստելով, որ հանձնաժողովը ստացել և քննել է դոցենտի 4 հայցեր, որոնց բոլոր փաստաթղթերը համապատասխանում են պահանջվող չափորոշիչներին:

Դոցենտի գիտական կոչման հայցերը հաստատելու և Հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության համար հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն, և կազմվեց հաշվիչ հանձնաժողով, որի կազմում միաձայն ընտրվեցին ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը, աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը, Հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Նարեկ Մարգարյանը:

Օրակարգային հաջորդ հարցի քննարկմանը ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը: Նա նշեց, որ այս տարի 55 անվանական կրթաթոշակի համար ներկայացվել է 60 թեկնածու, որոնցից 44-ը նոր են։ Հրանտ Ժամհարյանը փաստեց, որ ներկայացված բոլոր փաստաթղթերը համապատասխանում են պահանջվող չափանիշներին։  Գիտխորհուրդը միաձայն հաստատեց 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը։

ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը նիստի օրակարգի հաջորդ հարցի շրջանակում զեկուցեց ԳԽ-ի որակի ապահովման հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու մասին՝ հայտնելով, որ ԳԽ կազմում փոփոխությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն իրականացնել նաև դրան կից գործող հանձնաժողովի կազմում: Նա Ֆարմացիայի ինստիտուտի նախկին պաշտոնակատար Աշոտ Սաղյանի փոխարեն առաջարկեց հաստատել Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանի թեկնածությունը, որն ընդունվեց միաձայն:

Նախքան օրակարգային հաջորդ հարցին անցնելը ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը հայտնեց, որ ստացվել է ինստիտուցիոնալ հավատարմագրման զեկույցը, ըստ որի՝ ԵՊՀ գործունեությունը բոլոր կետերով բավարար է գնահատվել:

Այնուհետև ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը ներկայացրեց ֆակուլտետում «Սոցիալական հետազոտությունների ինովացիոն կենտրոն» ստեղծելու վերաբերյալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին առաջարկություն ներկայացնելու hիմնավորում, որի համաձայն՝ նոր կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է լինելու կիրառական հասարակագիտական հետազոտությունների կազմակերպմանը:

Դեկանի տեղեկացմամբ, կենտրոնն իրականացնելու է գիտահետազոտական աշխատանքներ, դրանց արդյունքների առևտրայնացում, մատուցելու է խորհրդատվական, փորձագիտական ծառայություններ, ծավալելու է հրատարակչական, տպագրական գործունեություն և դրա արդյունքների իրացում, կազմակերպելու է կրթական և ուսումնական վճարովի դասընթացներ, իրականացնելու է միջազգային ուսումնական ու գիտահետազոտական ծրագրեր և այլն:

Գիտխորհուրդը միաձայն ընդունեց «Սոցիալական հետազոտությունների ինովացիոն կենտրոն» ստեղծելու վերաբերյալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին առաջարկություն ներկայացնելու մասին հարցը:

Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը զեկուցեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն ստեղծելու վերաբերյալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին առաջարկություն ներկայացնելու մասին:

Նա նշեց, որ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնը (ՌՀԿ) կոչված է իրականացնելու գիտահետազոտական և փորձագիտական գործունեություն պատմության, միջազգային հարաբերությունների տեսության, քաղաքագիտության և մշակութային-քաղաքակրթական ոլորտներում:

«ՌՀԿ-ն իր ուսումնասիրությունն իրականացնելու է մի քանի հարթություններում. արտաքին քաղաքականություն, կուսակցական համակարգ, ավանդական արժեքների պահպանում, դեմոգրաֆիա, ֆինանսատնտեսական խնդիրների համադրում»,- ասաց Գեղամ Պետրոսյանը:

Ներկայացված հիմնավորման մեջ առկա ձևակերպումների վերաբերյալ հնչած քննարկումներից հետո ԵՊՀ գիտխորհուրդը որոշեց նոր կենտրոնի ստեղծման համար առաջարկություն ներկայացնել Հոգաբարձուների խորհրդին:

Այնուհետև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը զեկուցեց օտարերկրյա ուսանողների օտարալեզու ծրագրերի վարձաչափերում փոփոխություն կատարելու մասին՝ նշելով, որ ներկայացված են վարձավճարի նոր գներ օտարերկրյա այն ուսանողների համար, որոնք ուսում կստանան ԵՊՀ-ում օտար լեզվով: Օտար լեզվող իրականացվող դասընթացների վերաբերյալ և օտարերկրյա ուսանողների ներգրավման խնդիրների շուրջ ծավալված քննարկումից հետո գիտխորհուրդը հաստատեց ներկայացված փոփոխությունը:

Օրակարգային հարցերի սպառումից հետո ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ ընթացիկ հարցերին՝ հայտնելով, որ ԵՊՀ-ում առաջիկայում նախատեսվում է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին: Ռեկտորի ժ.պ.-ն խոսեց նաև կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ՝ հայտնելով, որ այս պահի դրությամբ պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի 25-30%-ը պատվաստվել է:

Նիստի ավարտին ձևավորված հաշվիչ հանձնաժողովի անդամ Դավիթ Պետրոսյանը հրապարակեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ քվեարկությանը մասնակցել է գիտխորհրդի 74 անդամ և երաշխավորել դոցենտի շնորհման 4 հայցերը:

Բացի դրանից՝ նա հրապարակեց քվեարկության արդյունքներով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համալսարանական ընտրված անդամների անունները՝

Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարուժան Աթաբեկյանը,

Հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մխիթար Գաբրիելյանը,

Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Խաչատրյանը,

Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Փոլադյանը,

Արաբագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Քոչարյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930