Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Մենք ամբաստանյալ չենք, մենք հերոս ենք․․․»․ Մեկնարկել է Ագարակում Փաշինյանի այցը խոչընդոտողների դատավարությունը. (Ֆոտոշարք, տեսանյութ)

Սեպտեմբեր 30,2021 21:03

Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ 3 նիստերի դահլիճում ամբաստանյալները ստիպված էին տեղավորվել ոչ թե իրենց համար նախատեսված տեղում, այլ դահլիճում։ 27 ամբաստանյալ, որոնցից մեկը՝ անչափահաս մեղադրվում են 2021թ.-ի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Սյունիքի Մեղրի եւ Ագարակ քաղաքներ այցի ընթացքում կատարած խուլիգանության հոդվածի հատկանիշներով։ Մասնավորապես՝ ըստ մեղադրանքի, նրանք դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով։ 27-ից 23-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով, որով նախատեսվում է պատիժ՝ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով կամ կալանք մեկ ամիս ժամկետով։

4 հոգու մեղադրանքը ավելի խիստ է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետեր։ Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից եւ զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով։ Այս պարագայում նախատեսված է պատիժ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ ամբասատանյալները խոչընդոտել էին այս տարվա ապրիլի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ագարակ եւ Մեղրի՝ վիրավորանքներ հնչեցնելով նրա հասցեին եւ պահանջելով հեռանալ Մեղրիից։

27-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Դահլիճ մտնելով, երբ դատական կարգադրիչները հայտարարեցին, որ ամբաստանյալները նստեն ձախ կողմում՝ նրանցից մեկը արձագանքեց՝ «Մենք ամբաստանյալ չենք, հերոս ենք»։

Գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի վարույթում է։ Տուժողները՝ 10 հոգի են։ Դատական նիստի սկզբում դատավորը հրապարակեց տուժողներից մի քանիսի դիմումները, ըստ որի նրանք դատարանին խնդրում են հաշվի առնել նախաքննական մարմնին տված ցուցմունքները, չկանչել դատական նիստերին կամ էլ հնարավորություն ընձեռնել ցուցմունք տալու տեսակապի միջոցով։ Նապոլեոն Օհանյանը առաջարկեց դիմումները կցել գործին եւ դրանց անդրադառնալ դատաքննության ժամանակ։ Ամբաստանյալներից մեկը դիմելով դատարանին՝ ասաց․ «Հարգելի դատարան․ Մենք ոչ տուժող ենք տեսել, ոչ վկա։ Ոչ մեկս առերես չենք հարցաքննվել։ Շինծու բան է։ Խնդրում եմ ուշադիր եղեք»։

«Իսկ ո՞վ է ասել ես անուշադիր եմ։ Ստացված դիմումները ընդամենը հրապարակեցի, սա նախապատրաստական փուլն է։ Դուք իրավունք ունեք միջնորդելու դատարան հրավիրելու կամ տեսակապով հարցաքննելու։ Ես պարզապես հրապարակեցի դիմումները»,-արձագանքեց դատավոր Նապոլեոն Օհանյանը։

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դիմել էր դատարանին՝ խնդրել հետաձգել նիստը, քանի որ ինքը վերաքննիչ դատարանում քննվող ՀՀ գլխավոր նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխության բողոքի քննությանը պիտի մասնակցի։ Դատարանը պաշտպանից հեռախոսազանգով ճշտել էր եւ ստացել նրա համաձայնությունը՝ առանց Ալեքսանյանի ճշտել ամբաստանյալների ինքնությունը։ Կողմերը չառարկեցին։

Ամբաստանյալ Գեւորգ Խաչատրյանին դատարանը թույլատրեց հոկտեմբերի 11-ից 23-ը բացակայել Հայաստանից, քանի որ գործնական հանդիպման է Մոսկվայում։ Խաչատրյանը ներկայացրել էր անհրաժեշտ փաստաթղթերը։ Դատարանին միջնորդություն էր ներկայացրել նաեւ ամբաստանյալ Լեւոն Հակոբյանը՝ խնդրելով թույլատրել մեկնելու Ռուսաստան, ընտանիքի անդամներին տեսակցելու նպատակով։ Դատարանը մերժեց այս միջնորդությունը, քանի որ Լեւոն Հակոբյանը անհրաժեշտ փաստաթղթերը չէր ներկայացրել դատարան։

Դատավոր Նապոլեոն Օհանյանը հաջորդ դատական նիստը նշանակեց նոյեմբերի 2-ին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930