Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ստացվում է, որ երկու դատավորի մեջ դնում ենք անհավասարություն, մի դատավորը կարող է բիզնես ունենալ, մյուսը ՝չէ». ԲԴԽ-ում քննվեց դատավոր Խանդանյանի հարցը

Սեպտեմբեր 30,2021 20:00

Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը քննեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցը:

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացություն էր ներկայացրել, ըստ որի, Գագիկ Խանդանյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները: Այսինքն, դատավորը իր պաշտոնի հետ անհամատեղելի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել:

Մասնավորապես, ինչպես դատարանում ներկայացվեց, 2020-ի մայիսի 4-ին Արամ Բաբայանը, Մխիթար Սարգսյանը կնքել են «Մուշ» ՍՊԸ-ի իրենց բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով որպես գնորդ հանդիսացել է Գագիկ Խանդանյանը։

ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին հարցրեց՝ պնդո՞ւմ է, որ դատավոր Խանդանյանը պաշտոնի հետ անհամատեղելի ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել, որովհետեւ ձեռնարկատիրական գործունեություն է համարվում, երբ անձը հանդես է գալիս որպես մասնակից՝ որեւէ առեւտրային կազմակերպությունում. «Հիմա տվյալ դեպքում կազմակերպական իրավական ձեւը ՍՊԸ-ն է: ՍՊԸ-ի օրենքը որ նայում ենք, 11-րդ հոդվածն ասում է՝ անձը համարվում է ընկերության մասնակից իրավաբանական անձանց պետական գրանցումն ապահովող մարմնի կողմից գրանցումը հաստատելու պահից: Այսինքն, քանի դեռ ինքը գրանցված չէ, չի կարող համարվել մասնակից: Հիմա ինքը գրանցվել է ամսի 11-ին՝ որպես մասնակից, իսկ մեր «Քաղաքացիական օրենսգիրքը» սահմանում է քաղաքացիական իրավահարաբերությունների համար ժամկետի սկիզբը՝ իրադարձության վրա հասնելու հաջորդ օրը: Ինքը կարող է մասնակից լինել, հաջորդ օրը հավատարմագրային կառավարման տալ»:

Հարությունյանն էլ հղում արեց «Հանրային ծառայության մասին» օրենքին, որն արգելվում է բիզնես գործունեությամբ զբաղվել, իսկ Խանդանյանը գործարք է արել այդ ընթացքում:

ԲԴԽ անդամները տարաբնույթ հարցեր ուղղեցին՝ ո՞ր պարագայում Խանդանյանի արարքը չէին համարի խախտում, եթե ձեռք բերեր ընկերության 1/10 մասը, էլի՞ խախտում կլիներ, կամ եթե բաժնետոմսեր են վաճառվում, դատավորն իրավունք չունի՞ գնել: Հարությունյանը պատասխանեց, որ ի պաշտոնե դա սահմանափակվում է:

Ստեփան Միքայելյանն ասաց. «Փաստորեն այսպիսի իրավիճակ է ստեղծվում. Մենք ունենք բիզնեսմեն, որը հետո դառնում է դատավոր, դատավոր դառնալուց հետո իրեն 1 ամիս ժամանակ ենք տալիս, որ այդ խնդիրները լուծի: Եվ ունենում ենք մի հատ դատավոր, որն ի սզբանե, ըստ ձեզ, չի կարող բաժնեմաս ունենալ, քանի որ դատավոր լինելուց հետո է եղել: Հիմա ըստ ձեզ մենք չենք տեսնում նույն կարգավիճակն ունեցող սուբյեկտների նկատմամբ իրավասուբյեկտության տարբերություն: Ստացվում է, որ երկու դատավորի մեջ դնում ենք անհավասարություն, մի դատավորը կարող է բիզնես ունենալ, մյուսը ՝չէ»:

Հայկուհի Հարությունյանը պատասխանեց, որ ոչ, բայց եթե պետական քաղաքականությունը կփոխվի, այդ մասով խստացումներն անխուսափելի են լինելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930