Դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը եւ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավորվել է: Այս մասին, քիչ առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:
Դավիթ Տոնոյանի կալանքի միջնորդության քննությունը տեւեց մոտ երեք ժամ:
Պաշտպանության նախկին նախարարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, այդ առիթով դատարանում հայտարարություն է արել: Պաշտպանը փոխանցեց, որ այս որոշումը բողոքարկելու են վերաքննիչ դատարանում եւ ակնկալում են, որ արդարադատություն կիրականցվի:
Սերգեյ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կալանքի միջնորդության հիմքում երկու փաստ է քննիչը ներկայացրել՝ ազատության մեջ գտնվելով իր պաշտպանյալն իբրեւ կխոչընդոտի քննությանը, մյուսը՝ քննությունից թաքնվելը։ Թե որ հանգամանքն է տվյալ դեպքում հիմքում դրվել՝ պաշտպանը չկարողացավ ասել, քանի որ դատարանի որոշմանը դեռ չէր հասցրել ծանոթանալ:
Կարդացեք նաև
Պաշտպանը պնդում է, որ Դավիթ Տոնոյանին կալանավորելու հիմքեր չկան, ավելին, գործում էլ առկա են բազմաթիվ տեղեկություններ, որոնք հերքում են առաջադրված մեղադրանքը:
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դատարանում հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքի հետ ինքը կապ չունի, այն իրեն մեղսագրվում է: Նա նաեւ ասել է, որ տոկուն է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ